
ՀՀԿ-ն երբեք չի ասել, որ պետք է միասնական դաշինքով գնալ ընտրությունների. Արմեն Աշոտյան
«Մարգարետ Թետչերին մի անգամ լրագրողները հարցնում են՝ ի՞նչ է նշանակում՝ լինել հզոր, լինել ուժեղ, և Թետչերը պատասխանում է՝ հզոր լինելը նման է լեդի լինելուն, երբ դու ստիպված պարբերաբար հիշեցնում ես այն մասին, որ լեդի ես, դու լեդի չես»,- այսպիսի նուրբ ակնարկով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց 168.am-ի հարցին, որը վերաբերում էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմության մեջ երկու բևեռի առկայության մասին հայտարարությանը:
Արմեն Աշոտյանը նորմալ է համարում, որ տարբեր քաղաքական ուժերի միջև կարող են լինել տարաձայնություններ, բայց նորմալ չի համարում, երբ այդ տարաձայնությունները երբեմն դառնում են առաջնային և օրակարգում այն տեղն են զբաղեցնում, որ պետք է զբաղեցներ ազգային և պետական շահից, մեր այսօրվա վիճակից բխող օրակարգը:
«Սա ամենամեծ ցավն է, որ ես ապրում եմ այս տարվա սկզբից, որովհետև ձեր ասած գործընթացները մեկնարկեցին հունվար-փետրվար ամիսներից: Ես նաև տեսնում եմ որոշակի տերմինների մանիպուլյացիա, որովհետև ՀՀԿ-ն երբեք չի խոսել այն մասին, որ ընտրություններին պետք է գնալ միասին: Այսինքն՝ այդ հարցադրումը, որ տարանջատվում ենք, որ միասին գնանք ընտրությունների, ինքնին մանիպուլյատիվ է, որովհետև երբեք ոչ մի հանրապետական չի ասել՝ պետք է միասնական դաշինքով գնալ ընտրությունների: Հորինել նման պրոբլեմ, հետո սեփական քայլերը բացատրել՝ այդ պրոբլեմը լուծելուն միտված ռազմավարություն, ինձ համար, մեղմ ասեմ՝ հասկանալի չէ: Մեր երկրում այնքան շատ են պրոբլեմները, որ արհեստական պրոբլեմներ մոգոնել պետք չէ»,- շեշտեց նա:
Արմեն Աշոտյանը նկատեց՝ պետք է այնպես դիրքավորվել, որ հետո երեսատեղ ունենան իրար հետ աշխատելու. «Մենք ոչ մեկից տարանջատվելու ո՛չ խնդիր ունենք, ո՛չ նպատակ: Երբեք ոչ մեկի հետ այդքան մերձեցված չենք եղել, որ բաժանվենք, ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք: Մենք ոչ թե ամուսիններ ենք, այլ լավ և վստահելի ընկերներ, և որքան այդ գնահատականը շուտ վերադառնա մեր ընդդիմադիր ընկերների և գործընկերների մոտ՝ որպես մեր մասին հիմնական պատկերացում, այդքան բոլորս կշահենք»
Մանրամասները՝ տեսանյութում