Ավստրալիան ռազմանավ չի ուղարկի Հորմուզի նեղուց
Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ ռազմանավ չի ուղարկի Մերձավոր Արևելք՝ Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար բաց պահելու համար։ Այս մասին Ավստրալիայի տրանսպորտի նախարար Քեթրին Քինգը մարտի 16-ին ասել է Australian Broadcasting Corp.-ին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան կողմը պահանջել է մոտ յոթ երկրներից ռազմանավեր ուղարկել՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար։
Նախարար Քեթրին Քինգը հայտարարել է, որ տեղյակ չէ Ավստրալիայի կողմից նման խնդրանք ստանալու մասին։
«Մենք նավ չենք ուղարկի Հորմուզի նեղուց։ Մենք գիտենք, թե որքան կարևոր է դա, բայց մեզ նման բան չեն խնդրել», – ասել է Քինգը։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ավստրալիան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ԱՄԷ-ին տրամադրում է ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռ և հրթիռներ՝ իրանական հարձակումներից պաշտպանվելու համար։
Սակայն կառավարության հայտարարության մեջ ասվում էր, որ Ավստրալիան «հարձակողական գործողություններ չի ձեռնարկում Իրանի դեմ»։



