Ինչպես վախեցնել ներդրողներին
«2013թ. կշարունակվի ներդրումների ներգրավման և արտահանման խրախուսման գործիքակազմի կիրառումը և կատարելագործումը, ինչպես նաև` նոր գործիքների ներդրումը` դրանց միջոցով հասցեական և նպատակային օժանդակություն ցուցաբերելով զարգացման ծրագրեր իրականացնող ընկերություններին: Կշարունակվեն նոր և ժամանակակից արտադրությունների կազմակերպման նպատակով իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցման քաղաքականությունը, այդ թվում` հարկային արտոնությունների տրամադրման միջոցով»:
Սա մի հատված է Կառավարության` 2013թ. բյուջետային ուղերձից։ Տեղեկացնենք, որ 2013թ. պետական բյուջեի լրամշակված տարբերակը երեկ արդեն բաժանվել է օրենսդիրներին։ Կառավարությունը բյուջեի վերաբերյալ ստացել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել։ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն բյուջեին, սակայն այն, իհարկե, կընդունվի։
Կընդունվի, և դրա շուրջ բարձրացած աղմուկը շատ արագ կմոռացվի։ Իսկ մեկ տարի անց, երբ արդեն լա՜վ մոռացված լինի, վերը նշված պարբերությունն ու էլի շատ «հերթապահ» արտահայտություններ պարզապես copy-paste կարվեն և տեղ կգտնեն 2014թ. բյուջետային ուղերձում։
Դա տեղի կունենա` անկախ այն հանգամանքից, թե իրականությունն ու այդ տողերն իրար հետ որքանով կապ կունենան։
Օրինակ, մեջբերված հատվածը` ներդրումների և ներդրումային միջավայրի մասին, բավականին հետաքրքիր է դիտվում պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների ֆոնին։ Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակեց «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-հոկտեմբերին» զեկույցը, որի համաձայն, այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 35.2%-ով, այդ թվում` ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 53.8%-ով։ Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 391մլն դոլար (2011թ. նույն ժամանակահատվածում` 603.5 մլն դոլար), իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 479.4 միլիոնից նվազել է` մինչև 221.2 միլիոն դոլար։
Կառավարության անդամներից կամ օրենսդիր մարմնի ՀՀԿ-ական ներկայացուցիչներից ոչ մեկն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտվեց` ինչո՞ւ է ներդրումների հոսքը կրճատվել, եթե Doing Business-ում առաջընթաց ենք գրանցում և համարվում ենք գործարարությամբ զբաղվելու համար շատ հարմար երկիր։ Երկրի նախագահը խորհրդակցություն չհրավիրեց և անարգանքի սյունին չգամեց կառավարությանը` այս ակնհայտ ձախողման համար։ Իսկ դա ձախողում է, քանի որ անցյալ տարի այս օրերին նույնպես գեղեցիկ խոսքեր էին հնչում տնտեսական աճի և ներդրումների ավելացման մասին։
Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ են նվազում ներդրումները Հայաստանում։ Ոչ ոք չի ասում, որ իշխանությունները չեն ցանկանում ներդրումների աճ արձանագրել։ Սակայն ցանկությունն ու օրենսդրական բնույթի որոշ փոփոխությունները բավարար չեն, եթե մոտեցումներն ու մտածելակերպը ներդրումների և ներդրողների վերաբերյալ աղավաղված են։ Մեր պետական պաշտոնյաները երբեմն անում են այնպիսի քայլեր, որոնք տրամագծորեն հակասում են ներդրումների ներգրավման հեռանկարին։
Ամենավառ օրինակը նախորդ շաբաթվա վերջին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած հանդիպում-խորհրդակցությունն էր Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սիրիահայ խոշոր գործարարների հետ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այդ հանդիպման ժամանակ ասել էր, որ բոլոր գործարարներին աջակցելու են, որպեսզի նրանք կարողանան Հայաստանում իրենց սեփական բիզնեսը սկսել: «Թող օր առաջ հաստատվի խաղաղություն Սիրիայում, բայց ես այն կարծիքին եմ, որ Սիրիան դրախտավայր էլ դառնա` դուք ձեր հայրենիքում ձեր ոտքի տեղը պետք է ունենաք, այստեղ դուք թե ձեր անկյունը պետք է ունենաք, ինչպես նաև` բիզնեսը: Ի վերջո, կարող եք թե՛ Հայաստանում, թե՛ Սիրիայում բիզնես ծավալել»։ Եթե տկն Հակոբյանը միայն այդքանն ասած լիներ, ապա ոչ մի հակասական բան չէինք նկատի։
