Բաժիններ՝

Ռուսաստանը այլևս չի պահպանի միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումը

Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը սահմանափակելու վերաբերյալ միակողմանի մորատորիումից։ Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունն այս որոշումը բացատրել է Ռուսաստանի հարակից տարածաշրջաններում «հավաքական Արևմուտքի» կողմից «ապակայունացնող հրթիռային ներուժի» մեծացմամբ, որն, ըստ հայտարարության, բացասաբար է ազդում տարածաշրջանային և համաշխարհային կայունության վրա, սրում է լարվածությունը միջուկային տերությունների միջև։

Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը դադարել է գործել 2019 թվականին: Իսկ 2023 թվականից, ըստ հայտարարության, Ռուսաստանն արձանագրել է ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների տարածքում ամերիկյան այնպիսի համակարգերի տեղաբաշխման նախադեպեր, որոնք ունակ են նման հրթիռների ցամաքային արձակման՝ «բացահայտ հակառուսական ուղղվածություն ունեցող» զորավարժությունների ընթացքում նման սպառազինության փորձարկման նպատակով։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն արձանագրում է նմանատիպ զենքի տեղակայման վերաբերյալ միակողմանի մորատորիումի պահպանման պայմանների անհետացումը և լիազորված է հայտարարել, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս իրեն կապված չի համարում նախկինում ընդունած համապատասխան ինքնասահմանափակումներով», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

ՌԴ արտգործնախարարությունում հայտարարել են, որ երկրի ղեկավարությունը հետագայում քայլեր կձեռնարկի հրթիռների հնարավոր տեղակայման ուղղությամբ՝ «հիմնվելով ամերիկյան և այլ արևմտյան միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մասշտաբների միջգերատեսչական վերլուծության վրա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս