Բաժիններ՝

Նորակառույց շենքերը համապատասխանում են ժամանակակից նորմերին. դրանք կարող են դիմանալ մեծ սեյսմիկ բեռների

Հայաստանի բնակարանային ֆոնդի մոտ 60-70 տոկոսը սեյսմակայուն չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կան և՛ սեյսմակայուն, և՛ ոչ սեյսմակայուն շենքեր, քանի որ դրանք տարբեր նախագծային լուծումներ ունեն։

«Նորակառույց շենքերը, օրինակ Հյուսիսային պողոտայի, կառուցվել են ժամանակակից նորմերին համապատասխան։ Սա նշանակում է, որ նոր նորմերով նախատեսված ապահովության տարբեր գործակիցները բազմապատկելով՝ տեսնում ենք, որ նորակառույցները 3-4 անգամ ավելի մեծ սեյսմիկ բեռների կարող են դիմանալ, քան Խորհրդային Միության տարիներին։ Այդ շենքերի գերակշռող մեծամասնությունը կառուցվում է միաձույլ երկաթբետոնե կմախքով, իսկ սա շատ մեծ առավելություն ունի հավաքովի երկաթբետոնի նկատմամբ»,- տեղեկացրեց Նամալյանը։

Մինչև 1988 թվականին երկրաշարժը կառուցված շինությունները, նրա պնդմամբ, սեյսմակայուն չեն։

«Այդ շինությունները կառուցվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, իսկ ներկայումս այդ տարածքներն ավելի բարձր վտանգի գոտում են։ Այն ժամանակ գործող նորմերում կային բավական շատ թերություններ՝ շենքերը հիմնականում տիպարային նախագծերով են եղել՝ ամեն մի տեսակից հազարավոր կառուցվել է։ Կոսնտրուկտորական լուծումների կոպիտ սխալներով են եղել շենքերը, սակայն խոշորապանելայինները բավականին լավ են կառուցվել։ Մարդիկ էլ իրենց հերթին այդ ցածր որակով կառուցված շենքերում փոփոխություններ էին իրականացրել։ Հետևաբար` այդ շենքերին ասել սեյսմակայուն՝ չի կարելի»,- նշեց «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետը։

Մոտակա 10 տարիների ընթացքում սպասել մեծ երկրաշարժի, մասնագետի կարծիքով, անհիմն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս