Դավիթ Շահնազարյան. «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց»

2014 թվականի դեկտմբերի 12-ին տարածաշրջանում առաջատար քաղաքական հանդես Turkish Policy Quarterly-ն հրապարակել է Դավիթ Շահնազարյանի` «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց» հոդվածը, որն ակտիվ քննարկման առարկա է դարձել Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական և փորձագիտական շրջանակներում։ Կրճատված տեսքով հոդվածը հրապարակել է նաև ամենաընթերցվող անգլալեզու թուրքական թերթերից մեկը՝ Hurriyet Daily News-ը։ Ներկայացնոում ենք հոդվածն ամբողջությամբ՝ անգլերենից թարգմանությամբ։

Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական հարաբերությունների զարգացումը անցել է տարբեր, հաճախ իրար հակասող փուլերով:

Թուրքիայի Հանրապետությունն առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991թ, այնուհետև պաշտոնական Երևանի և պաշտոնական Անկարայի միջև կապեր հաստատվեցին: Այդ կապերն ու շփումները նույնիսկ  ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլում զարգացել են թե՛ երկկողմանի հարաբերությունների մակարդակով, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի հինգ պետությունների «ստվերային» ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, ԱՄՆ, Թուրքիա, Ռուսաստան) շրջանակներում: Եվ հենց երկկողմանի ձևաչափով, առանց միջնորդների 1992թ․ նոյեմբերին Անկարայում համաձայնեցվեց Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության նախագիծը։

1993թ․ սկզբին Թուրքիան  Հայաստանին վաճառեց հացահատիկ, որը Հայաստան տեղափոխվեց Կարս-Գյումրի երկաթգծով: Հայաստանը աբխազական երկաթուղու փակման 1 պայմաններում 1992թ հայտնվել էր աննախադեպ ծանր իրավիճակում: Սակայն 1993թ․ մարտին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ծավալված ռազմական գործողությունների պատճառով Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը, այդ թվում փակելով նաև օդային տարածքը: Բայց դրանից հետո ևս պաշտոնական Անկարան և Երևանը շարունակում էին պահպանել երկկողմանի կապերն ու այցերը: Նորանկախ Հայաստանի առաջին իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում չկար Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց:

Չնայած Հայաստան-Թուրքիա պաշտոնական հարաբերությունների բացակայությանը, երկու երկրների միջև շարունակվում էին ինտենսիվ շփումները, որոնք անգամ որոշ դիվանագիտական արդյունքներ էին արձանագրում: Դրա ապացույցը 1995թ.  երկու երկրների կողմից օդային տարածքների փոխադարձ բացումն էր, ավելի ուշ դրան բիզնես բովանդակություն հաղորդելը՝ Երևանից Ստաբուլ և Անթալիա չարտերային թռիչքների իրականացումը:

Երբ 1998թ. պետական հեղաշրջման արդյունքում Հայաստանում իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը և փոխեց ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց թվում նաև արտաքին քաղաքականության առանցք հռչակեց Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մտան մի նոր փուլ:

2005թ․ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ գրեց Ռոբերտ Քոչարյանին՝ հարաբերություններ հաստատելու առնչությամբ: Թուրքիայի վարչապետը առաջարկեց ստեղծել պատմաբանների միջկառավարական համատեղ հանձնաժողով 1915 թ. իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով, ինչին ի պատասխան Ռ․ Քոչարյանը գրել էր, որ՝ «միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած և  բոլոր չլուծված խնդիրները երկու պետությունների միջև», այդ թվում նաև պատմական: Այս նամակներով, փաստացի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները շաղկապվեցին պատմության հետ: Այդ տարիներին իրականացվեցին բազմաթիվ նախաձեռնություններ հասարակական ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ, այդ թվում` Հայաստան-Թուրքիա հաշտեցման հանձնաժողովը: Ավելի ուշ՝ 2009թ. ստորագրված Հայաստան-Թուրքիա ցյուրիխյան արձանագրություններում ներառված պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման դրույթը մի կրկին անգամ  փաստում էր այն, որ այդ արձանագրությունները ուղղված չեն ապագային, այլ հետապնդում են Էրդողան-Քոչարյան նամակներով հիմնադրված «պատմականության» համատեքստը և հիմնվում են անցյալի վերաբերյալ ընդհանուր գնահատականի հասնելու վրա:

Վերջերս նոր զարգացումներ տեղի ունեցան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Առաջինը` Ահմետ Դավութօղլուի հոդվածի2 հրապարակումն էր, այնուհետև` Էդվարդ Նալբանդյանի հոդվածը3` Դավութօղլուի հոդվածին ի պատասխան: Ո՞րն է այսօր Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Թուրքիան փորձում է ընդհանուր հայտարարի գալ թե’ Հայաստանի, թե’ Սփյուռքի հետ պատմության հարցերում, փորձում է համաձայնության գալ անցյալի վերաբերյալ, դա էր Դավութօղլուի հոդվածի հիմնական ուղերձը: Ցավոք, Նալբանդյանի հոդվածը նույնպես այդ հարթության մեջ էր: Որպես  քաղաքականություն այս մոտեցումը անհեռանկարային է, որովհետև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկան և ապագան պատմության մեջ գտնելն անհնար է, չկա, սա է հենց ցյուրիխյան արձանագրությունների ամենաթույլ կետը: Սա ամենամեծ սխալն է, որ հիմա կատարվում է Թուրքիայի կողմից, և Հայաստանը չի կարող խաղալ այդ դաշտում, որովհետև դա ցույց կտա, որ պատմության վերաբերյալ մենք համաձայնության գալ չենք կարող, քանի որ դա Հայաստան պետության համար կարևոր չէ:

1998թ.-ից հետո հենց հիմք դրվեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ պատմական և քաղաքական բաղադրիչների  միջև նախապատվությունը «պատմականին» տալու օգտին, պատմական հարցերի լուծումը քաղաքական լուծման նախապայման դարձնելուն: Ռացիոնալ քաղաքականության տեսանկյունից սա էապես բարդացրեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք առանց այն էլ պարզ, երկկողմանի հարաբերություններ չէին, այլ Թուրքիայի կողմից պաշտոնապես պայմանավորված էին երրորդ, չորրորդ կողմերով՝ Ադրբեջանով, Ղարաբաղով, հայկական սփյուռքով, հիմա էլ այս ամենը պատմական բաղադրիչի մեջ ներփակելը խնդիրը հասցրեց իրական փակուղու:

Եթե Թուրքիայի իշխանությունները փորձում են պատմականության տեսանկյունից իրենց հարցերը լուծեն Սփյուռքի հետ, ապա դա իրենց խնդիրն է, բայց ՀՀ իշխանությունները հայտարարել են՝ առանց որևէ նախապայմանի երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորում և պետք է շարունակել դա իրականացնել: Մինչ այժմ Թուրքիայի կողմից չկա ընկալումը, որ Հայաստանի ազդեցությունը Սփյուռքի կազմակերպությունների գործունեության վրա նվազագույն է, այս կազմակերպություններն ունեն սեփական քաղաքական և բիզնես նպատակներ, ինչը իրենք վարում են Հայաստանի իշխանություններից անկախ: Հայաստանի կողմից այս գործընթացների վրա ազդեցության լծակների ավելացման բանալին միակն է. Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, որից հետո Հայաստանը իրավունք կունենա տարբեր երկրներին հայտարարելու, որ Սփյուռքի կազմակերպությունները չեն արտահայտում Հայաստանի տեսակետը, որ Սփյուռքի կազմակերպությունների գործունեությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից:

2008-ին սկիզբ առած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլն էր, որի արդյունքում 2009-ին Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Հայաստան-Թուրքիա արձանագրությունները:

Գործընթացը սկսվեց 2008 թ. օգոստոսին` Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժումից առաջ, Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արած  հայտարարությամբ: Ակնհայտորեն ռուս-վրացական պատերազմը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի նոր փուլը միմյանց կապված գործընթացներ էին: Մոսկվան փորձում է իր ձեռքում պահել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կառավարման գործընթացը, դրանով ավելի խորացնելով իր ազդեցությունը Հարավային Կովկասի ներքին և արտաքին քաղաքականության վրա:

Հայաստան-Թուրքիա արձանագրություններում երկու կարևոր հանգամանքներ հաշվի չէին առնվել: Մեկը՝ արձանագրություններում ներառված պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման դրույթն էր, որը, ըստ էության, փաստում էր այն, որ այդ արձանագրությունները ուղղված չեն ապագային, այլ շարունակում էին խնդրի «պատմականության» արահետը և հիմնվում են անցյալի վերաբերյալ ընդհանուր գնահատականի հասնելու վրա: Պետք է նշել, որ Էրդողանի և Քոչարյանի վերը նշված նամակները հիմք ստեղծեցին, որպեսզի պատմաբանների հանձնաժողովի հարցը տեղ գտնի ցյուրիխյան արձանագրություններում:

Երկրորդը` այս դեպքում ակնհայտորեն թերագնահատվեց power politics-ը, քաղաքական գործոնը,  որը քաղաքական գործընթացների դեպքում բնականաբար պետք է համարվի վճռորոշ: Թե՛ միջնորդների, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից փորձ էր արվում տարանջատել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գործընթացից, մինչդեռ պաշտոնական Անկարայի համար դրանք անբաժանելի հարցեր են եղել և շարունակում են այդպիսին մնալ: Թուրքիան ի սկզբանե մտադիր չէր կյանքի կոչել ցյուրիխյան արձանագրությունները` առանց ԼՂ կարգավորման գործընթացում էական և նշանակալի առաջընթացի: Թեև Հայաստան-Թուրքիա արձանագրություններում պաշտոնապես տեղ չէր գտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը (այլապես այս արձանագրությունները պարզապես չէին ծնվի), սակայն ակնհայտորեն այն մնում էր կարգավորման նախապայման: Հենց սա էր պատճառը, որ Թուրքիան բացահայտ հրաժարվում է վավերացնել արձանագրությունները՝ չնայած այն հանգամանքին, որ դրանցում որևէ հիշատակում չկա ԼՂ հակամարտության մասին, ի տարբերություն պաշտոնական Երևանի, որը պատրաստ է վավերացնել և սկսել իրականացնել ցյուրիխյան արձանագրությունները՝ առանց նախապայմանների:

Ի՞նչ ունենք այսօր՝ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից ավելի քան 5 տարի անց: Առաջին՝ Ցյուրիխյան արձանագրությունները բացասական ազդեցություն ունեցան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի վրա։ Երկրորդ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցը էապես և խորապես կապվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի հետ: Այս խնդիրները միմյանց փոխկապակցված են, ավելին՝ Թուրքիայի համար սա փաթեթ է: Երրորդ՝ արձանագրությունների ստորագրումից հետո պաշտոնական Երևանի և Անկարայի միջև սկսեց աճել լարվածությանը և մինչև ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը լարվածության այսպիսի բարձր աստիճան երբևէ չի եղել: Չորորդը` Երևանի և Անկարայի միջև լարվածության աճը օգտագործեց Ռուսաստանը՝ էապես հզորացնելով  իր ռազմական ներկայությունը Հայաստանում (2010թ․ օգոստոսին Ռուսաստանն ու Հայաստանը երկարաձգեցին ռուսական բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը և ընդլայնվեցին ռուսական բազայի լիազորությունները, նրա առջև դրվեցին տարածաշրջանային խնդիրներ), ինչի արդյունքում իր նա կտրուկ մեծացրեց իր քաղաքական ազդեցության լծակները տարածաշրջանում:

Ընդհանրապես, վերջին ավելի քան մեկուկես հարյուրամյակում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ հիմնված է եղել հետևյալ թեզի վրա՝ «թուրքերը ձեր (հայերի) հավերժ թշնամիներն են, իսկ մենք (ռուսներս) ձեր հավերժ եղբայրները»: Աշխարհաքաղաքական շահերից ելնելով Ռուսաստանին ձեռնտու չի եղել և հիմա էլ ձեռնտու չի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորվումը և Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը: Կասկած չկա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում Ռուսաստանը Հարավային Կովկասի երկրների համար դառնում է ավելորդ գործոն, այս դեպքում ակնհայտ է դառնում, որ Կովկասյան լեռները ոչ թե կապում են այս տարածաշրջանը Ռուսաստանին, այլ բաժանում են նրանից: Այս խնդիրների կարգավորումը Ռուսաստանի համար իրական վտանգ են ստեղծում, որ տարածաշրջանը անշրջելիորեն դուրս կսպրդի իր նեոկայսերատիրական ազդեցության գոտու շրջանակից:

Թերևս սին մտայնություն է, թե Թուրքիայի ազգային շահերից է բխում ռուսական գործոնի այս աստիճան ամրապնդումը Հայաստանում: Նաև, որևէ մեկը չունի այն մտայնությունը, որ եթե ԼՂ-ի և Հայաստանի դեմ Ադրբեջանը նոր պատերազմ սկսի՝ Գյումրիի ռուսական ռազմակայանը կգործի ի նպաստ Հայաստանի: Այն կօգտագործվի բացառապես ի նպաստ Մոսկվայի շահերի, այն է` ընդլայնել ՌԴ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Թերևս սա է Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ամենալուրջ հետևանքը՝ ռուսական ռազմական  ներկայության կտրուկ աճը Հայաստանում, ողջ տարածաշրջանի ինտենսիվ միլիտարիզացիան և Ռուսաստանի քաղաքական ազդեցության տարածաշրջանային ընդարձակումը: Անկարան անգամ հայտարարել է, որ դեմ չէ որ Ադրբեջանն անդամակցի Եվրասիական միությանը:

Մոսկվայի հանդեպ կիրառվող պատժամիջոցներից հետո Թուրքիան հասկանում է իր կարևորությունը Ռուսաստանի համար և խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, փորձ է անում այդ համագործակցության արդյունքները տարածել Հարավային Կովկասի վրա: Հարավային Կովկասում, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանն այս պահին ունեն ընդհանուր շահեր և առաջինը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության նվազեցումն է: Թուրքիա-Արևմուտք ներկա լարվածության պայմաններում քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժվող Ռուսաստանի համար Անկարայի օժանդակությունը նոր հնարավորությունների դաշտ է, և նա օգտագործում է այն Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը չեզոքացնելու և կարգավորման ռուսական նախաձեռնություններն առաջ տանելու համար: Իսկ ռուսական առաջարկը արդեն տարիներ ի վեր միակն է. հակամարտության գոտում ռուսական «խաղաղապահների» տեղադրում: Այլ հարց է, որ հաջորդ փուլում է Անկարան իրեն հարց տալու. իսկ իրեն պե՞տք են նոր ռուսական զորքեր Հարավային Կովկասում:

Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա Հայաստանի հետ հարաբերություններում չափազանց մեծ է, եթե ոչ վճռորոշ: և այդ ազդեցությունը չի սահմանափակվում միայն ցյուրիխյան արձանագրությունները վիժեցնելով: Ադրբեջանը կասեցնում է Հայաստանի և Թուրքիայի միջև լարվածության թուլացմանն ուղղված ամեն մի քայլ: Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդմնակալությունից հետո թե Էրդողանը, թե այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը բացառապես տեսնում են «օկուպացված տարածքների վերադարձի» դեպքում: Թուրքիան արդեն տևական ժամանակ պաշտոնապես պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը: ԼՂ հակամարտության հարցում պաշտոնական Անկարայի և Բաքվի դիրքորոշումների միջև որևէ տարբերություն չկա:

Մինչդեռ կարելի է մի շարք քայլեր իրականացնել՝ հարաբերություններում առկա լարվածությունը մեղմելու ուղղությամբ` հումանիտար, բնապահպանական, մշակույթային, լրատվության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Սակայն, այսօր Թուրքիայի իշխանությունները ի վիճակի չեն որոշակի անկախություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորման հարցում՝ թեկուզ փոքր երկկողմանի շահավետ քայլերով Հայաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը փոքր-ինչ մեղմել: Այս դեպքում գործ ունենք քաղաքական ռեալիզմի կողմից մերժված դասական դեպքի հետ, երբ գործընկերային հարաբերություններում կրտսեր գործընկերը՝ Ադրբեջանը, իր կամքն է թելադրում ավագ գործընկերոջը՝ Թուրքիային:

Ի դեպ, անհրաժեշտություն կա անդրադառնալու դիվանագիտական զինանոցի մի կարևոր գործոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին Ադրբեջանի սեփական խեղաթյուրված մեկնաբանությանը:  ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերի պահանջները հետևյալն են. տարածքների վերադարձ,  կրակի դադարեցում, զինվորական և ռազմական գործողությունների դադարեցում, թշնամական գործողությունների դադարեցում: Մինչդեռ թշնամական գործողությունը շրջափակումն է, որը վերաբերում է նախևառաջ Թուրքիային: Տարբերությունը` ադրբեջանա-թուրքական դիրքորոշումներում այն է, որ Թուրքիան երբեք չի խոսում ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձևերի մասին, քանի որ Հայաստանին շրջափակման մեջ պահելով, այսինքն` Հայաստանի հանդեպ թշնամական գործողություն իրականացնելով, Թուրքիան խախտում է ՄԱԿ ԱԽ բանաձևերը և հանդիսանում է հակամարտության կողմ:

Այս դիրքորոշման մեջ Թուրքիան դժվար թե երբևէ կարողանա միջնորդական դեր ստանձնել` դեմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և լինելով հակամարտության կողմ: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան լինելով Մինսկի խմբի անդամ, դեմ է արտահայտվում Միսնկի խմբի համանախագահների կողմից բանակցային սեղանին եղած ԼՂ կարգավորման սկզբունքներին (4):

Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններում, ինչպես նաև շփումներում, իրականում Հայաստանն ու Թուրքիան միջնորդների կարիք չունենք: Հիշատակված լուրջ քայլերը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, ինչպես՝ ցորենի վաճառքը շրջափակման մեջ հայտնված Հայաստանին, օդային տարածքի փոխադարձ բացումը 1993թ.-ին, տեղի ունեցան առանց միջնորդների ներգրավման: 2008թ. հունիսին Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունից հետո, երբ սկսվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, միանգամից հայտնվեցին միջնորդներ՝ «պատահաբար» ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն էին` գումարած Շվեյցարիան:

Այդ փորձն արդեն ցույց տվեց, որ միջնորդները որևէ դեր չկարողացան խաղալ: Թուրքիան` ի դեմս Դավութօղլուի, պատրաստվում էր հայտարարել Ցյուրիխում, որ այդ արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ «ադրբեջանական տարածքները չեն վերադարձվել», իսկ միջնորդները դրան որևէ գնահատական չտվեցին: Այս իմաստով, թերևս պետք է կարևորել Էդվարդ Նալբանդյանի այցը Անկարա` Էրդողանի երդմնակալության արարողությանը, որը ինչ-որ շփում էր առանց միջնորդների: Առանց միջնորդների միջպետական շփումները պետք է շարունակել, ինչը թերևս կիրականանա Ցեղասպանության 100-ամյակից հետո, չի բացառվում, որ այդ օրվա հետ կապված որոշակի, նույնիսկ անսպասելի զարգացումներ տեղի ունենան, բայց ոչ միջպետական հարաբերություններում առաջընթացի ապահովումը:

Իհարկե, որևէ լուրջ քայլ չի իրականցվի` Հայաստան-Թուրքիա սահմանի բացում կամ Ցյուրիխյան արձանագրությունների հաստատում Անկարայի կողմից: Ցյուրիխյան արձանագրությունները ի սկզբանե ուղղված լինելով անցյալին չէին կարող հիմք հանդիսանալ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների համար, ինչի մասին զգուշացրել էին բազմաթիվ քաղաքական գործիչներ և փորձագետներ, այդ թվում նաև տողերիս հեղինակը: Ամենայն հավանականությամբ որոշակի գործընթացներ 2015թ. ապրիլի 25-ից ի հայտ կգան ու կզարգանան, կսկսվի Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հետցյուրիխյան փուլը, որը կարող է արդյունավետ լինել միայն ուղղակի երկկողմանի, առանց միջնորդների ձևաչափում:

Պետք է հստակ տարանջատել հայ-թուրքական հարաբերություններն ու հաշտեցումը՝ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններից: և հայ-թուրքական հաշտեցման իրական գործընթաց կարող է սկսվել միայն Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների առկայության պայմաններում:

  • Դոկտոր Դավիթ Շահնազարյանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետն է (Երևան, Հայաստան): Նա աշխատել է որպես ՀՀ Նախագահի Հատուկ Հանձնարարություններով Դեսպան և Հատուկ Ներկայացուցիչ 1992-95թթ և ՀՀ Ազգային Անվտանգության Նախարար 1994-95թթ:

1. 1992-ի փետրվարին աբխազական երկաթուղին Հայաստանի համար միակ գործողն էր, անկանոնն եւ ոչ հուսալի ժամանակացույցով, սակայն 1992-ի օգոստոսին Ինգուրիի հատվածը երկաթգծի ավերվել էր, դարձնալով չգործող:

2. Թուրքիայի Արտաքին Գործոց Նախարարի հոդվածը, տե՛ս. Ahmet Davutoğlu, «Turkish–Armenian Relations: Is a «Just Memory» Possible?, «Turkish Policy Quarterly», Vol. 13 No. 1 (Spring 2014),

3. ՀՀ Արտաքին Գործոց Նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, տե՛ս. Edward Nalbandian, «Génocide des Arméniens: Erdogan doit dire la vérité» [Armenian Genocide: Erdoğan must tell the truth], Le Figaro, 6 September 2014,; for the full version of the article, see: Edward Nalbandian, «Turkey should reconcile with its own past,» Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia, 6 September 2014, http://mfa.am/en/interviews/item/2014/09/06/figaro_nalbandian/

4. Տե՛ս. «UN Security Council Resolutions 822, 853, 874, and 884,» United Nations (1993),

Տեսանյութեր

Լրահոս