Բաժիններ՝

Ի՞նչ ազդեցություն կունենա Երկիրը մագնիսական փոթորկի արդյունքում

Առաջիկա օրերին` հունվարի 9-10-ը, Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում: Արեգակի վրա ռենտգենյան բռնկման արդյունքում, հունվարի 9-10-ը Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում: Այս մասին հաղորդում է«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` նշելով, որ մագնիսային փոթորիկների ժամանակ մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ:

Ընդհանրապես ինչպիսի՞ ազդեցություն կունենա Մագնիսական փոթորիկը Երկրի վրա. 168.am-ը զրուցել է մասնագետի հետ: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանի խոսքով՝ դրանք Երկրի մագնիսական դաշտի խոտորումներ են, պարզապես ավելի մեծ չափով խոտորումները կոչվում են փոթորիկներ: Նրա խոսքով` սովորաբար նման խոտորումներ միշտ են լինում, սակայն դրանք հիմնականում լինում են փոքր չափերի:

«Այդ ամենի ազդեցությունը հիմնականում նկատելի է էլեկտրական և մագնիսական սարքերի վրա, մասնավորապես`նաև էլեկտրակայանների»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ նմանատիպ ամենաուժեղ փոթորիկները կարող են անգամ շարքից դուրս բերել էլեկտրակայանները: Ինչ վերաբերում է մարդու ինքնազգացողությանը, ապա, ըստ մասնագետի՝ սա այդքան էլ այդպես չէ:

Հարցին, թե առաջիկայում սպասվող փոթորիկը կարո՞ղ է արդյոք ազդել Հայաստանում էլեկտրականության և էլեկտրակայանների աշխատանքի վրա, Ա. Միքայելյանը պատասխանեց.  «Հայաստանն  այս առումով ապահովագրված է, որովհետև նման փոթորիկներն ավելի ուժգին տեղի են  ունենում բևեռներում, իսկ եթե Հայաստանում այդ ազդեցությունը լինի, նշանակում է, բևեռներում այն կարող է ամեն ինչ ավերել: Այսինքն` շատ ուժեղ բռնկում պետք է լինի, իսկ դա տեղի է ունենում 10 տարին մեկ անգամ»:

Կարդացեք նաև

Ըստ մասնագետի` այժմ, սակայն, նմանատիպ ուժեղ բռնկում չի սպասվում, և կարելի է հանգիստ լինել, պարզապես ժամանակի ընթացքում այդ բռնկումները չափող սարքերն ավելի են կատարելագործվել  և գրանցում են անգամ ամենափոքր բռնկումները, ինչը երբեմն մարդկանց մոտ խուճապ է առաջացնում:

«Մենք այժմ գտնվում ենք Արեգակի ակտիվության մաքսիմումին մոտ, որն աստիճանաբար, այս տարվանից սկսած՝ իջնելու է:  Դրա համար հիմա ավելի հաճախ են բռնկումներ լինում, ինչը, սակայն, առաջիկա տարիներին կթուլանա, և դրանք ավելի քիչ կգրանցվեն»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ անհանգստանալու կարիք, համենայնդեպս, չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս