Արթուր Աղաբեկյան. Արցախի բնակավայրերի վերածնունդն ու հայրենադարձությունը միս ու արյուն են ստանում. «Արմենպրես»

Արցախի ազգային վիճակախաղից ստացված 240 միլիոն դրամը կհատկացվի Իշխանաձոր համայնքի վերածնունդին եւ հայրենադարձության գաղափարի կյանքի կոչմանը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ մինչեւ դեկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցնեն համայնքի 37 առանձնատան շինարարական աշխատանքները: Փոխվարչապետի փոխանցմամբ` նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում եւ փետրվարի կեսերից կսկսվի առանձնատների շինարարությունը:

Արթուր Աղաբեկյանի խոսքերով` Իշխանաձոր համայնքն ունի բոլոր ռեսուրսները բնակիչ ընդունելու եւ ապահովելու նրանց բարեկեցությունը: «Իշխանաձոր համայնքում այսօր 240 բնակիչ կա, գործում է գյուղապետարան եւ դպրոց: Գյուղն ապահովված է խմելու ջրով եւ ունի հսկայական տարածքներ բնակարանաշինության համար: Մեր առաջնային նպատակն Իշխանաձոր համայնքում բնակիչների թիվը 1000-ի հասցնելն է»,- ասել է Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ Իշխանաձորի վերաբնակեցումը սերտ կապված է մեկ այլ` Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի հետ:

Փոխվարչապետի գնահատմամբ` իրենց առջեւ հավակնոտ եւ պատասխանատու նպատակ են դրել, սակայն վստահ են, որ արդյունքը դրական է լինելու: «Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի իրագործումը նոր աշխատատեղեր կբացի:

Կառավարությունը նպատակ է դրել 10 հազար հա հող պատրաստել հողագործության համար: Մեկ հա-ի համար ներդարված գումարը 400,000 դրամ է: Լավ ենք հասկանում, որ այսօր հողօգտագործողն ի վիճակի չէ իր գրպանից այդ գումարը ներդնել եւ էռոզիայի ենթարկված հողը վերամշակել ու հողագործությամբ զբաղվել: Հետեւաբար, պետական ռեսուրսները ներդրվում են ակնկալիքով, որ հողօգտագործողը մեկ հա-ից կստանա մի քանի միլիոն շահույթ եւ հնարավորություն կունենա 10 տարվա ընթացքում վճարելու պետական ներդրումն ու դառնալու հողի սեփականատեր»,- ասել է Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ 2013-ին շահագործման է հանձնվել 400 հա հողատարածք, 2014-ին հողօգտագործողներին կտրամադրվի 1000 հա հողատարածք:

Կարդացեք նաև

Տարածքի վերաբնակեցման նպատակով արդեն կառուցվել է 48 կմ ջրատար եւ արտեզյան հինգ ջրհորներ: Փոխվարչապետն արդեն հանդիպել է Արմավիրի մարզի տարբեր գյուղերի բնակիչների հետ, խորհուրդ տվել մասնակցել հայրենադարձության ծրագրին:

Արթուր Աղաբեկյանի ներկայացմամբ` շուտով Արաքսի ափին կգործի նաեւ տոմատի գործարանը, որին անհրաժեշտ է լինելու 1000 տոննա լոլիկ: Սա նույնպես կնպաստի հողագործության զարգացմանը, քանի որ գյուղացին վստահ կլինի, որ իր ապրանքը կմեթրվի: Որպեսզի Իշխանաձորի բնակչի համար հեշտ լինի Արաքսի ափին հողագործությամբ զբաղվել, շուտով կառավարությունը կապահովի նաեւ ավտոբուսային երթուղին եւ 20 րոպեի ընթացքում գյուղացին կկարողանա Իշխանաձորից հասնել Արաքսի ափ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս