
Արցախի կորուստը, ցավոք սրտի, դարձել է նոր նորմա. Մենք ուզում ենք հոգնել և սկե՞լ. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ եթե Թրամփն Ալիևին խնդրել է, որ օգնի իրեն միավորներ հավաքել, Ալիևը դա կանի: Նա սա նշում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր կոչվածի հնարավոր ստորագրման համատեքստում՝ շեշտելով, որ այդտեղ որևէ երկարաժամկետ գեոպոլիտիկ շահ Հայաստանը չի կարող ունենալ:
«Մենք խոսում ենք մի բանի մասին, որի բովանդակությանը ծանոթ չենք, չգիտենք՝ այդտեղ ինչ է: ՔՊ-ականներից ում հարցնում ես՝ ասում են՝ ամբողջը քննակել ենք, բա եթե ամբողջը քննարկել եք՝ հրապարակեք: Եթե չեք հրապարակում, ուրեմն՝ բան կա տակը: Մեր ժողովուրդն իրավունք ունի իմանալու՝ ինչ է կատարվում իր մեջքի հետևում և իր հաշվին»,- այսօրվա ասուլիսին ասաց նա՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմի ժամանակ Թրամփի օրոք ամերիկյան հրադադարի պայմանավորվածությունը, որը տևեց ընդամենը մի քանի ժամ:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ ընդդիմությանը, նշելով, որ կա քաղաքական մրցունակության խնդիր.
«Ընդդիմության քաղաքական բենզոբաքը, որ լցվել էր 44-օրյա պատերազմից հետո, այլևս դատարկվում է: Դատարկվում է ոչ թե, որ պրոբլեմները լուծվել են, որ ընդդիմությունը վատ է խոսում, այլ Արցախի կորուստը դարձել է նոր նորմա: Այսինքն՝ վատը դարձել է նորմա: Մեզ մոտ օվերտոնի պատուհան կոչվող գործիքով այնքան բան դարձավ նորմա, որ ես ցավում եմ, երբ տեսնում եմ՝ հասարակության մի մասից այն կողմ այդ խնդիրն այլևս արդիական չէ կամ զուտ ամոթից են ասում՝ արդիական է: Մենք կենցաղացրել ենք մեր դարդերը, դարձրել ենք սովորական. Դրան նպաստում է իշխանությունը, որը շատ է ուզում, որ մենք թռի-վռի մի ճպուռի կյանքով ապրենք, ուտենք, խմենք, տժժանք, այսինքն՝ բույսի կյանք. կյանք, որտեղ ազգին զրկում են բարձրագույն նյարդային համակարգից՝ իր բարոյականութունից, իր բանականությունից, և սա է ամենավատ բանը: Որպես բժիշկ՝ ասեմ՝ եթե մի բան ցավում է, ուրմեն՝ փրկելու հնարավորություն կա, եթե էլ չի ցավում, բայց հիվանդությամբ ախտահարված է, դա շատ վատ է»:
Նա պատկերավոր պատմություն ներկայացնելով՝ հարց ուղղեց՝ մենք ուզում ենք հոգնել և սկե՞լ, թե՞ ատամները կրճտացնելով, ցավալով, պայքարելով, հիասթափվելով, բայց չկոտրվելով՝ հողը մեր ոտքի տակ զգանք. «Ես երկրորդ սցենարի կողմնակիցն եմ: Դրա համար ընդդիմության բենզոբաքերը պետք է լցնել»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում