Թուրքիայում հյուրանոցները կարող են փակվել հրդեհային անվտանգության նոր պահանջների պատճառով. Ekonomim
Թուրքիայում բազմաթիվ հյուրանոցներ կարող են դադարեցնել գործունեությունը, եթե մինչև մայիսի 31-ը չհասցնեն իրենց տարածքները համապատասխանեցնել հրդեհային անվտանգության նոր ու խստացված չափանիշներին։ Այս մասին ահազանգում է թուրքական գործարար Ekonomim պարբերականը։
Ինչպես հայտնում է թերթը, այս տարվա հունվարից երկրում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք զգալիորեն բարդացնում են հյուրանոցների լիցենզավորման և գործող թույլտվությունների երկարաձգման գործընթացը։ Այս կոշտ միջոցառումների պատճառը 2025 թվականի հունվարին Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպն է։ Այն ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 78 մարդ (որոնց մեծ մասը երեխաներ)։ Հենց այդ արտակարգ պատահարից հետո էլ իշխանությունները որոշել են վերանայել և խստացնել անվտանգության բոլոր ստանդարտները։
«Ekonomim»-ի կողմից մեջբերված զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ կարգավորող մարմինների չափազանց ծանրաբեռնվածության պատճառով հյուրանոցներում հրդեհային անվտանգության ստուգումների հանդիպումները նշանակվում են մեկ տարի առաջ։ Ամենաօրհասական վիճակը Ստամբուլում է, որտեղ գործում է ավելի քան 3000 հյուրանոցային օբյեկտ՝ շուրջ 135 հազար համարով և 250 հազար ննջատեղիով։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում նրանով, որ մինչև տարեվերջ մեգապոլիսում նախատեսվում է բացել ևս 67 հյուրանոց՝ 15 հազար լրացուցիչ ննջատեղով։
Նշվում է, որ հյուրանոցների զանգվածային փակումներից խուսափելու համար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ անհրաժեշտ է վավերացնել այն հյուրանոցների լիցենզիաները, որոնք մայիսի 31-ից առաջ գրանցվել են ստուգումների համար, բայց չեն ավարտել դրանք կառավարության կողմից սահմանված ժամկետում։



