
«Այս ռեպրեսիաները, եկեղեցու դեմ արշավը նշանակում են, որ ընդդիմությունը թուլացել է». Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ եթե ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերի միջև չլինի վստահություն, ոչնչի չեն հասնելու։
«Այդ վստահությունը կար և՛ «Հայրենիքի փրկության» ժամանակ, և՛ «Դիմադրություն», և՛ «Սրբազան շարժման» ժամանակ, ես նստած եմ եղել, բայց ասել են, որ կա։ Ընդդիմության պրոբլեմները սկսվում են նաև այնտեղ, որտեղ վերանում է վստահությունը։ Գուցե վստահության ճգնաժամը պայմանավորված է ներքաղաքական այս ցիկլիկ ընտրական զարգացումներով, գուցե պայմանավորված է նրանով, որ քիչ ենք հաղորդակցվում։ Մենք իրար հետ չենք խոսում ու իրար չենք լսում, պրոբլեմը սա է։
Ես եմ մեղավոր, օրինակ, որ շատ հաճախ արձագանքում եմ Երկրորդ նախագահի թիմի հետ աֆիլացված ոչ թե հիմնական դերակատարների խոսքին, այլ՝ լրատվական հարթակներում տեղ գտնող մեզ վերագրվող անհեթեթությանը և ընկնում եմ էներգիայի սպառման մեջ, որը չի նպաստում Նիկոլի հեռացմանը։
Այս նոր քաղաքական ռեպրեսիաների, եկեղեցու դեմ արշավը և այլն, վկայում է այն մասին, որ ընդդիմությունը թուլացել է։ Եթե դիմացի «ռակն» ասում է, որ՝ ես կարող եմ նոր մետաստազ գցեմ, նոր օրգան ախտորոշեմ, նշանակում է՝ իմունիտետն ավելի է վատացել, դա ակնհայտ է»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Արմեն Աշոտյանը։
Նա շեշտեց, որ չի կարելի մի դեպքում ներկայանալ՝ որպես խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժ, իսկ պրոբլեմների դեպքում մոռանալ, որ ամենամեծն է։ Հետևաբար, այդ համամասնությունը ենթադրվում է նաև սխալների դեպքում։
Սա 2 տարվա ընդմիջումից հետո Արմեն Աշոտյանի առաջին ասուլիսն էր։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։
Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման» հատկանիշներով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։ Այնուհետև տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ՝ օգոստոսի 1-ին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում