
Փարաքար համայնքի արտահերթ ընտրություններում համայնքապետ ընտրվեց Օնիկ Հախվերդյանը. Նա «Ապրելու երկիր» խմբակցությունից է

Փարաքարում ավարտեցին նոր ղեկավարի ընտրությունները, արդյունքում ավագանին փակ գաղտնի քվեարկությամբ նոր համայնքապետ ընտրեց «Ապրելու երկիր» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Օնիկ Հախվերդյանին։
Նա ինչպես 2025 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընտրություններում եղել է ցուցակի 2-րդ համարը։ Իր ելույթի ժամանակ Օնիկ Հախվերդյանը խոստացավ կյանքի կոչել բոլոր այն ծրագերը, որոնք եղել են Վալոդյա Գրիգորյանի ժամանակ։
Նա գրեթե ելույթը կիսատ թողեց, քանի որ հուզվել էր՝ հիշատակելով Վալոդյա Գրիգորյանի անունը։
Օնիկ Հախվերդյանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։
Մինչև արտահերթ նիստի մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արդեն նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չէր եղել, վիրավորվել էր Արծրուն Գալստյանը։
Վալոդյա Գրիգորյանը համայնքապետ էր ընտրվել այս տարվա մարտի 31-ին։