Բաժիններ՝

Դեղնենին` որպես յոդի մատակարար (տեսանյութ)

Այս հրաշալի բույսի մասին գրել ենք մոտ մեկ տարի առաջ (18.01.2012թ.)։ Դեղնենին սկսում է ծաղկել ամառային արևադարձից հետո, միատուն բույս է, արական ծաղիկները տեղակայված են ցողունի գագաթին, իգական ծաղիկները թաքնված են տերևածոցերում գտնվող կանաչ «բարուրների» մեջ, որոնք ծաղիկի աճին զուգընթաց` մեծանում և կարծրանում են։ Այսպես է ձևավորվում օվալաձև պտուղը, որն ամբողջովին պատված է ամուր փշերով, իսկ գագաթին ունի երկու ավելի խոշոր կեռ փշեր, որոնք տարածվում են` կպչելով մարդկանց շորերին և կենդանիների բրդին։ Տերևները սրտաձև են, 3-5 բլթականի, մոխրականաչավուն, ինչպես ցողունը` ծածկված սպիտակ ծաղիկներով, անհարթ, տրոհելիս արձակում են խնձորի բուրմունք։ Բույսի բոլոր մասերը հարուստ են յոդով։ Պտղում կան երկու երկարավուն սև սերմեր, որոնք պարունակում են մինչև 40 տոկոս ճարպաթթուներ, դրանցից ստանում են օլիֆ և նույնիսկ շատ համեղ, ուտելի յուղ։

Մեր օրերին արդիական է հետևյալ խնդիրը. արդյո՞ք անօրգանական, կապված վիճակում գտնվող յոդը (յոդացված աղ) յուրացվում է օրգանիզմում։ Բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ, եթե նույնիսկ յուրացվում է, ապա` ոչ բավարար չափով և, հետևաբար, չի լուծվում օրգանիզմի յոդի սակավությունը լրացնելու հարցը։
Որպես ապացույց, բերենք մեկ օրինակ` Բաշկիրտոստանի կառավարությունը որոշել է մշակել դեղնենին` որպես օրգանական հեշտ յուրացվող յոդի մատակարար։

Դեղնենին բուժում է խպիպը
Վահանագեղձում գոյանում են թվով երկու տիրեոիդ` հորմոններ, որոնցից T3-ը պարունակում է յոդի 3 ատոմ, իսկ T4-ը 4 ատոմ։ T3 և T4 հորմոնները տարբերվում են իրենց ազդեցության ժամանակով և ուժով։ T4-ի քանակը մոտ 4 անգամ քիչ է, քան T3-ինը, դրա ազդեցությունն ավելի երկարատև է և մեղմ, այն անհրաժեշտ է ուղեղի բնականոն աշխատանքի համար։ Յոդի սակավության դեպքում T4 հորմոնի գոյացումը զգալիորեն նվազում է։

Ուղեղի ճակատային մասի տակ գտնվում է հիպոֆիզ կոչվող գեղձը, որը մի շարք հորմոններ է արտադրում, այդ թվում` նաև տիրեոտրոպ հորմոնը (ՏՏՀ)։
Եթե ՏՏՀ-ի քանակությունը նորմայից բարձր է, ապա վահանագեղձը չի կարողանում արտադրել բավարար քանակի տիրեոիդ հորմոններ (T3 և T4) և ճիշտ հակառակը։ Հիպոֆիզի և վահանագեղձի միջև գոյություն ունի բացասական հակադարձ կապ, որն իրագործված է հորմոնների միջոցով։

Կարդացեք նաև

Եթե սննդի հետ օրգանիզմ ներմուծվող յոդը քիչ է (նորման 150 միկրոգրամ է), ապա վահանագեղձն աշխատում է ծանրաբեռնվածությամբ, ինչի հետևանքով գեղձի չափերը մեծանում են (խպիպ)։ Չբուժելու դեպքում գեղձը չի հասցնում բավարար քանակությամբ հորմոններ արտադրել (հիպոտիրեոզ), սկսում են առաջանալ հանգույցներ, որոնք աշխատում են ավտոնոմ (գեղձից անկախ) ռեժիմում, կարծես մրցելով մեկը մյուսի հետ, որն ավելի շատ հորմոն կարտադրի (հիպերտիրեոզ)։ Վահանագեղձի հիվանդությունների ցանկը և դրանց առաջացման պատճառները, ցավոք, շատ են, սակայն գրեթե բոլոր դեպքերում կարելի է օգտագործել դեղնենին, իհարկե համալիր բուժման ընթացքում և փորձված մասնագետի հսկողությամբ և գիտությամբ։

Բուժման ալգորիթմը կայանում է հետևյալում. որքան հնարավոր է նվազեցնել սինթեզված դեղերի քանակությունը և ավելացնել բնական դեղամիջոցների ցանկը։
Դեղնենին կարելի է դիտել որպես խպիպի և աուտոիմունային տիրեոդիտի կանխարգելման և բուժման հրաշալի միջոց։

Դեղնենին նպաստում է հղիանալուն և մտավոր ընդունակությունների զարգացմանը
Գրեթե յուրաքանչյուր տարի պատրաստում եմ դեղնենու ոգեթուրմ բույսի բոլոր մասերից` ներառյալ արմատը, որը պետք է մաքրել և լվանալ հոսող ջրով։ Հումքը ավելի ճիշտ է հավաքել վաղ առավոտյան կամ երեկոյան` անմիջապես լցնել ապակե տարայի կեսը, իսկ մնացած ծավալը լրացնել որակյալ տնական օղիով (ծիրանի կամ խաղողի, 60-65 տոկոսանոց)։

  • Մոտ 6 ամիս հով, մութ տեղում թրմելուց հետո ոգեթուրմը պետք է քամել. այն պատրաստ է օգտագործման համար։

Ծանոթներիցս մեկը, ով երկու երեխաների մայր է, ուներ վահանագեղձի հետ կապված խնդիրներ։ Նա խմում էր 5-10 կաթիլ դեղնենու ոգեթուրմ` օրը 2-3 անգամ, ուտելուց հետո։ Մեկ ամիս անց նրա առողջական վիճակը զգալիորեն լավացավ, և նա ունեցավ երրորդ հղիությունը։

Արդյո՞ք դեղնենին կարող էր ունենալ նման ազդեցություն։ Հիպոֆիզ-վահանագեղձ հակադարձ կապի կարգավորումը միանշանակ կարող է նպաստել հղիությանը, չէ՞ որ հիպոֆիզն արտադրում է նաև այլ հորմոններ, որոնք պատասխանատու են դաշտանային պարբերության ճիշտ ընթացքի, օվուլյացիայի, լակտացիայի, մայրական բնազդի առաջացման համար, և այլն։ Իհարկե կարևոր է նաև վահանագեղձի առողջական վիճակը, որը T3 և T4 հորմոնների միջոցով կարգավորում է ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի փոխանակումը, թթվեցման գործընթացները, ջերմափոխանակումը, ակտիվացնում է սեռական և կաթնագեղձերի աշխատանքը, և այլն։
Այնուամենայնիվ, պետք էր գտնել լրացուցիչ ապացույցներ, և դրանք գտնվեցին. «Իմ հիվանդներից մեկը յոթ տարի չէր մայրանում, ի վերջո նա որոշեց դիմել բուսաբուժության օգնությանը։

Ես նշանակեցի դեղնենու 10 տոկոսանոց ոգեթուրմ, երկու ամսից նա հղիացավ և ճիշտ ժամանակին մայրացավ։ Մեկ այլ դեպքում կինը ցանկանում էր մայրանալ երկրորդ անգամ (որդին 10 տարեկան էր), և կրկին օգնեց դեղնենու ոգեթուրմը, պահանջվեց ճիշտ մեկ ամիս։ Նման դեպքում ես միշտ խորհուրդ եմ տալիս` խմեք այդ ոգեթուրմը։ Հավանաբար դեղնենին պարունակում է կանացի հորմոններին նման բուսական հորմոններ։ Խմեք 10-15 կաթիլ` օրը 2-3 անգամ, ուտելուց հետո (Լ.Ն. Դյակոնովա, Նարոդնի լեկար, 16.08.2011թ.)»։ Դյակոնովան հեքիմների շառավիղ է, իր հայրենիքում մեծ համբավ ունեցող մասնագետ, Ս. Պետերբուրգի բուսաբույժների ընկերության անդամ։

Դեղնենին օգտակար է նաև տղամարդկանց։ Ռումինական արտադրության «Ադենոստոպ» դեղամիջոցով (պատրաստված է դեղնենու հիմքի վրա), բուժում են շագանակագեղձի ադենոման (նաև էնուրեզը)։

Ժողովրդական բժշկությունը կիրառում է դեղնենին առնականության անկման դեպքում. 2 թ/գ թարմ (1 թ/գ չոր) խոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100 մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Կամ խմեք 1-ական թ/գ 10 տոկոսանոց ոգեթուրմ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 2 ամիս։

Ըստ ականավոր գիտնական Բ. Վ. Բոլոտովի` «Դեղնենու խոտով հնարավոր է, եթե ոչ լրիվ, ապա գոնե մասամբ թեթևացնել ոչ միայն ընկնավորության ընթացքը, այլ նաև գենետիկ մտավոր խանգարումները։ Դեղնենին պարունակում է մեծ քանակությամբ օրգանական յոդ, որի սակավությունն առաջացնում է մտավոր թերզարգացում և նյարդային խանգարումներ»։

Զգուշացում։ Դեղնենին պարունակում է ոչ մեծ քանակությամբ թունավոր նյութեր։ Խստորեն պահպանեք չափաբաժինները։
Դեղնենու պատրաստուկներն ունեն դառը համ և այրող հատկություն, ոգեթուրմը պետք է լուծել ջրի մեջ (կես թ/գ, 200 մլ ջուր)։ Հակացուցված է հղիներին, անհատական անընկալունակության, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Արմատի և պտղի եփուկները հակացուցված են քրոնիկ փորկապության դեպքում։

Դեղնենու անվանման մասին
Գիտական անվանումն է` Xanthium strumarium: Միջնադարում կոչվել է պարզապես strumara=գեղձի ուռածություն։ Ի դեպ, վարսանդավոր ծաղիկների զույգը երբեմն նման է ուռուցիկ թիթեռնիկի։ Xantium անվանումն առաջացել է հունարեն «Դեղին» բառի ձևափոխումից։

Հնարավոր է, որ դեղնենի բառը «Xantium»-ի պարզագույն թարգմանությունն է։ Սակայն ուշադրության է արժանի նաև հետևյալ վարկածը. «Նի» բառն ունի առողջություն իմաստը, հայերենում քիչ են նման վերջածանց ունեցող խոտաբույսերը (հատկապես միամյա)։ Հավանաբար դեղնենի բառը կարելի է ստուգաբանել` «առողջություն պարգևող դեղաբույս»։ Այլ անվանումներն են` դառնափուշ և դառնուկ։

Արդյո՞ք դեղնենին կարող է փոխարինել L-տիրոկսինը

Վահանաձև գեղձում առաջացող հանգույցները կարող են ունենալ չարորակ և բարորակ բնույթ։ Առաջին դեպքում առավել ճիշտ լուծումը վիրաբուժական միջամտությունն է։

Բարորակ հանգույցները լինում են մի քանի տեսակի.

  • գոյացնում են պահանջվածից ավելի շատ քանակի հորմոններ,
  • արտադրում են նույն քանակի հորմոններ, ինչ որ գեղձի առողջ հյուսվածքները,
  •  հանգույցը մասամբ կամ լիովին կորցնում է հորմոններ արտադրելու ունակությունը։

Հանգույցներն առաջանում են յոդի սակավության կամ աուտոիմունային տիրեոդիտի հետևանքով։ Այս հիվանդության դեպքում իմունային համակարգը վերացնում է ոչ միայն վահանագեղձի բորբոքում առաջացնող վարակը, այլ նաև առողջ հյուսվածքները։ Արդյունքում` նվազում է վահանագեղձի հորմոնագոյացնող ֆունկցիան, և ախտորոշվում է հիպոտիրեոզ` T3 և T4 հորմոնների սակավություն։

Վահանագեղձի բնականոն աշխատանքը վերականգնելու, խպիպի չափերը նվազեցնելու և իմունային «հարձակումը» կանխելու համար բժշկությունը կիրառում է L-տիրոկսին, որը վահանագեղձում գոյացող T4 (տիրոկսին) հորմոնի սինթետիկ կրկնօրինակն է (անալոգը)։
Կարևոր է իմանալ, որ տիրոկսինի գոյացումը վահանագեղձում տեղի է ունենում չորս փուլերով` հաջորդաբար առաջանում են 1, 2, 3 և 4 ատոմներ պարունակող միացություններ. T4-ը բարդ սպիտակուցային նյութ է։ Յուրաքանչյուր փուլի իրագործման համար պահանջվում է որոշակի էներգետիկ ռեսուրս։

Դառնափուշի մեջ յոդը պարունակվում է երկատոմանի (երկյոդտիրոնին) միացության ձևով, ինչը զգալիորեն նվազեցնում է T3 և T4 հորմոնների գոյացման համար պահանջվող էներգետիկ ռեսուրսը։

Երկյոդտիրոնին են պարունակում նաև խլածաղիկ հանգուցավորը (Scropularia nodosa) և օրոճ ներկողը (Genista tinctoria)։ ՀՀ բնության մեջ հանդիպում են նաև այս բույսերը։
Խլածաղիկը և դեղնենին ունեն հակաուռուցքային հատկություն։ Երկյոդտիրոնին պարունակող բույսերը չեն առաջացնում ալերգիա և չեն ազդում սրտի աշխատանքի վրա, ինչը հաճախ տեղի է ունենում L-տիրոկսինի կիրառման դեպքում։

Չինաստանում դեղնենին ընդգրկված է պետական դեղաբանական ցանկում. վերգետնյա մասը կիրառվում է վահանագեղձի հիվանդությունների բուժման համար։ Հնդկական ժողովրդական բժշկությունը նույն հիվանդությունների դեպքում կիրառում է բույսի արմատը։

Ժողովրդական դեղատոմսեր
Ցավազրկող, թույները հեռացնող, հակաուռուցքային, խպիպ.

  • Մզեք վերգետնյա մասի հյութը։ Խմեք 10-ական կաթիլ, օրը 3 անգամ։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 1-2 շաբաթից։

Կարելի է խառնել օղու հետ (1։1), այդ դեպքում չափաբաժինը պետք է կրկնապատկվի։ Բոլոր դեպքերում հյութը պետք է խմելուց առաջ լուծել ջրի հետ, քանի որ այն ունի այրող հատկություն և դառն է։

Քարեր երիկամներում. Ծաղկման շրջանում (հունիսի 24-ից հետո) հավաքեք տերևը, ցողունը, առանց լվանալու չորացրեք հով տեղում։ 1 ճ/գ մանրացրած հումքը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ։

Էնդեմիկ խպիպի դեպքում նույն չափաբաժիններով 2 ժամ թրմեք ջերմապահի մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 4-5 անգամ։ Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 10 օր, կրկնեք 5-7 անգամ։ Պարբերաբար անցեք համապատասխան բուժզննում։

Քոր, սնկային հիվանդություններ. 1 թ/գ չոր, մանրացրած հումքը (կամ 2 թ/գ դեղնենու թարմ տերևը) լցրեք 200 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։

Տեսանյութը` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս