Երբեմն մահը հիմարներից պաշտպանվելու միջոց է

«Ինչո՞ւ սպանեցին Արամ Ղարաբեկյանին» կամ «Արվեստագետների սպանությունները» վերտառությամբ արձագանքները կյանքից անժամանակ հեռացած ռեժիսոր Արմեն Մազմանյանի, գրող Լևոն Խեչոյանի, փայլուն երաժիշտ Արամ Ղարաբեկյանի մահից հետո թերևս շոկի ազդեցությամբ են գրված: Հակառակ դեպքում` մազոխիստական նման եզրակացությունները, ինձ թույլ եմ տալիս պնդել, ավելորդ են:

Բոլոր արվեստագետները բոլոր ժամանակաշրջաններում և բոլոր երկրներում ունեցել են և ունեն նույն խնդիրը` կենդանության օրոք, որպես կանոն, նրանց չեն գնահատում: Կամ գնահատում են այնպես, ինչպես Սալյերին` Մոցարտին. թունավորում են ուղղակի կամ անուղղակի: Բախի (1685-1750)  նման հանճարին կյանքի վերջին շրջանում և անգամ մահից հետո չէին ընդունում. նրա երաժշտությունը համարում էին հնաոճ: Այն մոռացվեց մինչև 1829 թ.-ն, երբ Մենդելսոնը կատարեց «Չարչարանքներ` ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը:
Բերելով Բախի օրինակը` չափազանց բարձր նշաձող ենք վերցնում: Սակայն նրա մահից հետո արդեն աննշան կարևորություն է ստանում` ինչո՞ւ էին պատվիրատուներն ուշացնում նրան վճարելիք հոնորարները (ի վերջո, նա 20 երեխա էր կերակրում): Եվ զվարճալի կլինեն ենթադրությունները, թե կյանքի վերջին տասը տարիներին նրա կուրության պատճառը կամ, ի վերջո, սրտի կանգը, տեղի են ունեցել նրան չգնահատելու պատճառով:
Այդպես կայսեր կողմից չգնահատված, ձերբակալված և մահապատժի ուղարկված Դոստոևսկին պիտի իրեն զգար որպես պահանջարկ չվայելո՞ղ: Հայտնի է, թե ինչպես էր գումար հայթայթելու համար նա նվաստանում, ինչպես էին հրատարակիչները սպառնում ճիշտ ժամանակին չներկայացրած վեպի հոնորարը չվճարել: Սա սթրես էր գրողի համար: Բայց նաև նման սպառնալիքների շնորհիվ նա ստիպված եղավ գրել իր ստեղծագործություններից լավագույնները, ինչպես, օրինակ, «Ոճիր և պատիժը»:
Մոլիերը իր կյանքի ընթացքում չափազանց պահանջված էր, սակայն, արի ու տես, մահացավ 51 տարեկանում: Նրան, եթե հիշում եք կենսագրությունից, թաղեցին գիշերով, առանց ծեսերի, այն գերեզմանոցում, ուր ինքնասպաններին են թաղում, քանի որ քահանաները չէին ցանկանում թողություն տալ «Տարտյուֆի» հեղինակի մեղքերին:
Մեծերին կարող են և չհասկանալ, ինչպես չէին հասկանում մաեստրո Օհան Դուրյանին` իշխանությունները, Արամ Ղարաբեկյանին` երաժիշտները, Արմեն Մազմանյանին` իշխանությունների հանդեպ անհասկանալի ջերմության համար, Լևոն Խեչոյանին, որի գործերը քչերն են կարդացել:
Իսկ գիտե՞ք, քանի մարդ չի կարդացել Հոմերոս, Շեքսպիր, Ֆոլկներ, Դոստոևսկի, Տոլստոյ, Չարենցի «Երկիր Նաիրին», ի վերջո… Չեն լսել Հենդելի, Մոցարտի, Կոմիտասի երաժշտությունը: Միքելանջելոյի «Դավթի» արձանը շատերի համար զուտ մերկ տղամարդ է: Դրանից ոչինչ չի փոխվում արվեստագետի համար: Դա արդեն ունկնդրի, ընթերցողի, դիտողի խնդիրն է: Արվեստագետի համար հասարակության վերաբերմունքն իր անձի, իր ստեղծածի հանդեպ ավելի կարևոր չէ, քան ստեղծագործությունն` ինքնին:
Հետևաբար, նաիվ է ասել, թե Արամ Ղարաբեկյանը սրտի խնդիրներ ունեցավ Կամերային նվագախմբում մի քանի երաժիշտների վերաբերմունքի պատճառով, կամ, եթե Լևոն Խեչոյանն իրեն պահանջված զգար` համալսարանները նրան, միմյանցից խլելով, դասախոսությունների հրավիրեին, ավելի երկար կապրեր:
Պահանջարկ ունենալն այսօր շատ հարաբերական է: Այսօր ունենք հատուկենտ տաղանդավոր դերասաններ, որոնք խաղում են մի սերիալում, որի մակարդակը չափազանց ցածր է, ավելի ստույգ` որը մակարդակ չունի: Գուժ Մանուկյանի նման արտիստը խաղում է այդ սերիալում: Հիմա նա մխիթարվո՞ւմ է, որ պահանջված է: Նման պահանջարկը, կարծում եմ, նրան ավելի շատ խոցում է, քան հակառակը:
Այսօր պահանջարկ ունեն ֆուտբոլիստները. մեկ ֆուտբոլիստի համար, որը ոչինչ չի արարում, ակումբը պատրաստ է վճարել 90 միլիոն դոլար: Նոբելյան մրցանակակիրներին, որոնց գիտական հայտնագործությունները, ստեղծագործությունները գրեթե քաղաքակրթական նշանակություն ունեն, վճարում են մեկ միլիոն դոլար:
Հիշո՞ւմ եք Անդերսենի «Ձյունե թագուհին». Կայը կարող էր դառնալ անմահ և, գումարած, Ձյունե թագուհուց նվեր ստանալ չմուշկներ, եթե սառույցի խորանարդիկներից հաջողեր հավաքել այդ բառը` «հավերժություն»: Կայը չկարողացավ դա անել: Տարտամ կասկածներ ունեմ, որ դա չի կարող անել և ոչ ոք, թեև ոմանց համառությունը հաճախ հիացնում է:
Չկա որևէ օրինաչափություն` ինչո՞ւ է հանճարեղ այս մարդն ապրում կարճ, ինչպես Արթյուր Ռեմբոն, Դուրյանը, Չարենցը, իսկ մյուսը՝ մինչև խոր ծերություն, ինչպես Գյոթեն (81 տարի): Այդ օրինաչափությունը փնտրելով և չգտնելով` հասարակության անտարբերությունը համարել մահվան պատճառ, պարապ գործ է: Այդպես դպրոցում էին սովորեցնում` եթե Պետրոս Դուրյանին ինչ-որ մեկը սիրեր, նա 20 տարեկանում չէր մահանա:
Նույն տրամաբանությամբ կարող ենք յուրաքանչյուր երեխային համարել իր ծնողի գերեզմանափորը: Ի վերջո, կվկայեն թերևս բոլոր ծնողները, կյանքի ընթացքում նրանց ամենաշատը հունից հանում են հենց սեփական զավակները: Եվ հենց սեփական զավակներն էլ ուժ են տալիս ապրելու:
Թեև ոչ մի գիտական հիմք չունեմ նման բան պնդելու, սակայն չի բացառվում, որ հանճարեղ մարդկանց համար մահը հիմարներից պաշտպանվելու միակ արդյունավետ միջոցն է:

Տեսանյութեր

Լրահոս