Ռուսաստանը՝ ի դեմս ՀԱՊԿ-ի, զորք կմտցնի՞ Ղարաբաղ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի մեկնաբանությունը լարված աշխարհի հակամարտություններում ՀԱՊԿ հնարավոր խաղաղապահ առաքելության մասին հայկական մամուլում և փորձագիտական հանրության շրջանում քննարկումների և քննադատությունների առարկա է դարձել։

ՀԱՊԿ պաշտոնյան օրերս Մոսկվայում առաջին անգամ անցկացվող ՀԱՊԿ-ԿԽՄԿ Կոորդինացիոն խորհրդակցության ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը պատրաստ են խաղաղությանն ուղղված գործողություններ իրականացնել ոչ միայն` ՀԱՊԿ անդամ-երկրների, այլև` այլ երկրների տարածքում ՄԱԿ-ի համապատասխան որոշման դեպքում։ «Համապատասխան որոշման ընդունման դեպքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը պատրաստ են խնդիրների իրականացմանը ինչպես` ՀԱՊԿ-ի, այնպես էլ` ՄԱԿ-ի մանդատի համաձայն»,- ասել է Սեմերիկովը։

Կա տեսակետ, որ սա պատասխան է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարությանը, թե ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները չեն կարող խաղաղապահ առաքելություն ծավալել Լեռնային Ղարաբաղում։ Այս կարծիքի համաձայն` ՌԴ-ն` ի դեմս ՀԱՊԿ-ի, փորձում է շրջանցող սցենարներ գտնել, որոնցից մեկը կարող է լինել ՀԱՊԿ-ի հովանու ներքո ԼՂ զորքեր մտցնելը։ Այս սցենարն ավելի պարզ է ուրվագծվում վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնյաների այն հայտարարությունների ֆոնին, որ հնարավոր է` Ադրբեջանը միանա ԵՏՄ-ին։

Հոկտեմբերի 26-ին հերթական անգամ այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սևինջ Հասանովան։ «Մենք հնարավոր ենք համարում մասնակցությունն այն միություններին, որոնք շահավետ են Ադրբեջանի համար։ Դրա համար պետք է վերլուծել նման կազմակերպություններին անդամակցելու բոլոր առավելություններն ու թերությունները»,- ասել է նա։

Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ևս։ Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկն ամիսներ առաջ նույնիսկ բացահայտել էր Ադրբեջանի ԵՏՄ անդամակցության գինը` նշելով, որ Ադրբեջանը կմիանա ԵՏՄ-ին. Ղարաբաղի հետ միասին։ Հայաստանում բնականաբար, կա մտահոգություն, որ սա կարող է վտանգավոր սցենար դառնալ ԼՂ հակամարտության ոչ հայանպաստ կարգավորման համար։

Ռուս ռազմական փորձագետները չեն գտնում, որ Ռուսաստանը կգնա նման գործարքների։ Ըստ հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի` խաղաղապահների մասին խոսվել է 1994 թվականին, այդ ժամանակ Ռուսաստանն էր շահագրգռված խաղաղապահների տեղակայմամբ, սակայն հակամարտության կողմերն այս սցենարը մերժեցին։ Այսօր ևս, ռազմական փորձագետի համոզմամբ, Ադրբեջանը չի համաձայնի։ «Մոսկվան չի կանգնի ոչ մեկի կողմը։ Հայաստանը, իհարկե, Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանին երաշխիքներ չեն տրվել»,- ասաց նա` հավելելով, որ ՀԱՊԿ-ն այսօր շատ ավելի կարևոր գործառույթներ ունի իրականացնելու Միջին Ասիայում և այլ լարված գոտիներում։

Թեև ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ պատերազմի հավանականությունը և խաղաղապահ առաքելության անհրաժեշտությունը ԼՂ-ում մեծացել է, այդուհանդերձ, նա ՀԱՊԿ առաքելության հնարավորություն ԼՂ-ում չի տեսնում։ Եվսեևը մեզ հետ զրույցում նախ` նշեց, որ այս հարցում ՀԱՊԿ երկրները հակադրվող կարծիքներ ունեն, և բոլորը չէ, որ կողմ կլինեն նման գործողությանը, քանի որ ՀԱՊԿ յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի այս տարածաշրջանում և իր անհատական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։

«Բազմիցս նշել եմ, որ գուցե ՄԱԿ-ը ԼՂ-ում կարողանա խաղաղապահ առաքելություն իրականացնել։ Սա ընդունելի տարբերակ կլինի և՛ հակամարտող կողմերի, և՛ միջնորդների համար։ ՀԱՊԿ-ի առաքելության շուրջ տարաձայնությունները և առարկությունները չափազանց շատ կլինեն, հաշվի առնելով նաև այն ընկալումը, որ ՀԱՊԿ-ի կենտրոնում ՌԴ-ն է։ Սա վախեցնում է շատերին։ Սակայն ես կարծում եմ, որ սա առաջնային հարց չէ։

Պետք է ծանր սպառազինությունը հեռացնել շփման գծից ու սահմանից, քանի որ սա է ամենավտանգավորը։ Իսկ ոչ հայանպաստ գործարքների մասին չեմ ցանկանում խոսել, դրանք մեկնաբանություններ են, և ոչ ավելի»,- ասաց նա` հավելելով, որ ծանր սպառազինության հեռացումն ավելի կարևոր է, քան խաղաղապահների տեղակայման հարցի քննարկումը։ Վերջինիս համոզմամբ` մոտ ապագայում խաղաղապահ զորքերի տեղակայում պետք չէ սպասել։

Տեսանյութեր

Լրահոս