Վերհիշելով Մադրիդյան սկզբունքները
Վեց տարի առաջ 2007թ. նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրեցին Ղարաբաղյան խնդրի կարգավորման մի առաջարկ, որը պայմանականորեն ընդունված է անվանել Մադրիդյան սկզբունքներ:
Այսօր տեղի է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և նրանք հերթական անգամ պետք է փորձեն համաձայնության գալ ԼՂ խնդրի շուրջ, և այդ համաձայնությունը պետք է լինի Մադրիդյան սկզբունքների շրջանակում: 2011թ. հունիսի 24-ին Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հույս կար, որ Հայաստանը և Ադրբեջանը կգան համաձայնության, և Մադրիդյան սկզբունքները հիմք ընդունելով` կստորագրվի Խաղաղության համաձայնագիր:
Սակայն հանդիպումը ձախողվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջ քաշված լրացուցիչ պայմանների պատճառով: Թեև պաշտոնապես չի հրապարակվել, թե ինչ լրացուցիչ պահանջներ է առաջարկել Ադրբեջանի նախագահը, բայց ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` նրա հիմնական պահանջը եղել է այն, որ Ղարաբաղում պետք է վերաբնակեցվեն 180 հազար ադրբեջանցիներ: ԼՂԻՄ տարածքից հեռացել են 35 հազարին մոտ ադրբեջանցիներ, սակայն Ադրբեջանի իշխանությունները համարում են, որ վերջին 20 տարիների ընթացքում այդ թիվը հնգապատկվել է: 180 հազար ադրբեջանցիների վերադարձը պետք է փոխեր ԼՂՀ բնակչության էթնիկ կազմը` հօգուտ ադրբեջանցիների, և այդ դեպքում Մադրիդյան սկզբունքներով նախատեսված հանրաքվեն կլիներ հօգուտ Ադրբեջանի:
Ադրբեջանի կողմից լրացուցիչ պահանջների ներկայացումը տապալեց համաձայնագրի ստորագրումը: Գրեթե երկուսուկես տարի հետո ձեռնարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության կայացման հերթական փորձը: Որոշ տեղեկությունների համաձայն` նման համաձայնության կայացման օգտին են հանդես գալիս ԱՄՆ-ը ու Եվրամիությունը, մինչդեռ Ռուսաստանը կողմ է առկա ստատուս-քվոյի պահպանմանը, թեև, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` պաշտոնապես հայտարարում է, որ կողմ է համաձայնության կայացմանը: Այս համաձայնագրի ստորագրման հակառակորդների թվում է նաև Իրանը, որը չէր ցանկանա ավելացնել Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանի երկարությունը: Կկարողանա՞ն նախագահները հանգել համաձայնության և ստորագրել փաստաթուղթ, կիմանանք ընդամենը մի քանի ժամից: Իսկ մինչ այդ ներկայացնենք Մադրիդյան սկզբունքները և դրան կից հավելվածը:
Մադրիդյան սկզբունքներ
1. ԼՂ-ի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը։
2. Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով։
3. Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցք։
4. ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով։
5. Ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք։
6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
1) ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ենթադրում է ԼՂ բնակչության կամքի ազատ և արդար արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում: ԼՂ բնակչություն` հասկացվում է` որպես 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերի բնակչություն: Պլեբիսցիտի ընթացքում հարցի ձևակերպման սահմանափակում չի լինելու:
2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և առավելություններ, որոնք կորոշակիացվեն Խաղաղության Համաձայնագրում` ներքոշարադրյալ սկզբունքների համաձայն.
– ԼՂ բնակիչները պետք է ունենան ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական և տնտեսական կենսագործունեությունը և անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք` համաձայն միջազգային իրավունքի:
– ԼՂ բնակչությունն իրավունք է ունենալու ընտրելու պաշտոնյաներ` միջանկյալ շրջանում կառավարելու համար: Այդ պաշտոնյաները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, ինչպես նաև կհիմնեն դատարաններ: Այդ պաշտոնյաները նաև իրավունք կունենան կազմակերպել ընտրություններ Խաղաղության Համաձայնագրով նախատեսված շրջաններում:
– ԼՂ միջանկյալ իշխանությունները կունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը պարտադիր չէ:
– ԼՂ-ն կարող է ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:
3) Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից: Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը` մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը։
– Քելբաջարի շրջանի վերահսկողությունն իրականացնելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովն իրականացնելու է Քելբաջարի շրջանի միջազգային մշտադիտարկում: Քելբաջարի բնակչության դուրս գալը շրջանից խրախուսվելու է:
– Ադրբեջանական տեղահանված անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ստորագրումից հետո:
4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է կապի Հայաստանն ու Ղարաբաղը: Մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումն այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որն առկա էր փաստաթղթի ստորագրման պահին: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո միջանցքի կարգավիճակը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:
5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականներն ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցով Հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրերի անվտանգությունն ապահովված է: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք` առանց խտրականության, օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից: Նրանց համակեցությանը պետք է նպաստեն բոլոր կողմերը` նպատակ ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական և սոցիալական վիճակը:
6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով Միջազգային խաղաղապահ գործողություն է իրականացվելու մինչև Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Խաղաղապահ միավորները կազմված են լինելու զորքերից: Խաղաղապահ գործունեության համար զորքերի տրամադրումն իրագործվելու է կամավոր հիմքերի վրա: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:
Փաստաթղթի եզրափակիչ մասում նշվում է, որ Հիմնարար սկզբունքները նախատեսում են 4 հանձնաժողովի ստեղծում: Առաջինը պետք է մշակի Պլեբիսցիտի իրականացման մանրամասները, երկրորդը պետք է հստակեցնի «Միջանցքի ապագա կարգավիճակը», երրորդը պետք է մշակի «Քելբաջարի շրջանի ամբողջական փոխանցումն Ադրբեջանին», և չորրորդը պետք է քննարկի «Հիմնարար սկզբունքների իրագործմանն առնչվող լրացուցիչ հարցեր»:
ՀՀ-ում ընդհանրական վերաբերմունք այս սկզբունքների նկատմամբ չկա: Քաղաքական ուժերի և գործիչների մի մասը պնդում է, որ այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանի նախագահի կողմից նշանակում է, որ հայ ժողովուրդը կորցնում է վերահսկողությունը ԼՂ-ն շրջապատող հինգ շրջանների նկատմամբ, գումարած` համաձայնվում է հետագայում հանձնել ևս մեկը` Քելբաջարը: Մյուսները պնդում են, որ սա լավագույն լուծումն է, որ երբևէ առաջարկվել է Հայաստանին: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից լավ լուծում համարվող փուլային տարբերակի դեպքում խոսք չկար միջանկյալ տարբերակի մասին, և նախատեսված չէր հանրաքվեի անցկացում: Քի Վեսթում ստորագրվելիք տարբերակում նախատեսվում էր, որ Լաչինի և Մեղրիի միջանցքներն ունենալու են միևնույն կարգավիճակը, որը Հայաստանի համար նշանակում է` Մեղրին հանձնել Ադրբեջանի տնօրինությանը: Մադրիդյան սկզբունքների դրական կողմը համարվում է այն, որ դրանց իրականացման արդյունքում միջազգային հանրությունը պաշտոնապես ճանաչի ԼՂ-ի միավորումը ՀՀ-ին, իհարկե, առանց վեց շրջանների:
Եթե այսօր նախագահներ Սարգսյանը և Ալիևը ստորագրեն Մադրիդյան սկզբունքները, դա դեռ չի նշանակի, որ դրանք անմիջապես կյանքի կկոչվեն: Թե Հայաստանում, և թե Ադրբեջանում նախագահներին մեղադրելու են դավաճանության մեջ, մեղադրելու են ազգային շահերը ոտնահարելու և պարտադրված զիջման գնալու մեջ: Նախագահ Սարգսյանին մեղադրելու են արյան գնով ազատագրված տարածքները ստորագրությամբ Ադրբեջանին հանձնելու մեջ, իսկ Իլհամ Ալիևին՝ Ղարաբաղը հայերին հանձնելու մեջ: Փորձ է արվելու իրականացնել իշխանափոխություն` փաստաթուղթը ստորագրած նախագահին փոխելու և այդ միջոցով փաստաթուղթը «ոչ ևս» դարձնելու համար: Այնպես որ, եթե անգամ այսօր փաստաթուղթ ստորագրվի, այն միայն ինչ-որ գործընթացի սկիզբ է լինելու և ոչ թե հանգուցալուծում:
«168 ԺԱՄ»