Սակայն նախարարը շարունակել է և նշել, որ եթե բիզնես սկսելու համար որևէ խոչընդոտ լինի, ապա իրենք կանեն հնարավորինը, որպեսզի դա շատ արագ լուծվի. «Մենք Ձեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծենք, ցանկացած հարց կլուծենք, որպեսզի ձեռք ձեռքի տված գնանք առաջ»:
Որքան էլ զարմանալի հնչի, ներդրումների ներգրավման հարցում ավելի մեծ հակագովազդ դժվար է պատկերացնել։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանո՞վ է Հրանուշ Հակոբյանի լիազորությունների մեջ մտնում բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելը կամ խնդիրներ լուծելը (տվյալ դեպքում` ակնհայտ է, որ տկն Հակոբյանը հանդես էր գալիս ոչ թե` որպես Սփյուռքի նախարար, այլ` որպես իշխող վարչակազմի ներկայացուցիչ)։
Գլխավոր խնդիրն այն է, որ նման հայտարարություններով` տեր կկանգնենք, պայմաններ կստեղծենք, խնդիրները կլուծենք, և այլն, մեր իշխանություններն անուղղակի մեսիջ են ուղարկում պոտենցիալ ներդրողներին։ Մեսիջ, որ մեր երկրում որևէ բիզնեսի կայացման համար անհրաժեշտ է, որ պետական համակարգը (կամ դրա ներկայացուցիչը) տեր կանգնի, այն մասին, որ կարող են ստեղծվել խնդիրներ, որոնք առանց վերևների միջամտության` հնարավոր չէ լուծել։ Կարճ ասած` մեսիջ այն մասին, որ երկրում օրենքները չեն գործում, և ներդրողը հատուկ «տանիք» պետք է ունենա։ Իսկ դրանից ավելի սարսափելի բան օտարերկրյա ներդրողի համար չկա։
Թե տնտեսագետների, թե հենց օտարերկրյա ներդրողների կողմից բազմիցս նշվել է, որ նման արտահայտությունները հակառակ ազդեցություն են ունենում։ Պետությունը պետք է, այսպես թե այնպես, այնպիսի միջավայր ապահովի, որ ոչ ոք խնդիր չունենա։ Իսկ ունենալու դեպքում դրանք պետք է լուծվեն համապատասխան կառույցների միջոցով։
Ընդ որում, որևէ տարբերակում չի կարելի դնել` տեղացի կամ օտարերկրացի բիզնեսմենների միջև։ Օտարերկրացուն ներգրավելու ամենակարճ ճանապարհը սեփական երկրում սեփական ներդրողների և գործարարների համար նորմալ պայմանների ապահովումն է։ Օտարերկրացիների համար դա ավելի համոզիչ է, քան տարբեր տեսակի հանդիպում-քննարկումներն ու միջազգային զեկույցները։ Կարճ ասած` պետությունը պետք է նախևառաջ թիկունք կանգնի իր քաղաքացուն, օգնի և բարձրացնի նրան։
Մինչդեռ տկն Հակոբյանը սիրիահայ գործարարներին սիրաշահում է` տեղի գործարարներին «գցելով»։ Նա ասում է, որ սփյուռքահայերն ավելի շատ բան են հասկանում բիզնեսից, քան հայաստանցիները, և դրա համար խորհուրդ է տալիս, որ օր առաջ բիզնես գործունեություն ծավալեն Հայաստանում:
Յուրաքանչյուր ոք կարծիք հայտնելու իրավունք ունի, այդ թվում` երրորդ անձանց ունակությունների մասին։ Օրինակ, մեկի կարծիքով` բիզնեսում հաջողակ են սիրիահայերը, մյուսի կարծիքով` ռուսաստանահայերը, հատկապես` պատանի ռուսահայերը, ուժեղ են (ավելին` տաղանդավոր են) աստղագիտության մեջ, և այլն։ Սակայն, երբ այդ սուբյեկտիվ կարծիքը ներկայացվում է պետության անունից, և դա դառնում է հրապարակային, ունենում ենք այն, ինչ ունենք։ Տվյալ դեպքում` ներդրումների հոսքի կրկնակի անկում։
Իհարկե, ներդրումների կրճատման միակ պատճառը նման անզգույշ արտահայտությունները չեն: Սակայն այսպիսի «մանրուքները» միավորվելով` ի վերջո ձևավորում են մթնոլորտ ու վերաբերմունք։ Այնպիսի մթնոլորտ, որը տարբերվում է Doing Business-ում ու պաշտոնական փաստաթղթերում նկարագրվող մթնոլորտից։
«168 ԺԱՄ»