«Մեջքից խփելը շատ վատ բան է, այդ թվում՝ ներընդդիմադիր դաշտում». Արմեն Աշոտյան

«Ցանկացած իշխանափոխություն ենթադրում է համակցված գործիքակազմ՝ իրավական, քաղաքական, տեղեկատվական, քարոզչական, փողոցային… պետք է բոլորը գործադրվի։ Ակնհայտ է, որ այդ բոլոր մեխանիզմներն իրար հետ շաղկապված են»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով իշխանափոխության և փողոցային պայքարի վերաբերյալ լրագրողի հնչեցրած հարցին։

Ըստ Արմեն Աշոտյանի, եթե վերը նշված բաղադրիչները չկան, ապա առնվազն տեղին չէ խոսել փողոցի մասին։

Խոսելով սոցհարցումների մասին, Արմեն Աշոտյանն ասաց, որ սոցիոլոգիային հավատում է՝ որպես գիտություն, եթե դրանով զբաղվում են գիտնականները։

«Սոցիոլոգիան չի կարող լինել, որ միջնադարում վատ լուր բերողի լեզուն կտրում էին, այդ ավանդույթը պետք է դուրս գա հայկական քաղաքական դաշտից։ Եթե մենք ուզում ենք առերեսվել ճշմարտության հետ՝ ի դեմս սոցիոլոգիական հարցումների, պետք է նայենք ամբողջության մեջ։

Կարդացեք նաև

Իմ խնդիրը չեմ դրել Երկրորդ նախագահին հակադարձելու կամ անդրադառնալու, դա նրա տեսակետն է, որոնց հետ կարող եմ համաձայն լինել կամ չլինել։ Երկրորդ նախագահը «ինվինտրո», այդ լաբորատոր պայմաններում ճիշտ բան է ասում։ Եթե ընտրությունները լինեն մնացած բոլոր հավասար պայմաններում այնպիսին, ինչպիսին պետք է լինեն նվազագույն ժողովրդավարական ընտրությունները, այո՛։ Բայց որևէ մեկդ կասկածո՞ւմ է, որ կիրառվելու է խայտառակ վարչական ռեսուրս, իսկ դրա դեմ գործիքիքակազմ ընդդիմությունը 2021 թվականից հետո մշակե՞լ է»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Այս համատեքստում նա նաև այլաբանորեն ասաց՝ եթե ուզում են կռվի գնալ, հարևան գյուղից եկած զինվորի հետ պետք է լավ լինել, որպեսզի մեկ միասնական ճակատով գնան։

«Որպեսզի մեջքից վիրավորանքներ չլինեն, դա վատ բան է՝ մեջքից խփելը շատ վատ բան է, այդ թվում՝ քաղաքական, ներընդդիմադիր վիճակում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք. դեռևս 2022 թվականի  նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։

Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման» հատկանիշներով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։ Այնուհետև տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ՝ օգոստոսի 1-ին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս