Բաժիններ՝

«Ֆոտոլուր»-ը հաղթել է Վերաքննիչ դատարանում

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է 1in.am լրատվական կայքի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի բողոքը։ Ընկերությունը բողոք էր ներկայացրել առաջին ատյանի վճռի դեմ, որով մասնակի բավարարվել էր «Ֆոտոլուր» լրատվական գործակալության հայցն ընդդեմ 1in.am կայքի հիմնադրի։ Որոշումը կայացվել է դեռեւս սեպտեմբերի 30-ին, սակայն նոր է հրապարակվել «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ Այս մասին տեղեկանում ենք A1plus.am-ից:

Հիշեցնենք, որ 1in.am-ի դեմ «Ֆոտոլուր»-ը հայց էր ներկայացրել հեղինակային իրավունքը խախտելու հիմքով, իր լուսանկարների օգտագործումը դադարեցնելու, իսկ արդեն օգտագործվածների համար գումար բռնագանձելու պահանջներով։ «Ֆոտոլուր»-ը պնդում էր, որ 1in.am կայքը 2023-2024թթ. ընթացքում համակարգված կերպով օգտագործել է իրեն պատկանող լուսանկարները՝ հեռացնելով «Ֆոտոլուր»-ի տարբերանշանը (ջրանիշը)։

2025թ․ հունվարի 17-ին դատարանը պատասխանողին պարտավորեցրել էր դադարեցնել «Ֆոտոլուր»-ի լուսանկարների օգտագործումը, վճարել 2 միլիոն 400 հազար դրամ փոխհատուցում, պետական տուրքերը և 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Այս դատական ակտը փետրվարի 19-ին բողոքարկվել էր վերաքննիչ ատյան։

Բողոքաբերը՝ 1in.am-ի ներկայացուցիչը, պնդում էր, որ իրենց կայքում տեղադրված պատկերները «նույնը չեն», այլ ընդամենը «նույնանման» են, եւ որ առաջին ատյանի դատարանը, դրանք նույնական համարելով, «հանդես է եկել որպես փորձագետ»՝ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից։ «Ստեղծվում է մի իրավիճակ, երբ Դատարանը կայացնում է դատական ակտ, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա»,- նշել էր բողոք ներկայացնողը։

Սակայն Վերաքննիչ դատարանը համարել է, որ լուսանկարների նույնականությունը պարզելը հատուկ գիտելիքներ չի պահանջում։ Դատարանի պատճառաբանության համաձայն այդ կարող է հաստատվել «ակնադիտական եղանակով»՝ երկու պատկերների ուղղակի տեսողական համեմատությամբ, ինչն իրականացնելու համար դատավորը լիովին իրավասու է։

Դատարանը մասնավորապես անդրադարձել է հարցին, թե որ ունակություններն են անհրաժեշտ լուսանկարների նույնությունը փաստելու համար․ արդյոք այդ դեպքում անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ։

«Լուսանկարների նույնությունը փաստվում է բացառապես ակնադիտական եղանակով՝ կատարելով լուսանկարների համեմատություն։ Ընդ որում, այդպիսի համեմատությունը կատարվում է ուղղակի երկու քննարկվող լուսանկարների առանձին հատվածները համեմատելու արդյունքում՝ գալով որոշակի եզրահանգման։ Նման գործողության համար պահանջվող միակ հատկանիշը ուշադրությունն է, որն անշուշտ կարող է ավելի զարգացած լինել առանձին մասնագիտություն ունեցող անձանց մոտ, սակայն դա չի նշանակում, որ անձը պետք է որոշակի մասնագիտություն ունենա, որպեսզի ունենա անհրաժեշտ ուշադրությունը նկարները համեմատելու համար»,- նշվում է դատական ակտում։

Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը համարել է, որ 1in.am-ի բողոքը հիմնավորված չէ և ենթակա է մերժման, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 17․01․2025 թվականի վճիռը պետք է թողնել անփոփոխ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս