Շուտով Հայաստանում կստեղծվի Վիքիմեդիա

Աշխարհի 50 երկրներ ունեն Վիքիմեդիա, շուտով կստեղծվի նաև «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը, որը նպատակն է՝ զարգացնել Վիքի նախագծերը Հայաստանում: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վիքիմեդիա Հայաստան» զարգացման կոորդինատոր Սուսաննա Մկրտչյանը: Նրա խոսքով՝ Վիքիմեդիա նախագծերից ամենատարածված նախագիծը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանն է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, սակայն Վիքիմեդիան ներառում է ավելի քան 10 նախագծեր, որոնց թիվն անընդհատ ավելանում է:

«Հայաստանում Վիքիմեդիայի ստեղծումը մեզ հնարավորություն կտա ավելի կազմակերպված աշխատել ինչպես Վիքիպեդիա հանրագիտարանում հոդվածների ավելացման, այնպես էլ նաև այլ նախագծերը Հայաստանում կյանքի կոչելու համար»,- ասաց Ս. Մկրտչյանը: Նրա տեղեկացմամբ, արդեն իսկ մշակվել է կազմակերպության կանոնադրությունը, սակայն մնում է այն համաձայնեցնել համաշխարհային Վիքիմեդիա կազմակերպության հետ:

Նշենք, որ «Վիքիմեդա Հայաստանը» հնարավորություն կտա՝ ինչպես հայերեն Վիքի նախագծերի մոնիտորինգ և առաջարկությունների փաթեթի մշակում, այնպես էլ հայկական կոնտենտի զարգացման ուղղությամբ պլանի մշակում իրականացնել, Վիքի համագումարներ կազմակերպել, պարզեցնել հոդվածների ստեղծումը և խմբագրումը, բարձրացնել հոդվածների որակը և պլանավորել Վիքի համայնքի ակտիվ գործունեությունը:

«Մենք ցանկանում ենք ավելի ընդլայնել մեր աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև ուսումնական հաստատություններ՝ բուհեր և դպրոցներ: Արդեն իսկ սկսել ենք համագործակցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, շուտով նաև կսկսվի համագործակցություն ԵՊՀ ուսանողների հետ, որոնց հետ հանդիպելու ենք մոտ օրերս»,- ասաց «Վիքիմեդիա Հայաստանի» զարգացման կոորդինատոր Սուսաննա Մկրտչյանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ այս օրերին՝ սեպտեմբերի 8-9-ը, Երևանում անցկացվում է «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Սա Վիքիպեդիայի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում: Մանրամասները՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս