Բաժիններ՝

Ահազանգ ծնողներից. ընդունելության հին բարքեր՝ նոր չինական դպրոցում

Այսօր «Հայ-չինական բարեկամության դպրոցի» տնօրինությունը դիմորդների ծնողներին հրավիրել էր հանդիպման: Դպրոցը, որ այս տարի առաջին անգամ է բացելու դռներն աշակերտների առաջ, լուրջ խնդիր ունի՝ շուրջ 450 տեղի համար դիմել են կրկնակիից ավելի թվով աշակերտներ, մինչդեռ նրանց ընտրության որևէ տարբերակ՝ քննություն, թեստ կամ հարցազրույց, նախատեսված չի եղել: Եվ այսօրվա հանդիպման բուն նպատակն է եղել՝ ծնողների հետ խորհրդակցել, թե ինչ կերպով է կատարվելու երեխաների ընտրությունը:

Ընդ որում՝ ծնողներին նախազգուշացվել էր, որ հանդիպման մասին նախապես կտեղեկացնեն հեռախոսազանգով, սակայն շատ ծնողներ այդպես էլ որևէ զանգ չեն ստացել, իսկ հանդիպման մասին իմացել են լրատվամիջոցներից:
Հանդիպումից հետո ծնողներից ոմանք ահազանգել են 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով ստեղծված իրավիճակից, մասնավորապես՝ տեղեկություններ կան, որ ընդունելությունը որոշ չափով իրականացվել է ծանոթ-խնամի-բարեկամ սկզբունքով, իսկ մնացած տեղերի բաշխումը խիստ կասկածներ է հարուցում:

Խնդիրն այն է, որ Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն առաջարկել է վիճակահանություն անցկացնել՝ աշակերտներին ընտրելու համար: Նշվել է նաև, որ կարող են ընտրել՝ ըստ երեխայի առաջադիմության:

Սա հարուցել է ծնողների վրդովմունքը՝ վիճակահանության տարբերակն ընդհանրապես անընդունելի են համարում, իսկ առաջադիմությունն էլ մեր երկրում հարաբերական հասկացություն է, որովհետև որքան էլ հայտարարվել է դպրոցներում կոռուպցիայի վերացման մասին, սակայն ուսուցչին ցուցաբերած վերաբերմունքը գնահատականի հարցում շատ տեղերում դեռևս մեծ նշանակություն ունի:

Կարդացեք նաև

Մեզ հետ զրույցում Ա.Արշակյանը հաստատեց, որ ծնողների հետ քննարկվել են դպրոց ընդունելու տարբերակները. «Լսեցինք ծնողների կարծիքները, առաջիկայում կտեղեկացնենք, թե ինչպես է լուծվելու խնդիրը»:

Նա նշեց, որ անձամբ ինքը հակված է վիճակահանության տարբերակին, որովհետև դա միակն է, որ պահպանում է հավասարության սկզբունքը:

Ա.Արշակյանի խոսքով, գիտելիքը կարևոր չէ, որովհետև «Հանրակրթության մասին» օրենքը չի թույլատրում երեխային դպրոց ընդունելիս գիտելիքի գնահատում կատարել.

«Այսինքն՝ եթե երեխան ունի բավարար գիտելիքներ, նա ցանկացած դպրոցում կարող է սովորել: Օրենքը թույլ չի տալիս գիտելիքի գնահատում իրականացնել»:

Դիտարկմանը, թե, օրինակ, ֆիզմաթ դպրոցում քննություններ են անցկացվում, Ա.Արշակյանը պատասխանեց, որ ֆիզմաթն իր կանոնադրությամբ հատուկ ընդունակություններ ունեցող երեխաների դպրոց է, իսկ չինական դպրոցը նման կարգավիճակ չունի, այն սովորական հանրակրթական դպրոց է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս