Բաժիններ՝

ԲՀԿ-ն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չեն միացել հանրահավաքի կազմակերպիչներին, այլ մասնակցելու են դրան

Հունվարի 18-ին «Ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո երթ են կազմակերպելու՝ Հյուսիսային պողոտայով՝ Ամիրյան, Մաշտոցի պողոտայով՝ հետ Ազատության հրապարակ երթուղով: Մի պահ թվաց, թե խորհրդարանում ներկայացված չորս ոչ իշխանական խմբակցությունները որոշել են միանալ այս հանրահավաքին: Բայց հիմա պարզվում է, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն ոչ թե միացել են հանրահավաքի կազմակերպիչներին, այլ որոշել են մասնակցել նրանց կազմակերպած հանրահավաքին:

Միանալու և մասնակցելու միջև հսկայական տարբերություն կա: Եթե այս քաղաքական ուժերը միանում են հանրահավաքի կազմակերպիչներին, իրենք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում հանրահավաքի կազմակերպման գործում, հանրահավաքը դառնում է նաև իրենցը: Իսկ եթե հանրահավաքը նաև իրենցն է, ապա պետք է այնպես անեն, որ հանրահավաքին հնարավորինս շատ մարդ մասնակցի, որը ցույց կտա այս կուսակցությունների՝ հասարակության մեջ ունեցած ազդեցության չափը: Եթե նրանք միանում են հանրահավաքին, ապա պետք է զբաղվեն հանրահավաքի քարոզչությամբ, իրենց ենթակա մամուլի միջոցներով, այդ թվում՝ հեռուստաընկերություններով, պետք է հասարակությանը կոչ անեն մասնակցել հանրահավաքին: Բայց ոչ իշխանական կուսակցությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները դավադրաբար լռում են:

Հանրահավաքին մասնակցել պատրաստվող պատգամավորներից մեկն ասում է, որ իրենք հանրահավաք չեն կազմակերպում, կազմակերպիչները «ջահելներն» են, ովքեր իրենց հրավիրել են մասնակցելու հանրահավաքին, իրենք էլ ընդունել են նրանց հրավերը: Եվ եթե հանրահավաքի մասնակիցները փոքրաթիվ լինեն, Ազատության հրապարակը կիսադատարկ լինի, դրա համար պետք չէ մեղադրել հանրահավաքին մասնակցող քաղաքական գործիչների ներկայացրած կուսակցություններին, թե՝  տեսեք, ինչ փոքր ազդեցություն ունեն այս կուսակցությունները երկրում, որ չեն կարողանում նույնիսկ հրապարակ լցնել:

Հայաստանում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Եթե ԱԺ-ում ներկայացված կուսակցություններն իսկապես համարում են, որ «Պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը հակասահմանադրական է, որ այդ օրենքի գործադրումը հակասում է հանրության շահերին, ապա տրամաբանական կլիներ, որ այդ կուսակցություններն իրենք կազմակերպեին բողոքի տարբեր ակցիաներ, իսկ հասարակությունը, այդ օրենքի գործողությունից դժգոհ քաղաքացիները, այդ թվում՝ նաև «ջահելները», միանային և մասնակցեին բողոքի այդ գործողություններին: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակ իրավիճակ է. քաղաքացիներն իրենք են ինքնակազմակերպվում, հրավիրում հանրահավաքներ, կազմակերպում երթեր և ցույցեր, իսկ քաղաքական կուսակցությունը նրանց հրավերքով մասնակցում է այդ մասսայական միջոցառումներին: Հասարակությունը ստիպված է ինքնակազմակերպվել, քանի որ տեսնում է, որ իրենց քաղաքական կուսակցություն համարող խմբավորումները դադարել են կատարել իրենց վերապահված ֆունկցիան. արտահայտել հասարակության շահերը, բարձրաձայնել հասարակությանը հուզող խնդիրների մասին և կազմակերպչական տեսք տալ հասարակության դժգոհությանը:

Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ քաղաքական կյանքում կուսակցությունների և անհատ քաղաքացիների դերակատարումը փոխվել է. քաղաքացիները դարձել են հասարակական-քաղաքական պրոցեսների շարժիչ ուժը, իսկ քաղաքական կուսակցությունները՝ դրանց մասնակիցները: Պատճառը, թերևս,  այն է, որ քաղաքական կուսակցությունները կամ իրենց այդպիսին համարող կազմակերպությունները կորցրել են իրենց անկախությունը և փաստացի զրկված են  անկախ գործելու հնարավորությունից:

ԲՀԿ-ն մեծ չափով կախված է իշխանությունից, քանի որ ԲՀԿ-ականների մեծ մասը գործարարներ են, իսկ նրանց հաջողությունը կամ անհաջողությունը բիզնեսում կախված է նրանց նկատմամբ պետական տարբեր մարմինների դրսևորած վերաբերմունքից: ԲՀԿ-ն չի կարող հակակառավարական հանրահավաք կազմակերպել, քանի որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներն ուղղակի չեն մասնակցի այդ հանրահավաքին: Նրանք չեն մասնակցի նաև քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած հանրահավաքին, քանի որ դա կարող է խոչընդոտներ ստեղծել նրանց տնտեսական գործունեության համար:

ՀԱԿ-ը չի կարող նման հանրահավաքի կազմակերպիչ լինել, քանի որ կախված է ԲՀԿ-ից և ԲՀԿ-ի գործարար պատգամավորների ֆինանսական հատկացումներից: ՀՅԴ խմբակցությունը, ինչպես ԲՀԿ-ինը, վերածվում է գործարարների խմբակցության, որի անդամների համար առաջնայինն իրենց տնտեսական շահերն են և ոչ թե՝ հասարակությանը մտահոգող խնդիրները:

Այնպես որ, պետք է ողջունել այն պատգամավորների քաղաքացիական խիզախությունը, որոնք այս պայմաններում կարձագանքեն շարքային քաղաքացիների կոչին և կմասնակցեն հունվարի 18-ին հրավիրված հանրահավաքին: Նրանց նկատմամբ լուրջ պատժամիջոցներ չեն կիրառվի միայն այն պատճառաբանությամբ, որ նրանք իրենց այդ քայլով փորձելու են փրկել իրենց կուսակցություների դեմքը, որոնք գործում են «և-և»-ի սկզբունքով. միաժամանակ և՛ իշխանամետ են, և՛ ընդդիմադիր կամ այլընտրանքային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս