
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի ու նրա որդու մասնակցությամբ ծեծկրտուքի միջադեպով ձերբակալվածներն ազատ են արձակվել․ հայտնում են ՔԿ-ից

168.am-ը նախօրեին տեղեկացրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին` Շանթ Բագրատյանը, որն արդեն հասցրել է աչքի ընկնել քրեական պատմություններով, ծեծկռտուք են հրահրել։
ՆԳՆ-ից միջադեպի առնչությամբ 168.am-ի հետ զրույցում հայտնել էին՝ միջադեպի 3 մասնակից է ձերբակալվել և ներկայացվել Քննչական Կոմիտե։
Այսօր արդեն Քննչական կոմիտեից 168․am–ին տեղեկացրին՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձ ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։
«Խուլիգանության փաստով նախաձեռնվել է վարույթ․ ձերբակալված անձ չկա»,- մասնավորապես նշեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ, մեզ հասած տեղեկություններով՝ ծեծի պատճառը եղել է քաղաքացու լեգիտիմ պահանջը՝ պատգամավորի 888 86 համարներով «Տոյոտա» մակնիշի մեքենան փողոցի սխալ կայանված հատվածից հեռացնելու մասին: Հայր և որդի Բագրատյանները չեն հանդուրժել դիտողությունը, և դիտողություն արած քաղաքացուն ծեծի են ենթարկել, որին փորձել են միջամտել պարեկները, որոնց ևս Շանթ Բագրատյանը քաշքշել է։