Բաժիններ՝

Հայերեն «Վիքիպեդիան» հոդվածների թվով առաջ է անցել ադրբեջաներեն և վրացերեն «Վիքիպեդիաներից»

Մեկ տարվա մեջ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում եռապատկվել է հոդվածների քանակը՝ մոտ 30 հազարից հասնելով ավելի քան 90 հազարի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  հայերեն «Վիքիպեդիայի» խմբագիրներից Հայկազ Ավետիսյանը` նշելով, որ իրենք առաջիկայում պատրաստվում են կոչ անել բոլորին, որպեսզի աջակցեն՝  հոդվածների քանակը միասին հասցնել մինչև 100 հազարի:

«Այսպիսով, արդեն իսկ 3 օր է՝ մենք առաջ ենք անցել մեր հարևաններից` Ադրբեջանից և Վրաստանից, «Վիքիպեդիայում» եղած  հոդվածների քանակով»,- ասաց Հ. Ավետիսյանը` նշելով, որ ադրբեջաներեն հոդվածների քանակÝ ազատ հանրագիտարանում մոտ 77.000 է, իսկ վրացերեն հոդվածներինը` մոտ 80.000:

Հ. Ավետիսյանը նշեց նաև, որ նման քանակի հոդվածների ավելացման ուղղությամբ նախնական աշխատանքներ են կատարվել, իսկ հոդվածներն ավելացվում են կիսաավտոմատացված եղանակով: Վիքի-խմբագիրներն օգտագործում են հոդվածների ավելացման համար բոտեր:

(Բոտը «ռոբոտ» բառի հակիրճ ձևն է` ավտոմատացված ծրագիր-գործընթաց է, որն, ասես, հանդես է գալիս՝ որպես կենդանի մասնակից-խմբագրող: Դրանք «Վիքի»-ներում օգտագործվում են հիմնականում մանրակրկիտ կրկնվող խմբագրումներ կատարելու համար: Բոտերն արագացնում, հեշտացնում և մինիմալի են հասցնում ձեռքի աշխատանքը.- Լ.Մ.):

Կարդացեք նաև

«Այս եղանակով հոդվածների ավելացումը հարմար է հատկապես բնակավայրերի մասին հոդվածներ ավելացնելիս»,- ասաց Հ. Ավետիսյանը` նշելով, որ հանրագիտարանում վերջին շրջանում հենց նմանատիպ հոդվածներն են ավելացել, մասնավորապես՝ Ռուսաստանի տարբեր տարածքների վերաբերյալ հոդվածները:

Հարցին, թե որքանո՞վ են նմանատիպ հոդվածները պահանջված, մեր զրուցակիցը պատասխանեց.  «Իհարկե, հասկանալի է, որ դրանք մեծ պահանջարկ չեն վայելում, սակայն դրանք, ուշ թե շուտ, ավելանալու են հանրագիտարանում»:

Նա նշեց նաև, որ «Վիքիպեդիայում» ակտիվությանը նպաստել է նոր «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամի ստեղծումը, Վիքի վորքշոփերի անցկացում, Վիքի կոնֆերանսների անցկացումը, ու նաև «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» մրցույթն ու դրա մասին ազդարարող միջոցառում-ֆլեշմոբը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս