Ֆլեշմոբ. «Վիքին սիրում է հուշարձաններ» (տեսանյութ)
Հայաստանը մասնակցում է աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթին: Այս մրցույթն արդեն երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես երկրագնդի ամենախոշոր լուսանկարչական մրցույթ։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են իրենց բնակավայրի կամ շրջանի պատմական, ճարտարապետական հուշարձանները և բեռնում Վիքիպահեստում։ Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350.000-ը, իսկ այս տարի սպասվում է, որ այդ թիվը էլ ավելի մեծ կլինի։
Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը, մրցույթի հայաստանյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հ/կ-ն: «Վիքիմեդիա Հայաստան»-ի խորհրդի անդամ, Հայերեն Wikipedia-ի խմբագիր-ադմինիստրատոր Վաչագան Ղռաթյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, և ներկայացնել ինչպես սեպտեմբերի ընթացքում արված լուսանկարները, այնպես էլ՝ նախկինում արված լուսանկարները (մանրամասները` այստեղ.)
Այսօր` սեպտեմբերի 7-ին, Ազատության հրապարակում մրցույթի կազմակերպիչները ֆլեշմոբ էին անցկացնում, որի ընթացքում բոլոր մասնակիցները վերցնում էին իրենց լուսանկարչական սարքերն ու լուսանկարում այնտեղի հուշարձանները (Թումանյանի, Սպենդիարյանի արձանները, Օպերայի շենքը)։ Միջոցառման միջոցով «վիքիպեդացիները» փորձում են հանրության ուշադրություն գրավել «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի նկատմամբ:
«Այս ամենի նպատակն է լուսանկարել Երևանի ավելի քան հազար հուշարձաններից հնարավորինս շատ հուշարձաններ, քանի որ դրանցից շատ քչերն են տեղադրված Վիքիպահեստում»,- ասաց Վ. Ղռաթյանը` նշելով, որ իրենք պատրաստ են բոլոր ցանկացողներին օգնել իրենց լուսանկարները տեղադրել Վիքիպահեստում։
Տեղեկացնենք, «Վիքին սիրում է հուշարձաններ» (Wiki Loves Monuments) լուսանկարչական միջազգային մրցույթն անց է կացվում վիքի-խմբագիրների կողմից ամեն տարի սեպտեմբեր ամսին։
Առաջին անգամ մրցույթը կազմակերպվել է Նիդերլանդներում՝ 2010 թվականին։ 2011թ. մրցույթին մասնակցել է 18 եվրոպական երկիր, Վիքիպահեստ է բեռնվել շուրջ 170.000 պատկեր։
2012 թվականին Վիքին սիրում է հուշարձաններ մրցույթն ընդգրկել է 35 երկիր ողջ աշխարհում, մոտ 15000 մասնակից բեռնել է 350.000 լուսանկար։