«Ես ամեն ինչ կանեմ` վերադարձնելու ընդդիմադիր գործունեության ներվը. Նիկոլը պրոբլեմ լուծող չէ, հենց պրոբլեմն է». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախը տվեց, մարսեց, տալիս է Սյունիքը, և այս տեմպերով՝ մարսելու է։

«Արտապատվիրակել, եսիմինչ անել… այդ բոլոր տեսակի նորալեզու ձևակերպումները շատ տիպիկ են այս տեղեկատվական, հետճշմարտյան դարաշրջանում՝ ճշմարտությունը քողարկելու համար։

Ես չեմ հավակնում ասել, որ՝ ընդդիմություն ջան, ես 2 տարի նստած էի, բայց դուք բան չարեցիք, հիմա ես եկա, բոլոր հարցերի պատասխանները գիտեմ, և տեսեք՝ ես ինչ «դվիժեննի» եմ անելու։ Դա և առհասարակ նման գործելաոճ ունենալը հարիր չէ ո՛չ ինձ, ո՛չ իմ կուսակցությանը։ Բայց ես կարող եմ «ներվ» ավելացնել, այսօրվա ընդդիմությանը պակասում է «ներվը»։ Կարող եք ասել, որ ես մենությունից եմ նյարդայնացել և նյարդայնացել եմ՝ մենակ մարսելով բոլոր այդ դժբախտությունները, որոնք տեղի են ունեցել իմ երկրի հետ, քանի որ երբ ես նստած էի՝ Արցախը հայկական էր, դուրս եմ եկել՝ այլ Հայաստան է, մենք ձեզ հետ միասին շատ ավելի վատ Հայաստանում ենք։

Ինքս ամեն ինչ կանեմ, որ թարմացնեմ ընդդիմադիր գործունեության և՛ միտքը, և՛ «ներվը»։ Այս տեսակետից, եթե կարճ բանաձևեմ, ապա ՀՀ քաղաքական դաշտում ի՞նչ է արձանագրվում՝ իշխանությունները գնալով դառնում են անբարո, ընդդիմությունն՝ անմրցունակ, և մեզ պետք է վերադարձնել ընդդիմության մրցունակությունը»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, ընդդիմության ուժերի ջլատումը, էներգիայի վատնումը, որոնք արհեստածին են և առհասարակ օրակարգի հետ կապ չունեն՝ նպաստում է դրան և պղտորում է մթնոլորտը։

«Իմ խորին համոզմամբ՝ ընդհանրական ընդդիմությունը դեռ ասելիք ունի։

Նիկոլը, այո, ունի ասելիք, այդ ասելիքը հիվանդին մեռցնելու ծրագիր է։ Ընդդիմության ծրագիրը հետևյալը պետք է լինի՝ երբ ասում եք՝ ընդդիմություն, առաջարկիր լուծումներ, Նիկոլին դարձնում ենք անմեղ։ Այսինքն՝ ստացվում է, որ կա ինչ-որ «չէպէ», որտեղ կա Նիկոլը, որը տալիս է վատ լուծում, և կա ընդդիմություն, որը լուծում չի տալիս։ Ժողովո՛ւրդ, այդ «չէպէ»-ն Նիկոլն է ստեղծել, այսինքն՝ Նիկոլը, որ լուծում է առաջարկում, լուծում է առաջարկում իր իսկ ստեղծած պրոբլեմներին՝ է՛լ ավելի պրոբլեմատիկ լուծում։ Ինքն է այն պրոբլեմը, որը ծնում է պրոբլեմներ։ Այս կառավարությունը պրոբլեմներ լուծելու համար չէ, այլ տեղից պրոբլեմ է, ինչպես կասեին ամերիկացիները»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի  նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։

Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման» հատկանիշներով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։ Այնուհետև տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ՝ օգոստոսի 1-ին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս