Եթե Սարգսյանը Քոչարյանին նշանակի վարչապետ, ապա պետք է հավաքի իրերը և դուրս գա Բաղրամյան 26-ից

Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ:

– Պարոն Քոչարյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից հետո տպավորություն է ստեղծվում, որ նա ցանկանում է զբաղեցնել 2013թ. նախագահական ընտրություներից հետո թափուր մնացած ընդդիմության առաջնորդի տեղը: Դուք տեսնո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին ընդդիմության առաջնորդի դերում:

– Ռոբերտ Քոչարյանը շատ ցանկություններ կարող է ունենալ՝ վերցնել ընդդիմադիր դաշտը, վերցնել իշխանությունը, բայց Ռոբերտ Քոչարյանի այդ ձգտումները մնալու են ցանկությունների դաշտում, որովհետև նա ո՛չ այժմ, և ո՛չ էլ երբևէ չի ունեցել հանրային լուրջ աջակցություն: Ռոբերտ Քոչարյանն այնքան խոցելի է, որ նույնիսկ նրան հավատարիմ ուժերը խուսափում են ասել, որ իրենք ղեկավարվում են Ռոբերտ Քոչարյանի կողմից: Խուսափում են, քանի որ մտավախություն ունեն, որ դա բացասաբար կանդրադառնա իրենց հասարակական ընկալման վրա: Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանը փորձելու է ցույց տալ, որ ինքը ներքաղաքական դաշտում հիմնական խաղացողներից մեկն է, բայց, նորից եմ կրկնում, նրա անձն այնքան խոցելի է, նա այնպիսի քաղաքական ժառանգություն է թողել, որ նրա փորձերը դատապարտված կլինեն ձախողման:

– Ռոբերտ Քոչարյանի և հունվարի 18-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հնչած գնահատականների համընկնումն ակնհայտ է: Հնարավոր չէ՞, որ ինչ-որ պահի նույն խնդիրների նկատմամբ նույն դիրքորոշումն ունեցող անձը ղեկավարի համախոհ ուժերին, մանավանդ որ, այդ կուսակցությունները չունեն ընդգծված առաջնորդ:

– Հրապարակային գործիչ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ Արցախում և ո՛չ էլ Հայաստանում երբեք չի եղել: Ռոբերտ Քոչարյանը հմուտ է եղել ստվերային խաղերում և` ոչ ավելին, այնպես որ, նա չի կարող ընդդիմադիր շարժման առաջնորդ լինել: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտում գործող կուսակցություններին, ապա նրանցից յուրաքանչյուրը փորձում է առավելագույնն օգտագործել մյուսի ռեսուրսները: Այս պահի դրությամբ` բոլորի շահերը համընկել են, և բոլորը ցանկանում են Ազատության հրապարակում ցույց տալ գործընթաց: Բայց այս ամենը ոչ մի կապ չունի իրական ընդդիմադիր գործընթացի հետ: 2011թ. քաղաքագիտական վերլուծությունից հետո Հայաստանում ձևավորված ընդդիմությունն այնքան թուլացավ, որ այսօր հասարակությունը չի տեսնում այն ընդդիմադիր ուժին, որը իրենց ազնվորեն կառաջադրի քաղաքական փոփոխությունների բերող օրակարգ:

– Դուք ասում եք, որ հասարակությունը չի տեսնում իրական ընդդիմադիր ուժի, բայց հունվարի 20-ին Ազատության հրապարակում հավաքվածներն այդտեղ էին` իրական քաղաքական փոփոխությունների պահանջով:

– Այո, հասարակությունը մասնակցում է այդ հանրահավաքներին, որպեսզի տեսնի, թե ինչ են առաջարկում իրեն` այս վիճակը հաղթահարելու համար: Բայց հանրահավաքի գնալ` դեռ չի նշանակում` համոզված լինել, որ հարթակում գտնվող ուժերն ի զորու են լուծել այդ խնդիրները:

– Հանրահավաքի մասնակիցները պահանջում են և վանկարկում են նախագահի հրաժարականը: Կարո՞ղ է նախագահի հրաժարականի պահանջը միավորել հարթակի կուսակցություններին:

– Հայաստանի քաղաքական օրակարգը չի կարող լինել Սերժ Սարգսյանի կամ Տիգրան Սարգսյանի պաշտոնազրկումը: Օրակարգը համակարգային փոփոխությունների իրականացումն է, որի արդյունքում, բնականաբար, կլինի նաև իշխանափոխություն: Որպեսզի այդ ամենը տեղի ունենա սահմանադրական ճանապարհով, Հայաստանին պետք է ընդդիմություն, որը կառաջարկի ոչ թե անձերի փոփոխություն, այլ կառաջարկի քաղաքական ճգնաժամի լուծման ճանապարհներ:

– Դուք ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանն այնքան է հեղինակազրկված, որ քաղաքական ուժերը խուսափում են նրա հետ համագործակցելու մասին հայտարարելուց: 2006-2007թթ. երբ խոսք էր գնում Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին, քաղաքական ուժերից շատերը, այդ թվում` ՀԺԿ-ն, «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը և էլի շատերը կտրականապես բացառում էին որևէ համագործակցություն նրա հետ, բայց հետո հայտնվեցին նրա թեկնածությունը պաշտպանող ուժերի ճամբարում: Մի՞թե նույնը չի կարող լինել Ռոբերտ Քոչարյանի պարագայում:

– Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հավասարման նշան դնելն ամենևին տեղին չէ: 2007թ. Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց կոնսոլիդացնել քաղաքական դաշտը և հասարակության մի զգալի շերտի: Դա տեղի ունեցավ, որովհետև Տեր-Պետրոսյանն ընդունեց իր իշխանության օրոք տեղի ունեցած սխալների պատասխանատվությունը և առաջարկեց գործարք հասարակությանը: Նա առաջարկեց մի քանի բանաձևեր. ես եմ բերել, ես էլ կհեռացնեմ, օգտագործեք ինձ` երկրում փոփոխությունների հասնելու համար: Լևոն Տեր-Պետրոսյանը հասարակությանն առաջարկեց պայմանագրային հարաբերություններ, և հասարակության մի լայն զանգված ընդունեց դա:

Բացի այդ, Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին Մարտի 1-ի սպանդ չի եղել: 1996թ. եղել են հետընտրական բախումներ, բայց կիրառված ուժն այնպիսին չի եղել, որ դրա հետևանքով մարդկային կորուստներ լինեին: Եվ վերջապես, Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին չի եղել գործողություն, որը ճակատագրական կլիներ պետության համար, ինչպիսին էր 1999թ. հոկտոմբերի 27-ը: Եվ նորից եմ կրկնում եթե Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց ստանալ հասարակության մի զգալի հատվածի աջակցությունը, ապա Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես զրկված է այդ աջակցությունից:

– Ինչո՞ւ չեք կարծում, որ Ռոբերտ Քոչարյանին հանրային աջակցություն պետք էլ չէ: Նա փորձելու է իշխանության գալ վարչական, զինվորական, տնտեսական էլիտայի աջակցության միջոցով, նրանց ցույց տալով, որ իր պաշտանավարման տարիներին իրենք ավելի լավ վիճակում էին, քան այժմ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը կարող է գնալ հերթական պալատական հեղաշրջումն իրականացնելու ճանապարհով: Դուք չե՞ք կարծում, որ էլիտան կարող է աջակցել նրան, իսկ փողոց դուրս եկած մի քանի հազար մարդն այդ հեղաշրջմանը լեգիտիմություն կհաղորդեն:

– Այո, Ռոբերտ Քոչարյանն իշխանության կարող է վերադառնալ միայն պալատական հեղաշրջման միջոցով, քանի որ նա երբեք իշխանություն չի ստացել ընտրությունների ճանապարհով: Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ մասնակցել է ընտրությունների, երկու անգամ էլ եղել է երկրորդ փուլ, և բոլոր քվեարկությունների ժամանակ նա պարտվել է: Բայց նա կարողացել է գալ և պահել իշխանությունը, որովհետև նա գիտի դա անելու միջոցները և ճանապարհը: Հիմա նա փորձում է կրկին գնալ այդ ճանապարհով և հեռակա երկխոսության մեջ է մտել Սերժ Սարգսյանի հետ՝ օգտագործելով վարչապետ Տիգրան Սարգսյանի թեման:

Իսկ ինչո՞ւ Տիգրան Սարգսյանի, քանի որ Տիգրան Սարգսյանն ամենախոցելի ֆիգուրն է. նրա վարչապետության տարիներին այնպիսի բացահայտումներ տեղի ունեցան նրա անձի շուրջ, այնպիսի սխալներ թույլ տրվեցին, որոնք թուլացրեցին թե՛ իրեն անհատապես, և թե՛ ՀՀ կառավարությունը: Նա ցանկանում է ցույց տալ, որ ինքը վարչապետի ավելի ընդունելի և լավ թեկնածու է, քան Տիգրան Սարգսյանը:

– Հնարավո՞ր է, որ տեղի ունենա 1998թ. նման մի բան, և հայտնի ուժերի պահանջով Սերժ Սարգսյանը ստիպված լինի Ռոբերտ Քոչարյանին նշանակել վարչապետ:

– Իհարկե, Ռոբերտ Քոչարյանն իրեն հայտնի մեթոդներով փորձելու է հասնել իշխանության զավթմանը, իսկ դա կարող է տեղի ունենալ, եթե իշխանությունները դա ցանկանան: Իշխանական բուրգ վերադառնալու համար պետք է որ Սերժ Սարգսյանը նրան վստահի վարչապետի պաշտոնում, նրան պետք է Սերժ Սարգսյանի ստորագրությունը: Բայց ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը կամավոր իշխանությունը հանձնի Ռոբերտ Քոչարյանին, դրա համար նա ոչ մի պատճառ կարծես թե չունի: Կան նաև այդ հայտնի ուժերը, բայց հայտնի չէ, թե ինչու նրանք պետք է Սերժ Սարգսյանից պահանջեն, որ նա Ռոբերտ Քոչարյանին նշանակի վարչապետ: Բացի այդ, բոլորի համար պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանը Քոչարյանին նշանակի վարչապետ, ապա պետք է հավաքի իր իրերը Բաղրամյան 26-ից և դուրս գա այնտեղից: Եթե Սերժ Սարգսյանը նման ցանկություն ունի, ապա գուցե և Ռոբերտ Քոչարյանը կհասնի հաջողության:

Տեսանյութեր

Լրահոս