Մկրտիչ Ջանան. Բեմի նվիրյալը
Հայ կյանքի հանրագիտարան
Մկրտիչ Միհրանի Ջանանը մեկն էր այն հայ մտավորականներից, ովքեր 1921-1925 թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանի եռանդուն ջանքերի շնորհիվ հրավիրվեցին Խորհրդային Հայաստան. Հրաչյա Աճառյան, Հակոբ Կոջոյան, Ալեքսանդր Թամանյան, Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Արուս Ոսկանյան, ուրիշներ:
Ծնվել է 1892թ. հայաշատ Կ.Պոլսի Սամաթիա թաղամասում: Հայրը դարբին էր, հիանալի նվագում էր սազ և թառ, զավակներին պատմում արևելյան հեքիաթներ: Հորեղբայրն ու մեծ եղբայրը` Թորգոմը, դերասաններ էին: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Սահակյան և Կարապետյան վարժարաններում, ապա սովորել իրավաբանական դպրոցում, որը, սակայն, չի ավարտել: 1911-1914 թվականներին Կ.Պոլսում երգել է Կոմիտասի «Գուսան» երկսեռ երգչախմբում: 1914թ. խաղացել է դերասան և բեմադրիչ Ավետիս Ազյանի թատերախմբում: Հենց այդ թատերախմբում էլ ծանոթացել և հետագայում ամուսնացել է դերասանուհի Ատրինե Դերձակյանի հետ:
Նշենք, որ Ատրինեի քույրը, դարձյալ դերասանուհի, Հրաչուհի Դերձակյանը, Վահրամ Փափազյանի առաջին կինն էր:
1918 թվականից մասնակցել է ծննդավայրի հայ դրամատիկական ընկերության ստեղծման աշխատանքներին: 1919 թվականին ազատ ունկնդրի կարգավիճակով ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարան, աշակերտել Պոլ Մունեին, կազմակերպել ներկայացումներ:
1921 թվականի հունվարին պոլսահայ դերասաններ Լևոն Հարութի և Արշալույս Թերլեմեզյանի հետ Փարիզից ուխտի է գնացել Վիլյամ Շեքսպիրի ծննդավայր Ստրեդֆորդ (Անգլիա): Ի հիշատակ այդ այցելության` նրանք լուսանկարվել են Շեքսպիրի գերեզմանի մոտ: Ընդհատենք մի պահ մեր խոսքը և նշենք, որ Հովհաննես Աբելյանն առաջին հայ դերասանն է, ով 1899թ. Եվրոպա կատարած ճամփորդության ժամանակ ուխտի է գնացել Շեքսպիրի գերեզմանին:
Վերադառնալով Անգլիայից` շարունակել է խաղալ ֆրանսահայ բեմում: 1921-1922 թվականներին ծննդավայրի հայ դրամատիկականում էր: Երեսուն տարեկան էր, երբ 1922թ. կնոջ, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի և էլի շուրջ մեկ տասնյակ դերասանների հետ Կ.Պոլսից տեղափոխվեց Երևան:
Նորաստեղծ Խորհրդային Հայաստանն օրեցօր կայանում էր թե՛ տնտեսական և թե՛ մշակութային առումներով: Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այդ` 1922թ., Երևանում ՀԽՍՀ Ժողկոմխորհի որոշմամբ` Հայաստանում բացվեց առաջին պետթատրոնը (այժմ` Գ.Սունդուկյանի անվան): Աստիճանաբար թատրոնը սկսեց կայանալ արվեստի մեծ խնդիրներ լուծելու ունակ այն թատերախմբի շնորհիվ, որի կազմում բեմադրիչներ Լևոն Քալանթարի, Արշակ Բուրջալյանի, Արմեն Գուլակյանի, դերասաններ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Արուս Ոսկանյանի, Հասմիկի, Ավետ Ավետիսյանի և այլոց կողքին էր նաև դերասան Մկրտիչ Ջանանը:
Խիստ տպավորիչ ձայնի և արտիստիկ կեցվածքի շնորհիվ Մկրտիչ Ջանանը կարողացել է արժանանալ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Նրա լավագույն դերերից են` Օգսեն, Աբիսողոմ աղա (Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Արգան (Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Սատին (Գորկու «Հատակում»), Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Յագո (Շեքսպիրի «Օթելլո»), Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս») և այլն:
Մկրտիչ Ջանանի անունն անխզելիորեն կապված է հայկական կինոյի առաջին քայլերի հետ: 1927թ. կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը 1923թ. ստեղծված «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է 1891թ. Պարսկաստանում անգլիական գաղութատիրության դեմ համաժողովրդական հուժկու շարժումը պատկերող «Խասփուշ» գեղարվեստական կինոնկարը: Սա պատմահեղափոխական առաջին էպիկական ֆիլմն է հայկական կինոյի տարեգրության էջերում: Մկրտիչ Ջանանն այդ ֆիլմում հանդես է եկել Սեիդի դերում: Նկարահանվել է նաև «Քրդեր և եզդիներ» («Խանո»), «Երկու գիշեր» («Վարչապետ») ֆիլմերում: Վահան Թոթովենցի հետ իրականացրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» բեմականացումը: 1932-ին բեմադրվել է Մկրտիչ Ջանանի «Սիրելն արվեստ է» երեք գործողությամբ պիեսը:
Մկրտիչ Ջանանը գրել է պատմվածքներ, ակնարկներ, դրամատիկ ստեղծագործություններ: Երևանում 1924-1925 թվականներին լույս տեսած «Նոր-Ակոս» գրական-գեղարվեստական պատկերազարդ հանդեսի էջերում լույս են տեսել նրա մի քանի պատմվածքներ, որոնցից հատկապես հիշատակության են արժանի «Զոհերը» և Ղուկաս Ղուկասյանին նվիրված «Թեմական գլխարկով կոմունարը»:
Երևանում ջերմ մտերմական կապեր է ունեցել Հրաչյա Աճառյանի, Արա Սարգսյանի, Հրաչյա Ներսիսյանի, Մարտիրոս Սարյանի հետ: Վերջինս վրձնել է Ջանանի դիմանկարը: 1928 թ. Մկրտիչ Ջանանի և ադրբեջանցի դերասան Յու. Նուրիի ջանքերով Երևանում կազմակերպվել է Ադրբեջանական թատրոն (1935-ից` Ջաֆար Ջաբարլիի անվան): Տարիներ անց, 1934 թ. թատրոնի բեմադրիչ Մ. Հուսեյնովն իր «Մի քանի դիտողություններ Հայաստանի պետական թուրքական թատրոնի մասին» հոդվածում գրել է. «Մենք չենք կարող մոռանալ թուրքական թատրոնի բազմամյա բեմադրիչ, վաստակավոր դերասան ընկեր Ջանանի մեծ աշխատանքը»:
1935 թ. Երևանում լույս է տեսել Ջանանի «Շահնամե» թատերգությունը, որը խորհրդային պիեսների համամիութենական մրցույթում շահել է երկրորդ մրցանակը և բեմադրվել Երևանում ու Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում, թարգմանվել ռուսերեն և այլ լեզուներով:
Թվում էր, թե Ջանանի ստեղծագործական կյանքում կարձանագրվեին նորանոր հաջողություններ, սակայն ճակատագիրն այլ ուղի էր կանխորոշել թե՛ նրա, թե՛ Աղասի Խանջյանի, Չարենցի, Բակունցի, Թոթովենցի և այլոց համար: 1937 թվականի սկզբներից Մկրտիչ Ջանանը մտախոհ և խիստ ինքնամփոփ էր դարձել: Պահը չուշացավգ 1937 թվականի հուլիսի 27-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում հերթական ներկայացման ավարտին ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մկրտիչ Ջանանին ձերբակալեցին: Կարճ ժամանակ անց ձերբակալեցին նաև Ջանանի երկրորդ կնոջը` Ժաննա Բաղրամյանին: Հետագայում Ժաննան հրաշքով փրկվեց…
Շուրջ մեկ տարի Մկրտիչ Ջանանը Երևանի բանտում կտտանքների ենթարկվեց իր չգործած հանցանքների համար: Արիաբար չստորագրեց այդ «հանցանքների» արձանագրության տակ: 1938 թվականի հուլիսի 18-ին նրան գնդակահարեցին:
1955 թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը գրել է. «Ջանանը տաղանդավոր դրամատուրգ է եղել:
Նրա «Շահնամե» ողբերգությունը ստացել է համամիութենական երկրորդ մրցանակ: Ես լսել եմ, որ նա մեղադրվել է` որպես Թուրքիայի լրտես: Դա աբսուրդ է: Նա օրգանապես չէր կարողանում լսել «տաճիկ» բառը` Թուրքիային համարելով մեր արևմտյան հատվածի դահիճը: Որքան ես ծանոթ եմ եղել այն շրջապատին ու մթնոլորտին, որի մեջ ապրել է Ջանանը, նրա ձերբակալությունը ես համարում եմ պրովոկատորի հնարած մի ոճիր, որին զոհ է գնացել մեր տաղանդավոր արտիստը…»:
1955 թվականին Ջանանին ետմահու արդարացրել են: