«Ադրբեջանը շատ վաղուց արդեն թքած ունի միջագային տեսակետների վրա»
Եվրախորհրդարանում Ռամիլ Սաֆարովի գործով հրապարակված բանաձևը քաղաքական առումով փայլուն ձեռքբերում էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Մինչ այս գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր կառույցները դատապարտել են Սաֆարովի հետ կատարված միջադեպը: Բայց այս փաստաթուղթ, որը կատարվածի առնչությամբ Եվրամիության միասնական խորհրդարանական մոտեցումն էր, ամբողջությամբ դատապարտում է երևույթները, մատնանշում է մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերը, կարևորում ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորումը, կոչ է անում բանաձևն ուղարկել Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի նա այս բանաձևը փոխանցի Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Ադրբեջանի և ԵՄ անդամ պետությունների կառավարություններին ու խորհրդարաններին»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Զաքարյանը:
Նրա խոսքով, հետագայում Հայաստանը տարբեր հարթակներում` հղում կատարելով այս միասնական փաստաթղթին, կարող է մյուս կազմակերպություններում, խորհրդարանական վեհաժողովներում համապատասխան դատապարտող զեկույներ ու նախագծեր ընդունել:
Իսկ հարցին, թե ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս փաստաթուղթն Ադրբեջանի համար, ապա Արտակ Զաքարյանը պատասխանեց, ադրբեջանական կողմը և՛ Արևելյան գործընկերության անդամ պետություն է, և՛ Եվրոպայի քաղաքականության շրջանակում գործող պետություն, սակայն դա նրանց չի խանգարում անտեսել դրանք. «Ադրբեջանն, ըստ էության, շատ վաղուց արդեն թքած ունի միջագային տեսակետների վրա: Նրանք շատ հարցերում անգամ ապակառուցողական դիրքորոշում են ցուցաբերում: Անշուշտ, ադրբեջանական պատվիրակություններն ու դիվանագետները լրջորեն փորձում էին խանգարել այս փաստաթղթի ընդունմանը, ինչը խոսում է այն մասին, որ վերջիններս մտահոգված են միջագային հանրության մոտեցումներով, որոնք վերջին օրերին արտահայտվեցին շատ կառույցների կողմից»,- նշեց նա:
Հարցին էլ, թե` այսուհետ միջազգային ո՞ր կառույցների կողմից Հայստանը պետք է սպասի արձագանքի, Արտակ Զաքարյանը պատասխանեց, թե այս փաստաթղթով միայն բավարարվել պետք չէ:
Նրա խոսքով, հայկական կողմը հիմնվելով գոյություն ունեցող իրողությունների վրա պետք է շարունակի ցանկացած միջազգային հարթակում բարձրաձայնել, ամրապնդել իր շահերն այնքան ժամանակ` մինչև այս պայքարի արդյուքնում ադրբեջանական հասարակության տրամադրության մեջ որոշակի փոփոխություններ տեղի ունենան:
Հիշեցնենք, որ այսօր Եվրախորհրդարանը Ռամիլ Սաֆարովի գործով բանաձև է ընդունել: