
Հալեպում մահացու բախումներից հետո կառավարական ուժերի և քրդական ուժերի միջև հրադադար է հաստատվել

Սիրիայի կառավարական ուժերը և քրդերի կողմից կառավարվող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» Հալեպում հրադադարի համաձայնության են հասել լուրջ բախումներից հետո։
Այս մասին հաղորդում է Syria TV-ն։
Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կա 1 զոհ, մի քանի վիրավոր, Ներքին անվտանգության ուժերի շրջանում ևս կա 1 զոհ, 4 վիրավոր։
Ըստ լրատվամիջոցի՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (ՍԴՈւ) թիրախավորել են Հալեպի հյուսիսում գտնվող անվտանգության անցակետեր՝ խուճապ տարածելով և նյութական վնաս հասցնելով։
Ըստ անվտանգության ուժերում Syria TV-ի աղբյուրի՝ ՍԴՈւ-ն ականանետային արկեր է արձակել և գնդացիրներից կրակ բացել բնակելի թաղամասերից մեկի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 8 խաղաղ բնակիչ։ Մեկ այլ թաղամասում ականանետային արկի հարվածից զոհվել է 1 կին, 4 մարդ՝ վիրավորվել։ Նշվում է, որ բնակելի այլ հատվածներում ևս կան վիրավորներ, նրանց հստակ թիվը չի հաղորդվում։
Աղբյուրը նաև հայտնել է, որ հատուկ ռազմական ստորաբաժանումները գործողություն են իրականացրել, որի ընթացքում հայտնաբերել են ՍԴՈւ-ին պատկանող թունել, որն օգտագործվել է հարձակումների համար։ Թունելը պայթեցվել է։
Գործողությունից հետո անվտանգության կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել, փակվել են մի շարք ճանապարհներ։ Մարդիկ ցույցի են դուրս եկել ճանապարհների փակման դեմ, սակայն քաղաքացիական հագուստով ՍԴՈւ-ի ուժերն, ըստ աղբյուրի, հարձակում են գործել անվտանգության անցակետի վրա՝ սպանելով 1 սպայի, վիրավորելով մի քանիսին։ Այս միջադեպից հետո ավելի շատ ճանապարհներ են փակվել, բնակիչներին կոչ է արվել դուրս չգալ տներից։
Ավելի ուշ ՍԴՈւ-ի և Ներքին անվտանգության ուժերի միջև բախումները դադարել են, և մշտական հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ Սրանք դարձել են մի քանի ամսվա ընթացքում կողմերի միջև ամենալուրջ բախումները։ Ըստ լրատվամիջոցի՝ իրավիճակն այժմ կայուն է։ Syria TV-ի աղբյուրը հայտնել է, որ Հալեպում տեղի ունեցածի պատճառ կարող էր լինել այն, որ բանակցությունների մի քանի փուլից հետո Սիրիայի կառավարությունը և ՍԴՈւ-ն չէին կարողացել համաձայնության գալ տարածաշրջանում անվտանգության ուժերի ներկայության առումով։