Բաժիններ՝

Ներդրում եմ արել, որ հիմա էլ վնա՞ս կրեմ. «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ հիմնադիր

«Մենք դարձել ենք վարորդների գերին, ամեն օր մեկը բերում՝ բանալիները թողնում է ու հայտարարում, որ էլ չի աշխատելու, չեմ հասցնում անունները հիշել: Եթե առաջ վարորդներն էին դիմում մեզ, որ աշխատանքի ընդունվեին, հիմա մենք ենք հայտարարություն տալիս, բայց ոչ մեկը չի ցանկանում նման պայմաններով աշխատել»,- խոսելով ուղեվարձի թանկացման մասին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ հիմնադիր Վալերի Խաչատրյանը:

Վերջին շրջանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված կրքերը չեն հանդարտվում: Մի կողմից, հասարակությունն է ընդվզում թանկացման դեմ, մյուս կողմից՝ երթուղիները սպասարկող սեփականատերերն են ներկայացնում իրենց խնդիրները ուղեվարձի  չթանկացման պարագայում: Կծիկը գնալով մեծանում է, սակայն դեռևս լուծումներ չկան:

«Այսօր կյանքն է թանկացել, ամեն ինչը թանկացել է և ես էլ մտածում եմ, որ 100 դրամը ժողովրդի համար դժվար է վճարել, բայց այստեղ ոչ ես եմ մեղավոր, ոչ քաղաքապետարանը, կան համապատասխան օղակներ, թող նրանց դեմ բողոքեն, ոչ թե մեզ ստիպեն վնասներ կրել: Եթե առաջ վարորդը աշխատելով 120 հազար դրամ՝ կարողանում էր իր ընտանիքը պահել, ապա այսօր հնարավոր չէ, մարդը 150 հազար դրամով այլևս չի կարող ընտանիք պահել, իսկ ես 100 դրամ ուղեվարձով չեմ կարող ավելին վճարել իմ վարորդին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խնդրի առաջ ենք կանգնել»,- իրավիճակը պարզաբանեց Վալերի Խաչատրյանը:

«Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ն սպասարկում է 17 և 7 համարի միկրոավտոբուսներն ու 7 համարի ավտոբուսը: Սակայն այսօր, քանի որ վարորդները չեն համաձայնվում նախկին աշխատավարձով աշխատել, երթուղայիններից շատերը վարորդ չունենալու պատճառով չեն կարող սպասարկել հասարակությանը: «Արդեն 7 տարի է՝ համագործակցում ենք քաղաքապետարանի հետ և հարգելով մեր քաղաքապետին, այսօր ես ինձ խեղդելով աշխատում եմ, բայց ինչքա՞ն: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի, եթե սեպտեմբերի 1-ին բոլոր երթուղայինները դադարեն աշխատել»:

Կարդացեք նաև

Վալերի Խաչատրյանի խոսքով՝ այս խնդիրն առկա է դեռևս 2008 թվականից. «Խնդիրը ներկայացրեցինք կառավարությանը, առաջարկեցինք 230 դրամ սակագինը, հայտարարվեց, որ մրցույթը դադարեցնում ենք, այսպիսի ՌԱՖ-երով չի կարելի ժողովրդին սպասարկել, վտանգավոր է, հետո քննարկվեց, որ սակագինը կբարձրացվի ու դրանից էլ կբարձրանա սպասարկման որակը, մենք էլ համարձակվեցինք, գնացինք, մեքենաները բերեցինք ու ընկանք ցավի մեջ»,- պարզաբանում է Վալերի Խաչատրյանը:

Անդրադառնալով այսօր նստացույց իրականացնողների գործողություններին՝ սեփականատերը նշեց, որ սա պարզապես մի խաղ է, որից տուժվում է հասարակությունը: «Ես չեմ կարծում, որ այդ նստացույց անողները ժողովրդի համար են մտահոգվում, ոչ՝ սա պարզապես խաղ է»,- ասում է նա:

Վալերի Խաչատրյանի խոսքով՝ այսօր երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթներին էլ ոչ ոք չի ուզում մասնակցել. «Միայն մենք ենք, հներս մասնակցում ենք ու մրցակից չունենք, որովհետև մարդիկ նստում ու հարշվարկ են անում, հասկանում են, որ անհնար է նման գներով աշխատելը, դրա համար էլ ոչ մեկը չի ուզում այսպիսի գլխացավանքի մեջ մտնել»,- ընդգծեց Խաչատրյանը:

Չնայած դեռևս հարցին վերջնական լուծում չի տրվել և ուղեվարձի թանկացման որոշումը ժամանակավորապես է կասեցված, սակայն  երթուղին սպասարկող սեփականատեր Վալերի Խաչատրյանն արդեն որոշել է, թե ուղեվարձի չթանկացման դեպքում ինքն ինչ քայլերի է դիմելու. «Ավելի լավ է իմ դիմումով հրաժարվեմ իմ երթուղիներից, մեքենաներս վաճառեմ,  քան ես այսքան վնասով աշխատեմ, անհնար է, այսքան ներդրում եմ արել, որ հիմա էլ վնա՞ս կրեմ»,- ավելացրեց Վալերի Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս