Ալիևը «մաքրում» է իրեն. ինչո՞ւ է Բաքուն հիշել Մանվել Գրիգորյանին, ով է լինելու հաջորդը

«Ալիևի առաջարկը ՀՀ քաղաքացիներին և պատասխանը Փաշինյանին՝ «ադրբեջանցիների դեմ «իրականացված ցեղասպանությանն» իրավական գնահատական տալու հարցն առավել քան ակտուալ է» վերտառությամբ հոդված ենք հրապարակել հուլիսի 4-ին, որտեղ մի շարք ահազանգեր էինք հնչեցրել:

Դրանից մեկ օր հետո Բաքվի քարոզչամեքենան հիշել է Մանվել Գրիգորյանին, նշելով, որ թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտված է, առաջ է մղվում խաղաղության գործընթացը, նախաստորագրված և ստորագրված վաշինգտոնյան փաստաթղթեր կան, սակայն Առաջին պատերազմն և դրա հետևանքները հանգիստ չեն տալիս, հատկապես, երբ, ըստ Բաքվի, 4000 անհայտ կորած ունեն:

««Ազատագրված» տարածքներում պարբերաբար հայտնաբերվում ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ ռազմագերիների զանգվածային գերեզմաններ։ 2021 թվականի փետրվարին յոթ մարդու աճյուններով զանգվածային գերեզման է հայտնաբերվել Դաշալթը գյուղում (Քարին տակ:- Մ.Պ.), իսկ հաջորդ տարի՝ Էդիլլուում (Ուխտաձոր, սրա պաշտպանության հետ է նաև կապվում գեներալ Մանվել Գրիգորյանի անունը:- Մ.Պ.)։

Կարդացեք նաև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այն ժամանակ հայտնեց, որ դրանում գտնվում են ադրբեջանցի զինծառայողների մարմիններ, որոնք, ենթադրաբար, «մահապատժի են ենթարկվել հայկական անջատողական ուժերի կողմից 1990-ականների պատերազմի ժամանակ» (չակերտները:- Մ.Պ.):

Նույն թվականին՝ զանգվածային գերեզման Սարըջալը գյուղում (Ակնայի հատված:- Մ.Պ.): Իշխանությունների տվյալներով՝ այդտեղ գտնվում էին 1992 թվականին զոհված և հուղարկավորված մարդկանց աճյուններ։ Եվ սա դեռ ամբողջական ցուցակը չէ»,- գրել է minval.az-ը, և հենց այս համատեքստում է ադրբեջանական քարոզչամեքենան հիշատակում Մանվել Գրիգորյանի անունը՝ պնդելով, որ նա «ստրուկի կարգավիճակում իր տանն ադրբեջանցի գերիներ է պահել», որոնցից մեկին, իհարկե, ազատ է արձակել:

«Բայց ամենակարևորը՝ դեռ կա Հայաստանը։ Հենց այն Հայաստանը, որտեղ նույնպես պահվում էին ադրբեջանցի գերիներ և պատանդներ, և ուր հասանելիությունը ադրբեջանական համապատասխան գերատեսչություններին, հասկանալի պատճառներով, փակ էր»,- պնդում է մի երկիր, որը ներկա պահին պահում է հայ գերիների և պատանդների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը, կամ՝ սա ասում է մի երկիր, որտեղ Առաջին պատերազմից շատ անցած գերության մեջ հայ գերիներ են սպանվել, որոնք, ի դեպ, առևանգվել են, և այլն:

Այլ հարց է, որ Հայաստանի գործող իշխանությունները չեն ուզում այս մասին բարձրաձայնել, բայց դրանից Ալիևի հիշողությունը չի «մթագնում», ոչ էլ Հայաստանի դեմ պայքարն է մի կողմ դրվում: Այսօր, ավելի քան երբևէ, Բաքուն պիտի միջազգային հանրության ուշադրությունը շեղի իր ռազմական հանցագործություններից, արդարացնի Կարմիր Խաչին Բաքվից դուրս հանելը:

Խնդիրն այն է, որ այսօր կարող են Մանվել Գրիգորյանին հիշել, որը կենդանի չէ, վաղը հիշել մեկ այլ ազատամարտիկի և հրամանատարի, որը կենդանի է:

Ի դեպ, Բաքվի «դատավարության» ժամանակ դատարան գործուղված «տուժողներից» մեկը՝ Ռաուֆ Գաֆարով անունով, նմանօրինակ ցուցմունք էր տվել ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի դեմ:

Նա, մասնավորապես, պնդել էր, թե «1994 թվականի ապրիլին Ֆիզուլիի շրջանում՝ Վարանդա, գերի է ընկել և միայն 1996 թվականի մայիսի 10-ին է վերադարձվել, իսկ այդ ընթացքում իբր իրեն և մոտ 25 ադրբեջանցու ստիպողաբար ընդգրկել են Սամվել Բաբայանի տան շինարարության գործում»:

Արդյո՞ք այս առումով կլինի վերադարձ Սամվել Բաբայանին, ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է՝ հերթով ադրբեջանական թիրախում առկա հայ ազատամարտիկներին և հրամանատարներին տարբեր առիթներով հիշելու են և փորձելու «դոսյե» թարմացնել, կամ արդեն ունեցածն օգտագործել՝ ներքաղաքական և արտաքին ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031