«Հայաստանում սարսափելի տեմպերով աճ է գրանցվում օնլայն խաղադրույքների ոլորտում». Սամվել Մարտիրոսյան
Այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հանդիպեց լրագրողների հետ՝ ամփոփելու անցնող տարում տեղեկատվության անվտանգության ոլորտում գրանցած հայաստանյան հաղթանակները, ձեռքբերումները, բացերը, վտանգներն ու սպասելիքները: Անցնող տարին լի էր ոլորտին նետված մարտահրավերներով, որոնք մեծ հավանականությամբ առավել ընդգրկուն դրսևորումներով կտեղափոխվեն նոր տարի:
2016 թվականը մտահոգիչ էր ոչ միայն այս տարվա ընթացքում ծնունդ առած երկու սպեցիֆիկ ուղղությունների ՝ Հայաստանի վրա կիբերկրիմինալի թիրախավորված հարձակումներով և հաքտիվիզմի ծնունդով, այլև այս տեսակետից Հայաստանը համով պատառ դարձրած տեղեկատվական անվտանգության այլ մարտահրավերներով:
Ինչո՞ւ և ինչպե՞ս են առաջանում այդ վտանգները: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերլուծում է դրանց առաջացման պատճառներն ու պատճառահետևանքային կապերը.
«Ինչո՞ւ է կիբերկրիմինալը հենց հիմա մուտք գործում Հայաստան՝ շատ պարզ պատճառով, որովհետև Հայաստանը վերջապես դառնում է համով պատառ: 2010 թվականից մենք համակարգված կերպով օգտվում ենք ինտերնետ ծառայությունից, բայց փաստացի աճ գրանցվեց միայն 2015-ից սկսած, երբ բնակչության կեսից ավելին սկսեց օգտվել համացանցի ծառայություններից: Հիմա արդեն այդ թիվը կազմում է բնակչության 70 %-ը, իսկ սա նշանակում է, որ կիբերկրիմինալը զարգանալու համար պարարտ հող ունի: Երբ համացանցից օգտվել են սկսում բոլորը՝ տատիկ-պապիկներից սկսած՝ մինչև «նորածինները», բնականաբար, կիբերհանցագործությունների համար պարարտ հող է ստեղծվում: Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ ինտերնետի ներթափանցման կտրուկ աճ, սոցիալական ցանցերի կտրուկ զարգացում, որովհետև այսօր միայն Ֆեյսբուքում 1 մլն հայաստանցի ակտիվ օգտատեր կա: Իրականում սա լուրջ թիվ է, որի վրա կարելի է գումարներ աշխատել:
Երրորդ կարևոր հանգամանքն էլեկտրոնային առևտրի կտրուկ աճն է: Փաստացի 2016 թվականը կարելի է համարել Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման տարի: Իհարկե, մինչև այդ էլ կային էլեկտրոնային խանութներ, և մարդիկ օգտվում էին օնլայն գնումներից, բայց հենց 2016 թվականից սկսած սա փաստացի դարձավ առօրեական և զանգվածային: Խոսքը ոչ միայն բուն՝ էլեկտրոնային առևտուրն է, այլ նաև սպասարկման ոլորտի մուտքն օնլայն տիրույթ, որն իր հերթին՝ հանգեցնում է որակական և քանակական փոփոխությունների: Արդյունքում, էլեկտրոնային առևտրի միջազգային հարթակները մտել են այցելություններ ապահովող թոփ կայքերի մեջ, հայերի մուտքն էլեկտրոնային առևտուր իրականացնող կայքեր ահռելի թիվ է կազմում:
Արդեն իրականություն է այն, որ առաջին անգամ փաստացի օնլայն առևտրի և սպասարկման ոլորտները սկսում են հարվածել օֆլայն ոլորտին: Սա, իհարկե, դեռևս շատ հատվածային դրսևորումներ է գրանցում, օրինակ, տաքսիների ոլորտում մենք փաստացի տեսնում ենք, որ էլեկտրոնային սպասարկման ոլորտը հարվածում է օֆլայն ոլորտի զարգացմանը: Կարող ենք ակնկալել, որ եկող տարում երևույթն ավելի ընդգրկուն բնույթ կկրի՝ ընդլայնելով ազդեցությունը նաև այլ ոլորտների վրա, իսկ դա նշանակում է, որ ցանցում ավելի շատ մեծ գումարներ են սկսելու պտտվել: Եթե մեծ գումարներ են պտտվում, նշանակում է՝ կիբերկրիմինալն ունի աղբյուր, որտեղից կարող է սնվել:
Երրորդ կարևոր երևույթը՝ բարգավաճող օնլայն բեթթինգի ՝ խաղադրույքների ոլորտն է, որը Հայաստանում սարսափելի տեմպերով աճ է գրանցում՝ կրկին հարթակ դառնալով գումարներ կորզելու և կողոպտելու համար: Համացանցային իրականության այս մի քանի կարևոր փոփոխությունների վերլուծությունից կարելի է ենթադրել, որ կիբերկրիմինալը 2017 թվականի համար ավելի լուրջ հարվածներ է պատրաստել, և մենք դրանց պետք է պատրաստ լինենք: Խնդիրը նրանում է, որ մենք իրականում պատրաստ չենք, որովհետև բնակչությունը իրազեկված և կրթված չէ: Այստեղից մենք բախվում ենք հաջորդ խնդրին, որի պարագայում, կարծես, սայլը տեղից սկսել է շարժվել: Խոսքս ազգային կիբերանվտանգության կենտրոն ունենալու գաղափարի մասին է»: