Պետության վախճանը
Այսպիսի վերնագրով հրապարակախոսական հոդված էր հրապարակել Տիգրան Սարգսյանը` դեռևս 2008 թվականին, վարչապետի պաշտոնում նշանակվելուց կարճ ժամանակ անց: Այն ժամանակ Տ. Սարգսյանը խոսում էր պետության` որպես հասարակական կյանքի կազմակերպման հիմնական ինստիտուտներից մեկի վախճանի և նոր միավորումների առաջացման մասին` ներկայացնելով տխրահռչակ «Հայկական աշխարհի» իր տեսլականը: «Հայկական աշխարհն», իհարկե, տեսլական էլ մնաց, սակայն պետության վախճանի գաղափարը ներկայիս իշխանությունների, այդ թվում` նաև Տիգրան Սարգսյանի գործունեության արդյունքում խոհափիլիսոփայական դաշտից տեղափոխվեց գործնական հարթություն: Դրա վկայությունը նաև վերջին երկու շաբաթներին տեղի ունեցած իրադարձություններն են:
Խոսքն, առաջին հերթին, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, Ադրբեջանում ազատ արձակման ու դրան հետևած իրադարձությունների մասին է: Նախ` Հայաստանի Հանրապետության` որպես պետության, չգոյության մասին էր վկայում այն, որ Հունգարիայի իշխանությունները, ինչպես պնդում է մեր արտգործնախարարը, խոստացել էին, որ արտահանձնում տեղի չի ունենալու, սակայն խաբել էին: Նորմալ պետություններին, սովորաբար, չեն խաբում: Սակայն դա հարցի մի կողմն է միայն:
Ինչպես արձագանքեց այդ իրադարձություններին Հայաստանը: Այդ մասին շատ է գրվել ու խոսվել, չկրկնվելու համար նշենք միայն, որ արձագանք կոչվածն ընդհանուր առմամբ սահմանափակվեց «համազգային դատապարտման», հունգարացիներին ու ադրբեջանցիներին անարգանքի սյունին գամելու, դրանցից ոչնչով չտարբերվող՝ ԱԺ-ի լղոզված հայտարարության սահմաններում: Այդ արձագանքի մեջ, պետություն, համապատասխան ինստիտուտներ ունեցող կազմավորում չէր երևում: Ավելին` այդ բացը լրացնելու համար իշխանությունը կազմակերպեց մի շարք քարոզչական միջոցառումներ` Անվտանգության խորհրդի նիստ, ԱԺ քննարկումներ, և այլն, հենց պետության բացակայությունը քողարկելու համար: Սակայն դրանից, իհարկե, պետությունը չվերակենդանացավ:
«Պետության վախճանի» մասին է վկայում նաև սաֆարովյան դեպքերին հաջորդած մեկ այլ` Հայաստանի համար ավելի սկզբունքային հարցի շուրջ քննարկումների «ակումբային» մակարդակը: Այդ իրադարձություններից հետո Հայաստանում ամենաշատը հնչող կոչերից մեկը վերաբերում է ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: «Ժառանգությունը»` սովորության համաձայն, այդ հարցով օրենսդրական նախաձեռնություն կազմակերպեց, իշխանությունն էլ` նույն իներցիայի ուժով մերժեց դա: Բայց եթե «Ժառանգության» կողմից այդ առաջարկի ներկայացման «ազգային հայրենասիրական» հիմնավորումներն ինչ-որ տեղ կարելի է նորմալ համարել, ապա նույնը չի կարելի ասել իշխանության, պետության մասին:
Ի վերջո, նույնիսկ ԼՂՀ անկախության ճանաչումը «ժամանակավրեպ» որակելու իրավասություն ունեցող իշխանական խոսնակներն ընդամենը կրկնում են անգիր արված մտքերը` մակերեսային, սիրողական մակարդակի հիմնավորումներով: Որովհետև Հայաստանը` որպես պետություն, չունի հստակ դիրքորոշում, չգիտի` պե՞տք է ճանաչել ԼՂ-ի անկախությունը, թե՞ ոչ, եթե ոչ` ինչո՞ւ, եթե այո` որո՞նք կլինեն հետևանքները, և այլն, և այդպես շարունակ:
Նման կարևորագույն հարցերի վերաբերյալ պատասխաններ ունենալու համար պետությունը պետք է ունենա համապատասխան ինստիտուտներ, որոնք մանրամասն կհաշվարկեն, կկանխատեսեն այս կամ այն քայլի՝ ոչ թե մեկ, այլ մի քանի, տասնյակ հետևանքները, դրական և բացասական կողմերը: Հայաստանում, սակայն, նման ինստիտուտներ ոչ միայն չկան, այլ նրանք, որոնք ֆորմալ առումով կոչված են կատարելու այդ աշխատանքը, զբաղված են միանգամայն այլ բաներով:
Նույնը կարելի է ասել նաև Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ ծավալված քննարկումների մասին: Հայաստանի որևէ պետական կառույց, որևէ պաշտոնյա հոդաբաշխ կերպով չի ներկայացրել Հայաստանի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ:
Խոսքը լղոզված ու վախվորած հայտարարությունների մասին չէ, որոնց հիմքում ընկած է ոչ թե Հայաստանի շահի ներկայացումը, այլ մտավախությունը, որ հանկարծ ռուսներն այդ հայտարարությունից չնեղանան: Խոսքը հաշվարկված, փաստարկված մոտեցումների մասին է, որոնք չեն ներկայացվում մի պարզ պատճառով. դրանք ուղղակի գոյություն չունեն:
Որովհետև Հայաստանում գործում է ոչ այնքան՝ պետական կառավարման, որքան՝ իշխանական համակարգ, որի և պետության շահերը ոչ միայն հաճախ չեն համընկնում, այլ հակառակը` ավելի հաճախ հակադրվում են:«Պետության վախճանի» մասին վկայող օրինակները կարելի է շարունակել, սակայն դրանից պատկերն ընդամենն ավելի տխուր կդառնա: Անկախ ամեն ինչից, սակայն, դա այն եզակի խոստումներից է, որը, փաստորեն, Տ. Սարգսյանին հաջողվել է իրագործել: