«Ընդունում եմ, որ կառավարությունը վերջապես անում է մի օրենք, որն ինչ-որ մի բանի սկիզբն է». Հրանտ Բագրատյան

«Սա վերջին կառավարության առաջին օրենքն է, որին ես կողմ եմ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագծի  քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նա նշեց, որ սա նաև եղել է իրենց՝ դեռևս 2009 թվականի փետրվարին գրած «100 քայլի» կետերից մեկը:

«Կրիմինալացումն այն գործիքն է, որը կիրառվել է Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում։ Ես սրան կողմ եմ, բայց ես ուզում եմ Ձեզ ասել, տիկին Հովհաննիսյան, որ սա դեռ հարցի լուծումը չէ։ Իմ խորին համոզմամբ՝ տնտեսական հարթության մեջ եթե ևս երկու քայլ չի արվում, այս օրենքն ընդունած կամ չընդունած՝ միևնույն է։ Առաջին  քայլն այն է, որ Արևելյան Եվրոպայի երկրների փորձը ցույց տվեց, հատկապես, երբ միլիարդատեր դարձավ Սլովակիայի վարչապետ, որ խնդիր է ծագում նրանց ընկերությունների հավատարմագրային կառավարման համար։  Այստեղ հարց է ծագում՝ արդյոք նա  կարո՞ղ է կառավարումը հանձնել որդուն, հարազատին, թե՞ պարտավոր է այն ունեցվածքը, որ ունեցել է, հանձնել չեզոք մարմնի կառավարմանը նրա պաշտոնավարման ընթացքում։ Սա գուցե շատ խիստ քայլ է թվում, բայց դրան են գնում բոլորը»,- դիմելով ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ ասաց Հրանտ Բագրատյանը։

Ըստ Հ. Բագրատյանի՝ նման օրենքն արդյունք չի ունենա, եթե չկա համատարած եկամուտների հայտարարագրում. «Պետք է լինի համատարած հայտարարագրում։ Ներկա կառավարության  հետ մենք այդ հարցերը քննարկել ենք, ես հրավիրվել եմ կառավարություն, ես ձեզ ասեմ, որ  սա այն հարցն է, որ, եթե այսօր դուք համաձայնեք, ուրեմն՝ պատրաստ կարող եք լինել լավագույն դեպքում 2 տարվա ընթացքում։ Այնպես չէ, որ վաղը կարելի է ներդնել։ Բայց սա մենք արդեն 15 տարի է՝ ասում ենք, ու եթե ժամանակին սկսեին, մենք արդեն կարող էինք սա ներդրած լինել»։

Պատգամավորն ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու այս նախագծին. «Ընդունում եմ, որ կառավարությունը վերջապես անում է մի օրենք, որն ինչ-որ մի բանի սկիզբն է, բայց դա  միայն սկիզբն է՝ այն լավ կարո՞ղ է ավարտվել, թե՞ ոչ»։

 

Տեսանյութեր

Լրահոս