Jointly.me` նոր հարթակ համատեղ ստարտափ ստեղծելու համար
Եթե ունեք հետաքրքիր գաղափար և ցանկանում եք այն կյանքի կոչել, բայց միայնակ եք, ապա հայ ծրագրավորողների ստեղծած նոր հարթակը հենց ձեզ համար է:
Jointly.me. այս հարթակը հնարավորություն է տալիս տեղադրել ձեր գաղափարը ցանցում (իհարկե, ոչ ամբողջությամբ) և ցույց է տալիս, թե արդյոք այլ մարդիկ ունե՞ն նույն գաղափարը, թե՞ ոչ: Արդյունքում, այսկերպ դուք կարող եք գտնել մարդկանց, ովքեր կիսում են ձեր գաղափարը և կարող եք միասին կյանքի կոչել այն:
Նման ծրագրի ստեղծման հեղինակները երեք հայ ծրագրավորողներ են` Վարդան Գրիգորյանը, Էդուարդ Կարապողոսյանը և Մինաս Քեշիշյանը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի հեղինակներից ծրագրավորող Վարդան Գրիգորյանը`այս ծրագրի ստեղծման գաղափարն առաջացել է հայաստանյան ստարտափային (նորաստեղծ ընկերությունների) շուկան ուսումնասիրելու ժամանակ, երբ պարզվել է, որ նորաստեղծ ընկերությունների տնօրեններն ընկերություն ստեղծելիս ցանկացել են գտնել համախոհների կամ պարզել՝ կա՞ն այդպիսիք, թե՞ ոչ:
«Շատ դեպքերում մարդիկ ունենում են գրեթե նույն գաղափարները, որոնք ցանկանում են իրագործել, սակայն երբ փորձում են դրանք իրագործել առանձին-առանձին շատ հաճախ դրանք չի հաջողվում իրագործել, որովհետև միայնակ են, ֆինանսական միջոցները չի բավարարում և այլն: Մեր հիմնական նպատակն է, որ միևնույն գաղափար ունեցող մարդիկ կարողանան միասին ստեղծել ավելի լավ պրոդուկտ և, իհարկե, ավելի լավ ստարտափ»,- ասաց Վ. Գրիգորյանը` նշելով, որ Jointly.me-ին համանման գաղափարներ ունեցողների միավորման համակարգ է:
Այն մի կողմից կարող է օգնել` պարզել՝ արդյոք կա՞ն ձեր գաղափարին նման գաղափար ունեցողներ, իսկ մյուս կողմից՝ նոր հարթակը հնարավորություն կտա ստարտափ ստեղծել ցանկացողներին միասին ավելի հեշտ և ավելի արագ գտնել ներդրողների:
«Ներդրողի տեսանկյունից, եթե մի գաղափարի միտքը մի քանի հոգու մոտ է ծնվել, ապա այն քիչ, թե շատ ավելի հաջողված է լինելու»,- ասաց Վ. Գրիգորյանը:
Այս նոր հարթակը ստեղծելու գաղափարը ծրագրավորողները փորձել են իրագործել «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնի 24 ժամվա ընթացքում, որտեղ և Jointly.me-ին ճանաչվել է որպես լավագույն բիզնես գաղափար:
Նշենք, որ այժմ ծրագիրը դեռևս հասանելի չէ հանրությանը, քանի որ ծրագրավորողներն այժմ աշխատում են հարթակի կատարելագործման վրա, որը բավականին ժամանակատար է: Բացի այդ՝ համակարգի անվտանգությունը պահպանելու համար դեռ բավականին լուրջ աշխատանք կա կատարելու, որը նաև որոշակի ֆինանսական միջոցներ է պահանջում:
Նշենք, որ ծագրի նախնական տարբերակը դեռևս փակ է, սակայն առաջիկայում դրանից օգտվելու համար արդեն իսկ կարող եք գրանցվել http://jointly.me/ կայքում:
Ծրագրի դեռևս շատ նախնական տարբերակը, որը ստեղծել են ծրագրավորողները, ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ 800 կատեգորիաներ, որոնք, ըստ ծրագրի հեղինակների՝ ծածկում են այն բոլոր ծրագրերը, որոնք կարող են ստեղծվել ՏՏ ոլորտում`սկսած բջջային հավելվածներից, վերջացրած աուդիո-խմբագրման ծրագրերով և այլն:
«Այսպիսով մենք փորձել ենք ծածկել ամբողջ ոլորտում հնարավոր գաղափարների ստեղծման ուղղությունները, սակայն իհարկե պետք է հաշվի առնել, որ սա այն ոլորտն է, որ անընդհատ նոր բան կարող է ստեղծվել, ուստի համակարգը ևս անընդհատ կատարելագործելու և լավացնելու անհրաժեշտություն կլինի»,- ասաց Վ. Գրիգորյանը: