Meta-ն AWS-ի հետ տասնյակ միլիոնավոր Graviton միջուկների մատակարարման գործարք է կնքել
Meta Platforms-ը ուրբաթ օրը հայտարարեց Amazon Web Services-ի (AWS) հետ գործընկերության մասին. ընկերությունն իր հաշվողական ենթակառուցվածքում կտեղակայի տասնյակ միլիոնավոր AWS Graviton միջուկներ՝ դառնալով Graviton-ի աշխարհի խոշորագույն հաճախորդներից մեկը: Համաձայնագիրն ընդլայնում է Meta-ի և AWS-ի միջև առկա ամպային համագործակցությունը և արտացոլում է տեխնոլոգիական ոլորտի ընդհանուր միտումը՝ օգտագործել մասնագիտացված պրոցեսորներ արհեստական բանականության (ԱԲ) խնդիրների համար, գրում է Benzinga-ն:
Գործարքն ուղղված է Meta-ի գործակալական ԱԲ (agentic AI) համակարգերի աշխատանքի ապահովմանը: Դրանք ինքնավար ծրագրային ապահովումներ են, որոնք ընդունակ են դատողություններ անել, պլանավորել և կատարել բազմափուլ առաջադրանքներ, ինչը պահանջում է CPU-ի հսկայական հաշվողական ռեսուրսներ: Meta-ն հայտնել է, որ նախնական տեղակայումը կսկսվի տասնյակ միլիոնավոր Graviton միջուկներից՝ հետագայում ընդլայնվելու հնարավորությամբ, քանի որ ԱԲ հնարավորությունները շարունակում են զարգանալ:
Մասնագիտացված չիպեր գործակալական ծանրաբեռնվածության համար
AWS Graviton5-ը, որը ներկայացվել է 2025 թվականի դեկտեմբերին, միավորում է Arm ճարտարապետության վրա հիմնված 192 միջուկ մեկ սոկետում՝ օգտագործելով 3 նանոմետր տեխնոլոգիական գործընթացը: Այն ապահովում է մինչև 25% ավելի բարձր արտադրողականություն, քան իր նախորդը, ինչպես նաև L3 քեշի հնգապատիկ աճ: Այս բնութագրերը նախատեսված են այնպիսի ծանրաբեռնվածության համար, որը պահանջում է տվյալների մշակման բարձր արագություն և լայն թողունակություն. հենց այն, ինչ անհրաժեշտ է գործակալական ԱԲ-ին՝ լայնամասշտաբ անընդհատ վերլուծությունների և առաջադրանքների կատարման համար:
«Խոսքը միայն չիպերի մասին չէ. մենք հաճախորդներին տրամադրում ենք ենթակառուցվածքային հիմք, ինչպես նաև տվյալների և ինֆերենսի (inference) ծառայություններ՝ ստեղծելու այնպիսի ԱԲ, որը հասկանում է, կանխատեսում և արդյունավետորեն մասշտաբավորվում է միլիարդավոր մարդկանց համար ողջ աշխարհում»,— Meta-ի պաշտոնական հայտարարության մեջ նշել է Amazon-ի փոխնախագահ և առաջատար ինժեներ Նաֆեա Բշարան:
Meta-ի ենթակառուցվածքային ուղղության ղեկավար Սանտոշ Ջանարդհանը այս գործարքը որակել է որպես պորտֆելային ավելի լայն ռազմավարության մաս: «Հաշվողական ռեսուրսների աղբյուրների դիվերսիֆիկացումը ռազմավարական անհրաժեշտություն է»,— ասել է նա: «Անցումը Graviton-ին թույլ է տալիս մեզ կատարել գործակալական ԱԲ-ի պրոցեսորատար խնդիրները մեզ անհրաժեշտ արտադրողականությամբ և արդյունավետությամբ մեր մասշտաբների դեպքում»:



