Ամոթ է, պարգևավճարի դիմաց գնել են շատերին, դարձրել իրենց պես ծառայամիտ ու ստորաքարշ․ Արթուր Սահակյան

Միայն Աստծու ողորմածությունը կարող է մեզ պահել։ Այս ամենը վաղուց ընթեռնելի էր, գործելաոճը պարզ էր։ Պատերազմի ժամանակ իրենց վարքագծից պարզ էր, որ Հայաստանը նրանց հայրենիքը չէ։ Նրանց գնել են, ու հիմա ո՞վ պիտի ծպտուն հանի նրանցից։ Նրանք ոտով-գլխով՝ մինչև իրենց վերջին շունչը, գնված են։ Մենք նախևառաջ՝ կոնկրետ ազգի կրող ենք, և մասնագետ լինելն առիթ չէ ազգից, առավել ևս՝ հայրենիքից հրաժարվելու։ Հայրենիքը ոչ մի բանում մեղավոր չէ, մեղավորը պետությունն է։ Մենք ունենք հրաշալի հայրենիք և այլանդակ պետություն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բեմադրիչ Արթուր Սահակյանը:

«Սրանց մեջ ոչ բոլորն են համաձայն իրենց արածի հետ, բայց մեկ է՝ անում են։ Չեն կարող չանել, հրամանի տակ են։ Մենք գուցե պետականության գենն ենք կորցրել, ուղղակի կորցրել ենք։ Մենք լսում ենք, որ հազար տարի առաջ պետականությունից զրկվեցինք, և Կիլիկիայից բացի՝ այլ պետականություն չկար։ Բայց դրա վրա ոչ ոք չի լացում։ Արցախի կորստի մասին նույն կերպ է գրվելու։ Մարդիկ վարկեր են փակում, բա ի՞նչ անեն։ Միակ դրական լուրն այն է, որ ամեն ինչ դուրս եկավ ջրի երես։ Նժդեհը տվել է պատերազմական վիճակում մեր ապրելու ծրագիրը, որը հետո հրեաներն օգտագործել են»,- ասաց արվեստագետը:

«Կողմնակի խոսակցություններով, սուտ բանավեճերով ներարկում են, մենք էլ ընդունում ենք այդ օտար արյունը։ Մեր արյունից շատ քիչ է մնացել։ Այսպես վախվորած ապրելը ձեր սրտո՞վ է։ Այս ամբողջ անցուդարձը հանուն փողի է։ Շատ զորեղ մարդիկ կան, բայց չարը լինում է ագրեսիվ, աչքի զարնող։ Երևի սա տառապանքի այն անհրաժեշտ չափն է, որը յուրաքանչյուրս պիտի տանի։ Ամեն ինչ անպայման մի օր վերջանում է, և այդուհանդերձ՝ բարին շատ ավելի ուժեղ է, թեև չարն էլ շատ խորամանկ է, շատ հզոր։ Սուտ ասելը սրանց մասնագիտությունն է։ Բոլորիս մեջ երկնային թագավորությունից դրված է մի մասնիկ՝ խիղճ և հոգի»,- նշեց Սահակյանը:

Կարդացեք նաև

Ռեժիսորի պնդմամբ՝ սրանք ութ տարի հնարավորություն ունեին խելքի գալու. «Ո՞ր մեկին ենք տեսնում դարձի եկած։ Սրանց մոտ Հերոստրատի համախտանիշն է, կարևորը՝ անունները մնան պատմության մեջ։ Որտեղի՞ց այս ատելությունը քո արմատների նկատմամբ։ Սարսափելի ծանր վիճակ է, բայց սրանց հակառակվելով՝ պետք է չգժվել, պետք է հավասարակշռությունը գտնել։ Թատրոններն օրավարձով շենքեր են դարձել, էլ ի՞նչ տրամաբանություն կամ գեղագիտություն։ Թատրոնի բեմը մեկ օրով վարձակալելը 500 հազարից մեկ միլիոն 300 հազար դրամ արժե։ Մի ժամանակ գոնե ձևական կողմը պահում էին, հիմա ասում են՝ բա մեր պարգևավճարնե՞րը»:

«Երբ պարգևավճար են տալիս, գնում են քեզ։ Այդ ստորաքարշությունն ու ծառայամտությունը միայն մեր հիվանդությունը չէ, բայց արվեստագետը պիտի ամաչի այդպիսին լինելուց, նա պիտի ազատ ու ըմբոստ լինի, ոչնչի հետ համաձայն չլինի։

Արվեստագետը միշտ պիտի ընդդիմախոս լինի, բայց ասում են՝ հազիվ ձեռքներս հնարավորություն է ընկել, հանկարծ չկորցնեմ։ Կորցնելո՛ւ եք, անպայման կորցնելու եք, ամեն ինչ մի օր վերջանալու է։ Ամեն ինչ մանրացել է։ Նայեք այն ժամանակների և այսօրվա մակարդակները։ Ասենք, դը Գոլի փոխարեն՝ այսօր Մակրոնն է»,- ասաց Արթուր Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս