
«Քաղաքական դաշտը դուրս է եկել ռոմաշկա կարգավիճակից. տվեք շանսը` թեկուզ տապալվելու, ի՞նչ էիք կորցնում». Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրած ասուլիսի ժամանակ հստակ ընդգծեց՝ իրենց «մետաստազների օգնությունը պետք չէ», այլ առնվազն այս փուլում անհրաժեշտ է «Հայաստան» դաշինքի գործընկերների օգնությունը։
«Վիրահատե՞լ, թե՞ չվիրահատել, այս է խնդիրը, և հասարակությունն ինքը պետք է որոշի՝ ուզում է դանդաղ մեռնե՞լ, թե՞ ունենա ապրելու շանս, Նիկոլին՝ որպես «ռակ», հեռացնելը շանս է՝ նաև մետաստազների դեմ պայքարելու համար։ Սա պահանջում է մրցունակություն, բայց երբ խոսում ենք իմպիչմենտի մասին՝ սա օրակարգ է, չէ՞, կա՞ այլ օրակարգ, կներեք, բայց ես չեմ տեսել։ Ընտրությունների գնալն օրակարգ չէ, այլ օրացուցային, էտապային քաղաքական ցիկլ է։ Այդ ընտրությունը գալու է՝ Նիկոլի վարչապետությա՞մբ, թե՞ առանց նրա վարչապետության, սա է խնդիրը»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ եթե որևէ մեկն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, ու հույս ունի, որ Նիկոլի ընտրություններում հնարավոր է հաղթել բռնապետին…
«Հիմա կողմնորոշվեք, սիրելի ընդդիմություն, եթե Նիկոլը բռնապետ է, հետևաբար՝ այդ ընտրությունները շատ դժվար է լինելու, այսինքն՝ հիմնական շեշտը պետք է դրվի հետընտրական զարգացումների վրա։ Բոլոր բռնատիրություններում, որտեղ եղել է իշխանության փոփոխություն, ընտրությունները պատրվակ էին, ոչ թե գործիք, որը ֆիքսում էր այդ փոփոխությունը։ Օրակարգ՝ իմպիչմենտ, շատ է խոսվել, շատ, ինչո՞ւ ենք «լռվել» նույն տեղում, ես դա չեմ հասկանում։
Անկեղծորեն չեմ հասկանում, մանավանդ, որ իմ կուսակցությունն իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվություն, ասում է՝ տղերք, այս անգամ էլ դուք մեզ կպեք, միասին առաջ գնանք, մենք ենք մեղավոր, եթե տեղ չհասնենք։ Իրենց լավ բան ենք ասում, ասում ենք՝ ընտրություններից առաջ մեզ օգնեք, որ հետո ընտրությունների ժամանակ մենք տապալվենք՝ վեր կկենաք ու կասեք՝ ահա»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։
Շարունակելով միտքը՝ Արմեն Աշոտյանը նաև հավելեց՝ ընդդիմադիրները թող տան այդ շանսը՝ հարցադրումը մտքում, թող չհավատան, որ ՔՊ-ականները կմիանան իմպիչմենտի գործընթացին։
«Իդեալական «ռասկլադ» է, եթե իրենք կարծում են, որ ընտրություններն այդ գործիքն է, մենք ընտրություններից առաջ կտապալվենք իրենց օգնությամբ, քարոզարշավի ժամանակ էլ իրենք ընդդիմության այս 4 տարվա ձախողումները կգցեն վերջին տապալած փորձի վրա։ Տվեք մեզ այս շանսը, թեկուզ տապալվենք»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։
Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման» հատկանիշներով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։ Այնուհետև տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ՝ օգոստոսի 1-ին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում