ՖՆ վերահսկողական ծառայությունը մի քանի հարյուր միլիոն դրամի խախտումներ է հայտնաբերել
ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունն անցած տարի ստուգումներ է կատարել արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններում, դրանց ենթակա որոշ կազմակերպություններում, ՊԵԿ-ի Վանաձորի և Նոր Նորքի հարկային տեսչություններում, Արարատյան տարածաշրջանային մաքսատանը, Լոռու և Գեղարքունիքի մարզերում (մարզպետարաններում, քաղաքային համայնքներում, բժշկական կենտրոններում): Տեսչության պետ Սոնա Ղարիբյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նախարարությունների և ենթակա կազմակերպությունների գծով ստուգումների արդյունքում արձանագրվել են շուրջ 444 մլն դրամի խախտումներ, թերություններ, ոչ նպատակային կամ անարդյունավետ ծախսեր:
ՊԵԿ-ի հարկային տեսչություններում ուսումնասիրվել են հարկ վճարողների գործեր (առանց հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնելու) և արձանագրվել են «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների պահանջների չապահովման, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի սահմանված պատժամիջոցների ոչ ճիշտ կիրառման խախտումներ, որոնք հիմնականում հետևանք են` հարկային մարմինների լիազորությունների ոճ պատշաճ մակարդակով իրականացման: Հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ուսումնասիրությունների արդյունքներով ձևավորվել է 600 մլն դրամից ավել լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր:
Մարզպետարաններում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 94.2 մլն դրամ գումարով այսպիսի փաստեր:
«2013թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 6 գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնցից, ըստ ստացված հաղորդագրությունների, արդեն իսկ 5-ի գծով հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ»,- ասաց Ս.Ղարիբյանը:
Նախորդ տարի իրականացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից շինարարության համար միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգումներ, մասնավորապես Արարատի, Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Ս.Ղարիբյանի խոսքով՝ արձանագրվել են նախագծանախահաշվային փաստաթղթերում աշխատանքների ծավալների, նյութերի գների, աշխատավարձի և մեքենա-մեխանիզմների միավոր արժեքների տվյալների ոչ ճիշտ կիրառման միջոցով նախահաշիվների ուռճացման և արդյունքում սահմանված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքից ավել գներով պայմնագրերի կնքման, կատարողական ակտերով ավել գումարների վճարման, փաստացի չկատարված (սակայն դրանց դիմաց վճարված) աշխատանքների փաստեր, գործող մի շարք իրավական ակտերով սահմանված պահանջների ընդհանուր ավելի քան 140 մլն դրամի խախտումներ:
Տեսչության պետը նշեց, որ Արարատի մարզպետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, հարուցվել է քրեական գործ:
Իրականացնել են ՀՀ կառավարության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի կատարման ընթացքի ուսումնասիրություններ (ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում): Այսպիսով, 4 մարզերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված փաստերի հիմքով այս պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 200 մլն դրամ գումար (այդ թվում` ՀՀ Արարատի մարզի գծով 101 մլն դրամ, Գեղարքունիքի գծով` 70 մլն դրամ):
Ս.Ղարիբյանը նշեց, որ ստուգումների արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են պատասխանատու պաշտոնատար անձինք, որոնց վերաբերյալ քրեական գործերն անջատվել և մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան: