Ստեփան Սաֆարյան. Տարիներ հետո Կրեմլում ընդամենը ընտրելու են, թե ով կլինի Հայաստանի գուբերնատորը
Հոկտեմբերի 10-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ողբերգությունը շարունակում է մնալ իր քաղաքական էլիտան: Այսպիսի եզրակացության է եկել քաղաքական վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստեփան Սաֆարյանը` վերլուծելով երեկվա երկու կարևոր իրադարձությունները` Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը Մինսկում և ոչ իշխանական ուժերի հանրահավաքը:
«Հոկտեմբերի 10-ը, իր ողբերգական բնույթով հանդերձ, մնալու է որպես մի խայտառակ էջ մեր պետականության մեջ, երբ Հայաստանում բոլորը` սկսած նախկին նախագահներից` մինչև գործող նախագահը, կարող են շատ հանգիստ հանձնել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Նրանք կարող են աչք անգամ չթարթել տեղի ունեցողի կապակցությամբ. գործող իշխանությունը և գործող նախագահը կարող են ժպիտով ստորագրել պայմանագիրը, իսկ նախկին նախագահները` լռության մատնեն, ավելին` նույն օրը Երևանում հրավիրեն հանրահավաք, որն ամենաակնհայտ ձևով անտեսեց այդ խնդիրը: Սա ուղղակի նշանակում է, որ Հայաստանում քաղաքական դաս գոյություն չունի, և Հայաստանի ողբերգությունը շարունակում է մնալ իր էլիտան, որը ոչ միայն անադեկվատ է ժամանակի զարգացումներին, այլև պարզապես կարող է օգնել այդ զարգացումներին իր անգործությամբ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Սաֆարյանը:
Վերլուծաբանն այս իմաստով հատկապես քննադատեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որում ՀՀ առաջին նախագահը կարծիք էր հայտնել, թե Հայաստանում ընդամենը 20-30 հոգի են դեմ Եվրասիական միությանը, և նրանց «ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի»:
«Ինձ չափազանց մտահոգում է այն, որ այդ կարևորագույն իրադարձության` ԵՏՄ-ին Հայաստանի ստրկացնելու օրն անգամ հարթակից հայտարարվում է` մենք առաջիկա ամիսներին էլ չենք խոսելու արտաքին քաղաքական խնդիրներից: Իմ կարծիքով` այսօր Հայաստանի ոչ միայն ներքին մարտահրավերներն են շատ` իշխանության անգործության, շարունակվող սանձարձակության և այլնի պատճառով, այլև չափազանց սրվել են արտաքին մարտահրավերները»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
Վերջինիս մոտ անգամ տպավորություն է ստեղծվել, որ եթե իշխանություններն ինչ-որ առումով ստիպված են համաձայնել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա ոչ իշխանական ուժերն իրենք են հոժարակամ կողմ արտահայտվում դրան. «Երբ ևս մեկ անգամ ընթերցում ենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ընդդիմադիր մյուս գործիչների` նախկինում ունեցած ելույթները, ապա ակնհայտ է մի հետաքրքիր բան` իշխանությունը, ձև է անում, թե այդպես է ուզում ներկայացնել, ցույց է տալիս, որ ստիպված է այս քայլերին գնում, այսինքն` այլ տարբերակ չունի, բայց հակառակ սրան, երբ նայում ես ընդդիմության առաջնորդների ելույթները, այն տպավորությունն է, որ իրենք ընդհանրապես սա չեն համարում ստիպողական որոշում, ընդհառակը` արդարացնում են այս որոշումը, դրանում տեսնում են օգուտներ: Ստացվում է, որ ընդդիմությունը շատ ավելի կողմնորոշված է դեպի ռուսական քաղաքականությունը, քան իշխանությունը»:
Ինչ վերաբերում է երեկվա հանրահավաքին, ապա հնչած բոլոր ելույթներում, ըստ Սաֆարյանի, ակնհայտ էր, որ նշված քաղաքական ուժերից որևէ մեկը ժամանակի առումով չի շտապում, և նաև երևաց այն, որ առայժմ չկա ամբողջական, միասնական օրակարգ.
«Երեկվա հանրահավաքի միակ ուղերձը հետևյալն էր` եկել ենք ասենք, որ շարժումը սկսվում է, և ձեզ էլի բան կասենք հաջորդ հանրահավաքին»:
Վերլուծաբանը սա բացատրում է օբյեկտիվ մի պատճառով, որ իշխանափոխության խնդրով դժվար է ընդհանուր օրակարգ ձևավորել, որովհետև քաղաքական ուժերի պատկերացումներն այդ հարցի վերաբերյալ շատ տարբեր են, և որքան էլ Տեր-Պետրոսյանը երեկ խոսեց արտահերթ նախագահական և ԱԺ ընտրությունների միջոցով ամբողջական իշխանափոխության հասնելու մասին, այդուհանդերձ, այս գործընթացներն իրականում ուղղված են 2017-18 թթ. ընտրություններին:
Այս առումով` Տեր-Պետրոսյանը և արտահերթ իշխանափոխության մյուս կողմնակիցները պետք է փորձեն համոզել Քառյակի ( Հայաստանի ժողովրդական կուսակցություն, Ժառանգություն, Բարգավաճ Հայաստան և Հայ ազգային կոնգրես) ամենաազդեցիկ ուժի` «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին: Ստեփան Սաֆարյանը լիովին չի բացառում, որ ԲՀԿ-ն կարող է միանալ արտահերթ իշխանափոխության գործընթացին, սակայն դա կարող է լինել կոնկրետ պայմաններում և այն դեպքում, երբ ռիսկերը ԲՀԿ-ի համար հասցված կլինեն նվազագույնի:
Ամեն դեպքում, եթե քաղաքական ուժերի օրակարգում շատ սուր ձևով դրված է իշխանափոխության խնդիրը, լինի դա հերթական, թե արտահերթ իշխանափոխություն, բոլորը հրաշալի հասկանում են, որ Մոսկվայի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ամենաէականն է: Սա Ստեփան Սաֆարյանի ավելի իրատեսական գնահատականն է. « Այս առումով ընդդիմության վարքագծում նկատելի է Ռուսաստանին չզայրացնելու և Ռուսաստանի դեմ որևէ խոսք չասելու ռազմավարությունը: Ես կասեի` ընդդիմադիր քաղաքական ուժերը, ցավոք սրտի, ավելի անազատ են, քան երբևէ եղել է Հայաստանում:
Թերևս սա ևս մեկ անգամ ապացուցում է ստրկացող Հայաստանի հեռանկարը ԵՏՄ-ում: Եթե այսօր` անդամակցելու նախաշեմին, ունենք այսքան անազատ վիճակ քաղաքական կյանքում, ապա պատկերացրեք, թե ինչ ենք ունենալու տարիներ հետո, երբ այս պրոցեսները խորանան. ունենալու ենք բացարձակապես գուբերնատորների նշանակման պրոցես, որտեղ լինելու է թեկնածուների «քասթինգ», և Կրեմլում ընդամենը ընտրելու են, թե ով կլինի Հայաստանի գուբերնատորը»: