Վլադիմիր Զելենսկին կայցելի՞ Հայաստան
Մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով:
Մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:
Երկօրյա այցով, գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը:
168.am-ի աղբյուրներից քիչ առաջ հայտնի դարձավ, որ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն ՀՀ արգործնախարարությունը դեռևս փորձում է նրա այցի մասին տեղեկատվությունը գաղտնի պահել:
Հիշեցնենք, ամիսներ առաջ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ գագաթնաժողովին մասնակցելու համար հայկական կողմը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի մասնակցի՝ ավելացնելով, որ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Էրդողանը կընդունի իրենց հրավերը:



