TRIPP-ը միայն Ադրբեջան-Նախիջևան կապ չէ, այն տարածաշրջանային ռազմավարական նախագիծ է. ԱԳ փոխնախարար

TRIPP նախագիծը շատ ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի և չի սահմանափակվում միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը անդրադարձել է TRIPP նախագծին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։Կոստանյանը նշել է, որ TRIPP նախագծին աջակցելու ձևակերպումը լիովին ճշգրիտ չէ։

«ԹՐԻՓՓ նախագծին աջակցելը Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների թերևս ամենաճշգրիտ բնորոշումը չէ, քանի որ, նախ՝ TRIPP-ն այնպիսի նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և երկրորդ՝ մենք ինքներս խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նախագիծը ունի շատ ավելի լայն ռազմավարական նշանակություն։

«ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և ռազմավարական նախագիծ է՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու, ինչպես նաև փոխադարձ օգուտների ապահովման հանձնառությունը հասկանալու համար»,- նշել է Կոստանյանը։

Նա ընդգծել է, որ ապաշրջափակման արդյունքում Հայաստանը կարող է կապվել սեփական տարածքի տարբեր հատվածների միջև։

«Սա նաև գործնականում նշանակում է, որ Հայաստանի հարավային հատվածը կարող է կապվել հյուսիսային հատվածի հետ՝ օգտագործելով Նախիջևանի երկաթուղին»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացը հնարավորություն կտա կապել Արևելքը Արևմուտքի, ինչպես նաև Ծոցը Սև ծովի հետ։

Կոստանյանի խոսքով՝ Հայաստանը հետաքրքրված է նախագծի իրականացմամբ և ակտիվ քննարկումներ է վարում ամերիկյան կողմի հետ։«Ակտիվ քննարկումներ են ընթանում ամերիկացի գործընկերների հետ այն մասին, թե ինչպես ենք պատրաստվում Հայաստանում ստեղծել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն»,- նշել է նա։Նա նաև ընդգծել է, որ արդեն առկա են տարածաշրջանային համագործակցության գործնական օրինակներ։

«Արդեն մեկնարկել ենք ոչ միայն իրագործելիության ուսումնասիրությունը, այլ նաև հենց տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, քանի որ օգոստոսի 8-ից հետո, օրինակ, ունենք Ղազախստանից՝ Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային համակարգերով հացահատիկ ներմուծելու նախադեպ»,- ասել է Կոստանյանը՝ դա գնահատելով որպես համագործակցության արդյունավետ օրինակ։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Կոստանյանը նշել է, որ կողմերը խոսում են խաղաղության հաստատման մասին։

«Երկու երկրների առաջնորդներն էլ բազմիցս նշել են, որ խաղաղությունն արդեն հաստատված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այն գործընթացները, որոնք այժմ ընթանում են, նախընտրում ենք անվանել խաղաղության ինստիտուցիոնալացում»,- ասել է նա։Նրա խոսքով՝ այս գործընթացի շրջանակում իրականացվում են տնտեսական և այլ քայլեր։«Արդեն սկսել ենք երկկողմ ուղիղ առևտուրը՝ Ադրբեջանից վառելիքի ներմուծմամբ, և հուսով ենք, որ մոտ ապագայում դա տեղի կունենա ևս՝ արդեն հստակեցրել ենք, թե ինչ ենք արտահանելու Հայաստանից Ադրբեջան»,- նշել է Կոստանյանը։Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում նաև հասարակությունների միջև շփումների ուղղությամբ։

«Կազմակերպվում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ հանդիպումները տեղի են ունենում ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում և Ադրբեջանում։Կոստանյանը կարևորել է նաև տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերը։«Ունենք նաև շատ կարևոր ձևաչափ, որը հաստատվել է մեր վրացի գործընկերների հետ՝ արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ խորհրդակցությունների տեսքով»,- նշել է նա։

ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ տարածաշրջանում համագործակցության հեռանկարները լայն են։

«Մենք տարածաշրջանային համագործակցության մեծ հեռանկար ենք տեսնում ոչ միայն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև, այլև մեր ավելի լայն հարևանության հետ»,- եզրափակել է Կոստանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930