«Փառք Աստծո, վիրահատություններն անցել են, հիմա այլևս վիրահատությունների կարիք չկա». Վերա Խաչատրյան
Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակն արդեն լավ է՝ երկու բարդ վիրահատություններից հետո։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, 168.am-ին փոխանցեց, որ բոլոր վիրահատություններն իր հայրը բարեհաջող անցել է։
«Փառք Աստծո, վիրահատություններն անցել են, հիմա հայրս իրեն արդեն լավ է զգում։ Այլևս վիրահատությունների կարիք չկա, միայն ժամանակ առ ժամանակ գնում է պրոֆիլակտիկ ստուգումների, այնպես չէ, որ ինտենսիվ բժիշկների հսկողության տակ է։
Երևի մի երկու անգամ էլ կայցելի հիվանդանոց, ստուգումների, և վերջ»,- նշեց Վերա Խաչատրյանը։
Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանը գերությունից վերադառնալուց հետո, հունվարի 27-ին ենթարկվել էր վիրահատության, օրեր անց նա երկրորդ անգամ էր վիրահատվել։
Հիշեցնենք, հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Բաքվում ապօրինի պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։
Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։
Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Այս պահին Բաքվում գերության մեջ են գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները և քաղաքացիական այլ անձինք։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մի մասն ապօրինի դատապարտվել է ցմահ ազատազրկման, մի մասն էլ՝ 16-19 տարվա ազատազրկման։



