Այսօր Վիքիպեդիայի ծննդյան օրն է. Հայերեն Վիքիպեդիան ունի ավելի քան 107 հազար հոդված
Հունվարի 15-ը «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ծննդյան օրն է: Այն համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է: Ընդամենը վերջերս հոդվածների թվով հայերեն «Վիքիպեդիան» առաջ անցավ ադրբեջաներեն և վրացերեն «Վիքիպեդիա»-ներից: Այսպիսով մեկ տարվա ընթացքում ազատ հանրագիտարանում հայերեն հոդվածների քանակը եռապատկվեց՝ մոտ 30 հազարից հասնելով ավելի քան 90 հազարի: Նման քանակությամբ հոդվածների ավելացումը հնարավոր դարձավ կիսաավտոմատացված եղանակով. Վիքի-խմբագիրներն օգտագործում են հոդվածների ավելացման համար բոտեր:
(Բոտը «ռոբոտ» բառի հակիրճ ձևն է` ավտոմատացված ծրագիր-գործընթաց է, որն ասես հանդես է գալիս՝ որպես կենդանի մասնակից-խմբագրող: Դրանք «Վիքի»-ներում օգտագործվում են հիմնականում մանրակրկիտ կրկնվող խմբագրումներ կատարելու համար: Բոտերն արագացնում, հեշտացնում և մինիմալի են հասցնում ձեռքի աշխատանքը.- Լ.Մ.):
Այս եղանակով հոդվածների ավելացումը հարմար է հատկապես բնակավայրերի մասին հոդվածներ ավելացնելիս: «Վիքիպեդիայում» ակտիվությանը նպաստել է նոր «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամի ստեղծումը, Վիքի վորքշոփերի անցկացումը, Վիքի կոնֆերանսների անցկացումը, ու նաև «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» մրցույթն ու դրա մասին ազդարարող միջոցառում-ֆլեշմոբը:
Այս պահի դրությամբ Հայերեն «Վիքիպեդիան» ունի 107 512 հոդված:
Տեղեկացնենք, 2001 թվականի հունվարի 15-ին Ջիմի Ուելսը և Լարի Սանգերը ստեղծեցին «Վիքիպեդիա» հանրագիտարանը։ Մինչ այդ նրանք ստեղծել էին մեկ այլ հանրագիտարան՝ «Նուպեդիան», որը, սակայն, այդպես էլ հաջողության չհասավ։ «Նուպեդիան» փակ հանրագիտարան էր որի բովանդակությունը վերահսկում էր գիտնականներից կազմված հանձնաժողովը։ Ի տարբերություն իր նախորդի, «Վիքիպեդիան» պատկանում է հանրությանը, «Վիքիպեդիան» զարգացնում ու վերահսկում են նրա ընթերցողները։ Բացի այդ, այստեղ բոլոր հոդվածները գտնվում են ազատ արտոնագրի ներքո, այնպես որ, ոչ ոք չի կարող ասել, թե դրանք իրեն են պատկանում։