
«Ընդունված չէ ազատության հետ կապված տարոսիկ բաժանելը, բայց ազատության տարոսն իրենց». Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելուց հետո այսօր առաջին անգամ՝ 2 տարի ընդմիջումից հետո, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նա հանդես եկավ մամուլի ասուլիսով։
Մինչև լրատվամիջոցների հարցերին պատասխանելը, Արմեն Աշոտյանն իր կարճ նախաբանում նշեց, որ երեկվանից բազմաթիվ լրատվամիջոցներից ստացել է հարցազրույցի հրավեր, սակայն առաջնահերթությունը տալու է այն լրատվամիջոցներին, որոնք այս ընթացքում հիշել են իր մասին ոչ միայն վերջին 3 օրերի ընթացքում՝ ազատության պատրվակով, այլև բանտարկության ժամանակ։
«Ասուլիսն ուզում եմ սկսել իմ համերաշխության ու սատարման խոսքերը հայտնելով այս պահին ՀՀ տարբեր բանտերում գտնվող շուրջ 3 տասնյակ քաղբանտարկյալներին։ Ընդունված չէ այս առիթով ազատման հետ կապված «տարոսիկ» բաժանելը, բայց կուզենայի, որ տարոսն իրենց լիներ, հատկապես, որ իմ ազատությունն էլ լիարժեք չէ։ Սահմանափակումները գոյություն ունեն, և քաղաքական հետապնդումը շարունակվում է մինչև ֆարսի վերածված դատական նիստի ավարտը»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Ըստ Արմեն Աշոտյանի, շատ կարևոր է, որպեսզի հանրության ջերմությունը, ուշադրությունը փոխանցվի բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր գտնվում են «փաշինյանական» ռեժիմի ճիրաններում՝ որպես քաղաքական հետապնդման զոհեր և թիրախներ։
Հիշեցնենք. դեռևս 2022 թվականի նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։
Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման» հատկանիշներով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանը Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։ Այնուհետև տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ՝ օգոստոսի 1-ին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում