Հիշե՛ք բոլորդ՝ խոսքը Հայաստանը մասնատելու մասին է. Փաշինյանը կեղտոտ, արյունոտ մանիպուլյացիա է անում. Լարիսա Ալավերդյան
Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «կեղտոտ, արյունոտ մանիպուլյացիա է»։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների միջազգային իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե «Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու հետևանք է»։

Դասախոսական աշխատանքի երկարամյա փորձ ունեցող մասնագետն ընդգծում է՝ շատ կասկածամիտ է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք անգամ բուհը չեն կարողացել ավարտել։
«Մենք գիտենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարողացել հանձնել համապատասխան քննությունները և ավարտել համալսարանը, և իր շատ ու շատ արտահայտություններ ես դրան եմ վերագրում։ Անգամ, եթե ինքն ինչ-որ մեջբերումներ է անում, միշտ կասկածում եմ՝ արդյոք նա ճի՞շտ է հասկացել այն, ինչ մեջբերում է։
Երկրորդը՝ արդեն արտահայտված է վերին աստիճանի հասցեական, որ նա քաղաքական մանիպուլյացիայի մասնագիտության մեջ կարող է 10 դիպլոմ ստանալ։
Չունենալով համալսարանական կրթության դիպլոմ՝ նա մանիպուլյատիվ տեխնոլոգիաների մեծ վարպետ է։ Եթե լիներ այդպիսի համալսարան, նա հաստատ կավարտեր գերազանց։ Հիմա դա մանիպուլյացիա է և այդ մանիպուլյացիան անուն ունի։ Դա կեղտոտ, արյունոտ մանիպուլյացիա է։ Գիտեք, ցեղասպանագետներն ամենալուրջ գիտնականներից են։ Նրանց մեծ մասը պատմագիտական, փիլիսոփայական կամ քաղաքագիտական կրթություն ունեն։
Ցեղասպանագիտությամբ չեն զբաղվում պատահական մարդիկ։ Ցեղասպանագետները մեկ առաքելություն ունեն՝ զգուշացնել, կանխարգելել նոր ցեղասպանությունները, և պատահական չէ, որ իրենք արդեն անվանում են մշակել այն անձանց, որոնք փորձում են նման հայտարարություններով հանդես գալ։ Դա կոչվում է «զոհի թիրախավորում», մեղքը զոհի վրա դնել»,- մեկնաբանեց Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանը հավելեց.
«Նիկոլ Փաշինյանի՝ որպես ՀՀ հպարտ քաղաքացիներից և 3 միլիոն վարչապետներից մեկի հայտարարությունն առոչինչ է։ Դա խոսում է միայն իր ղեկավարած քաղաքական ուժի և անձամբ իր մոլորությունների կամ նպատակադրված մանիպուլյացիաների մասին, որոնք լի են արյունոտ հետևանքներով։ Ես ինքս դատապարտում եմ ամբողջովին, համաձայն չեմ որևէ մեկի հետ, որն ընդհանրապես փորձում է ռևիզիայի ենթարկել ցեղասպանագետների՝ 111 տարվա աշխատանքը»։

Հայաստանի առաջին օմբուդսմենը հիշեցնում է՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին՝ Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, թուրքական դատարանն է դատել, և Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է այսօր բացատրի, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։
Լարիսա Ալավերդյանը նաև հիշեցրեց ինչպես Անտանտի տերությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի 1915թ. մայիսի 24-ի Համատեղ հռչակագիրը հայերի կոտորածի մասին, որտեղ առաջին անգամ հայերի զանգվածային սպանություններին տրվում է «մարդկության դեմ կատարված հանցագործություն» ձևակերպումը, այնպես էլ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը հստակ սահմանում է ցեղասպանության հանցագործությունը։
«Շատ պարզ գրված է այդ վճռի մեջ, որ դա եղել է ազգությամբ հայերի և այլ քրիստոնյաների նպատակային ոչնչացման և հայրենազրկման համար։ Այնքան բաներ կարելի է հիշել այդ տարիներին տեղի ունեցած իրադարձություններից, բայց հայտնի է, որ Օսմանյան կայսրության հայկական համայնքը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակի կողմից, և այդպիսի հայտարարությունն ունի կանխամտածված բնույթ, և այստեղ պատճառաբանել, որ նա գրագիտություն չունի, դա շատ քիչ է։
Նա փաստաթղթերի հետ չի սիրում աշխատել և դատում է թուրքական ժխտողական քաղաքականության դիրքերից։ Այսօր այն անձը, որը չի կարողանում Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ազգանունները հրապարակել, պահանջում է մեկուկես միլիոն սպանված զոհերի ազգանունները տպել, դրանից հետո ի՞նչ եք ուզում։ Դա կեղտոտ մանիպուլյացիայի ձև է։ Սա կեղտոտ, արյունոտ մանիպուլյացիա է։ Ինչո՞ւ արյունոտ։
Ցեղասպանագետները հստակեցնում են, որ այդպիսի փորձերը՝ ինչպես և ժխտողականությունն ու հանցագործությունների քողարկումը, իսկ սա այդպիսի փորձ է, ևս հանցագործություն է, որովհետև դա նպաստում է նոր ցեղասպանությունների իրականացմանը։ Այսինքն՝ այդ անձին դեռ բավարար չէ այն ցեղասպանական ակտը, որ տեղի է ունեցել Արցախում 2020-23թթ.։ Նա հստակ պատրաստ է սպասարկել այլ ցեղասպանությունները հայերի հանդեպ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը կեղտոտ և արյունոտ մանիպուլյացիա է, որովհետև այն հղի է մեծ վտանգով, այն է՝ դրանով ոգևորվում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ շարունակել ցեղասպանությունը նախկին կամ նոր՝ «հիբրիդային» մեթոդներով։
Այս համատեքստում Լարիսա Ալավերդյանն ահազանգում է՝ «մեզ զավթել են ներսից»։
«Մեր խնդիրը պայքարելն է, որ այս զավթված վիճակից ազատվենք։ Սա ազատագրական պայքար է։ Հիշե՛ք բոլորդ՝ խոսքը գնում է Հայաստանը մասնատելու մասին»,- հայտարարեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն ուղերձով էր հանդես եկել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ արտահայտելով մի շարք վիճահարույց մտքեր և փորձելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման վերնագրի ներքո, ըստ էության, առաջ տանել իր հայտնի քարոզչական տեսակետները պատմության վերանայման, ազգային հիմնախնդիրների՝ մեծ տերությունների ձեռքին ազդեցության գործիք լինելու, «խաղաղության»՝ ցեղասպանության կրկնությունը թույլ չտալու երաշխիք լինելու, պետության և հայրենիքի նույնականության մասին, առաջ քաշելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը հիշեցնող թեզեր և գնահատականներ։ Ավելի պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում որևէ խոսք չկա Հայոց ցեղասպանության հանցագործության համար Թուրքիայի պատասխանատվության կամ մեղավորության մասին։
Մասնավորապես՝ տեքստի սկզբում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ապրիլի 24-ին «մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան Կայսրությունում», սակայն չի նշվում, թե ովքե՞ր էին ցեղասպանության կազմակերպիչները և ովքե՞ր են նրանց իրավահաջորդներն այսօր։ Իսկ սովի, համաճարակների, հիվանդությունների մասին հիշատակումն ինքնին հիշեցնում են թուրքական ժխտողականության՝ ավելի քան 1,5 միլիոն հայերի կանխամտածված սպանությունը՝ ցեղասպանությունը, ինչ-ինչ «դժբախտ պատահարներին» կամ «հիվանդություններին» վերագրելու փորձերը։
Երկրորդ, հղում անելով ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրատարակած Հայոց պատմության հատորյակին՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե այնտեղ հիմնավոր կերպով արձանագրված է, որ «Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է»։ Նիկոլ Փաշինյանն ինքն է պնդում անում, թե «հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա»։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայոց ցեղասպանության հարցն էլ Արցախի հարցի նենգափոխման սկզբունքով տանել դեպի իր այն արդարացումները, որ այն «թոկ էր մեր վզին», հետևաբար՝ դրանից պետք է ազատվել։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ուղերձում պնդում է, թե հայ ժողովրդի մեծագույն փափագը պետություն և խաղաղություն ունենալն է, որն իրականացված է, և պետությունն ու խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չի ունենա։ Այս համատեքստում նա կոչ է անում «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29.743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



