«Անուշ» օպերայի մոդեռնացված տարբերակը կներկայացվի Ֆրանսիայում
Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան նորովի կներկայացվի հայ և ֆրանսիացի հանդիսատեսին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը: Նրա փոխանցմամբ՝ նախաձեռնությունն իրականացնում են «Delta cultural art» խումբը, Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, ինչպես նաև Ֆրանսիայի Նանտեխ արվարձանի գլխավոր թատրոնը:
«Անուշ» օպերայի մոդեռն տարբերակի երևանյան պրեմիերան տեղի կունենա 2013-ի ապրիլի 23-ին: Արմեն Համբարձումյանի փոխանցմամբ՝ «Անուշը» Ֆրանսիայի Նանտեխ արվարձանում բեմ կբարձրանա չորս անգամ. պրեմիերան այստեղ տեղի կունենա մայիսի 22-ին: «Ռեժիսորը Կաննի փառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանն է: Ներկայացումը կլասիկ չի լինելու, լինել է մոդեռն եվրոպական ոճով, քանի որ ռեժիսորը, բալետմայստերը, կոստյումների դիզայները, տեխնիկական ապահովումը ֆրանսիացիներ են, բայց խումբը, դերասանները, երգիչները Հայաստանից են»,- ասաց Արմեն Համբարձումյանը:
Ըստ նրա`արդեն մեկ տարի է՝ սկսվել են աշխատանքները. «Մենք նույնիսկ գտել ենք Տիգրանյանի ձեռքով գրված պարտիտուրան, և աշխատանքային խումբն առաջնորդվում է հենց Տիգրանյանի պարտիտուրայով»: Արմեն Համբարձումյանը նշեց, որ բեմում ներկայացվելու է ոչ միայն պատմությունը, այլև օգտագործվելու է էկրան, և ցուցադրվելու են վիդեոներ:
«Անուշի ու Սարոյի սիրո պատմությունը պատմում է բնությունը`գետը: Երևի «Անուշն» ընտրվել է այն պատճառով, որ սա դասական սիրո պատմություն է, մի սիրո պատմություն, որն ավարտվում է նմանատիպ դրամայով: Պատմությունը կարող է ցանկացած մշակույթ ունեցող ժողովուրդ հասկանալ, քանի որ սերը համամարդկային երևույթ է»,- մեզ հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսերը:
Ռեժիսոր Սերժ Ավետիքյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ պոեմի օրիգինալ տարբերակում կան հատվածներ, որոնք լիբրետոյում տեղ չեն գտել: «Իմ կարծիքով` Խորհրդային Միության հետ կապված կատարված կրճատումներն ամենահետաքրքիր երևույթներն են`գյուղի կազմակերպչական հարաբերությունները, հին ադաթների հետ կապված մարդկանց տրամաբանությունը: Դա վերականգնվելու է: Կլինեն նաև կրճատումներ, քանի որ որոշ կրկնություններ կան: Գլոբալ առումով ես ուզում եմ թեթևացնել գործը: Ես գտնում եմ, որ հենց սկզբից ողբերգական պրոցես է գնում, իսկ ես կարծում եմ, որ պետք չի դա»,- ասաց Սերժ Ավետիքյանը:
Ըստ նրա`այս գործն արդիական է, այն դիմացել է ժամանակին, բայց քարացած վիճակում է. այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է «այսօրվա հայացք ունենալ այս գործի վրա»:
Սերժ Ավետիքյանի փոխանցմամբ՝ տարազային գրեթե ոչինչ չկա ոչ կոստյումներում, ոչ դեկորներում: Երիտասարդներն են երգելու երիտասարդների դերերը, որովհետև Սարոն, Մոսին, Անուշը ևս երիտասարդ էին: Սերժ Ավետիքյանի կարծիքով`կարևոր է այն, որ Ֆրանսիայում «Անուշը» ներկայացվելու է ֆրանսիացի հանդիսատեսին:
Նրա խոսքով` բավական դժվար է ձեռք տալ նմանատիպ գործին, բայց պետք է ունենալ ժամանակակից մոտեցում:
«Շատ հետաքրքիր է նաև այն, որ գործի վրա աշխատող երեք հիմնական դեմքերը Հայաստանում չեն ապրում: Ես, արդեն 43 տարի է՝ ապրում եմ Փարիզում, գործը ռեօրկեստրացիա անող Անահիտ Սիմոնյանը ապրում է Բարսելոնայում, դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Ֆրանսիայում է հաստատվել: Հետաքրքիր է, որ գլխավոր դերեր խաղացող այս երեք անձինք, ովքեր ծնվել են Երևանում, հետ են բերում Երևան իրենց փորձը»: