Բաժիններ՝

Հուլիսի 1-ից գործածության մեջ են մտել նոր սերնդի ՀԴՄ-ներ

2013-ի հուլիսի 1-ից կիրառության մեջ են մտել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաները` տարեկան 500 միլիոն դրամ  և ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար: Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ներն ունեն մի շարք առավելություններ, մասնավորապես դրանք բացառում են ծրագրային միջամտությունները և այդ կերպ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու հնարավորությունները: Իսկ մյուս կողմից նախատեսում են հարկ վճարողների համար բացառիկ հարմարավետություն, մասնավորապես նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ հարկ վճարողների համար կրճատվում է 12 հաշվետվություններ ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ ՀԴՄ-ն ավտոմատ կերպով ՊԵԿ տեղեկատվական բազային պարբերաբար տրամադրում է համապատասխան տեղեկատվություն: Վախթանգ Միրումյանի խոսքերով առաջիկայում համապատասխան ծրագրային ապահովման պարագայում, նոր սերնդի ՀԴՄ-ի միջոցով հարկ վճարողները կկարողանան նաև դուրս գրել հարկային հաշիվներ, ինչը հնարավարորություն կտա լուծելու տարիներ շարունակ մեր առջև ծառացած մի խնդիր. «Շրջիկ կետերի միջոցով առևտուր իրականացնելու դեպքում առ այսօր նման փաստաթղթերի հնարավորությունը բավականին սահմանափակ էր: Իսկ նոր մեխանիզմի շնորհիվ, առանց նախապես գնորդին հայտնի լինելու առաքումների դեպքում, տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ունենալու շատ հեշտությամբ կատարել իրենց առևտրային գործարքները»:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները mobile սարքեր են, որոնք, բացի ՀԴՄ գործառույթից իրենց մեջ պարունակում են նաև քարտ կարդացող սարք, օժտված են ցանցային կապի միջոցով տեղեկություններ ուղարկելու և ստանալու, այլ սարքերի հետ ինտեգրման, ծրագրային փոփոխություններ կատարելու և այլ հնարավորություններով:

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման առանձնահատկություններից է նաև այն, որ ՀԴՄ-ները շահումներն իրականացնում են on-line եղանակով` հնարավոր դարձնելով շահած ավտոմեքենաների կամ բջջային հետախոսների մասին հաճելի լուրը ստանալ գնում կատարելուց հետո անմիջապես: Նշենք, որ վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգում տեղի են ունեցել փոփոխություններ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում տրամադրվում են երկու տեսակի ՀԴՄ կտրոններ՝ դարձերեսի վրա տպագրված ութ թվերի կամայական համակցություն՝ հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոններ և դիմերեսի վրա տպագրած ութ կամայական թվերի համակցություն՝ վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող ՀԴՄ կտրոններ: Դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող ՀԴՄ կտրոնները 2013թ. օգոստոսից 1-ից նույնպես մասնակցում են յուրաքանչյուր ամիս անցկացվող վիճակահանությանը, որն անցկացվում է կտրոնների տրամադրմանը նախորդող ամիս և դրանց շահումները հնարավոր է ստուգել կտրոնի տրամադրման պահից սկսած:  Իսկ շահելու հանգամանքը պարզելու համար՝ այս տեսակի ՀԴՄ կտրոն ստացող անձը պետք է համեմատի կտրոնի ստորին մասում նշված՝ «վիճակահան. համար» և անմիջապես նրա տակ նշված «ֆիսկալ համար» գրառումների դիմաց նշված  թվերը: «Ֆիսկալ համար» գրառման դիմաց նշված թվի նիշերը առաջին նիշից սկսած «վիճակահանության համար» գրառման դիմաց նշված թվի նիշերին առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 8 կամ 7 նիշերի հետ համընկնելու դեպքում  կտրոն տիրապետող անձին որպես պարգևավճար տրամադրվում է մեկ ավտոմեքենա, իսկ նույն կերպ 6 կամ 5 նիշերի համընկնման դեպքում՝ մեկ բջջային հեռախոս:  Ընդ որում, թվերի համընկնման դեպքում կտրոնի վրա անպայման տպվում է նաև «դուք շահել եք» արտահայտությունը: Ի դեպ, նոր կտրոններով շահումները քաղաքացիները կարող են նաև առցանց ստուգել հարկային ծառայության կայքէջում:

Շահած կտրոններ տիրապետող անձինք շահելու օրվանից սկսած մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը՝ օգստոսին տրամադրված կտրոններով շահումը ձևակերպելու համար՝ մինչև սեպտեմբերի 30-ը շահած կտրոնով և անձնագրով պետք է ներկայանան ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ: Դարձերեսին հատուկ համարներով ՀԴՄ կտրոնների համար վիճակահանությունը շարունակվելու է անցկացվել գործող կարգով՝ մինչև բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ների համատարած կիրառման ժամկետը՝ 2015թ. հունվարի 1-ը:

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀԴՄ կտրոններով տրամադրվող պարգևավճարների հիմնադրամը (15 ավտոմեքենա և 500 բջջային հեռախոս) բաժանվելու է հետևյալ համամասնությամբ՝ դարձերեսին հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոններով շահած անձանց՝ 10 ավտոմեքենա և 400 բջջային հեռախոս, իսկ դիմերեսին վիճակահանությանը մասնակցող թիվ պարունակող ՀԴՄ կտրոններով շահած անձանց կտրամադրվի 5 ավտոմենքենա և 100 բջջային հեռախոս:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս