Բաժիններ՝

Եթե կա այնքան բեզոարյան այծ, որ կարելի է ապօրինի ճանապարհով որսալ, եկեք դրա գոնե մի փոքր մասն օրինականացնենք. Էդուարդ Սարիբեկյան

«Այս տարի որսասեզոնը կբացվի ենթադրաբար օգոստոսի 23-ին, երբ Բնապահպանության նախարարի հրամանով կսահմանվի թույլատրված որսատեսակների և դրանց որսի քվոտաները: Սովորաբար որսաշրջանը բացվում է օգոստոսի վերջին՝ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող շաբաթ-կիրակի օրերին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը:

Խոսելով արգելված որսատեսակների մասին՝ Է. Սարիբեկյանն ասաց, որ նախ՝ Հայաստանը որսատեսակներով այդքան էլ հարուստ չէ, բայց հիմնականում արգելվում է վայրի խոզի, արջի, կատվազգիների որսը. «Մի մասի որսի արգելքը խիստ պատճառաբանված է. օրինակ՝ բեզոարյան այծը, կովկասյան գորշ արջը, հայկական մուֆլոնը, կատվազգի մի շարք կենդանիներ անհետացման եզրին են, բայց կան կենդանատեսակներ, որոնց որսը, իմ կարծիքով, հանիրավի է արգելված, օրինակ՝ վայրի խոզը: Վերջերս լսեցի, որ վայրի խոզերը ոչնչացնում են գյուղատնտեսական հանդակները, այսինքն՝ վայրի խոզի որոշակի գլխաքանակ կա, և դրա որս կարելի է կազմակերպել՝ մեծացնելով եղած քվոտաները: Դա ոչ միայն որսորդին է ձեռնտու, այլև տնտեսությանը, քանի որ այդ որսն անելու համար մարդիկ արտոնագրեր են ձեռք բերում, որոշակի ծախսեր են կատարում՝ սկսած վառելիքից, մինչև փամփուշտ, զենք, հանդերձանք և այլն: Դրանք որոշակի տոկոս են ապահովում ապրանքաշրջանառության և դրամաշրջանառության համար, որը բերում է նաև տնտեսության զարգացմանը: Այս առումով, կարծում եմ, հարկ կա որոշակի վերանայումների»:

Է. Սարիբեկյանի խոսքով՝ որսի համար արգելված տարածքների հսկողության հետ կապված լուրջ խնդիրներ կան Հայաստանում: Ըստ նրա՝ եղած հնարավորությունների սահմաններում կարելի է ավելի ուժեղացնել հսկողությունը. «Օրինակ՝ այսօր առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին Երևանյան լճում ձկնորսական ցանցեր եմ տեսել: Որքանով ինձ հայտնի է, Երևանյան լճում արդյունագործական ձկնորսություն չի թույլատրվում, իսկ ցանցով որսն արդյունագործական ձկնորսություն է: Ես դեռ չեմ հասցրել Բնապահպանության նախարարությանն ահազանգել, բայց եթե գնաք Երևանյան լիճ, մի քանի մետր երկարությամբ փռված ցանցերը կտեսնեք: Կարծում եմ՝ նման երևույթները գտնելն ու կանխելը մեծ ջանքեր չի պահանջում»:

Վերջին տարիներին հաճախակի է դարձել գայլերի հարձակումը տնային կենդանիների վրա և 168.am-ի հարցին, թե դա ինչի՞ արդյունք է, ինչպե՞ս պետք կանխել այդ երևույթը, արդյո՞ք գայլերի որսի ծավալները մեծացնելով, ինչպես որ այժմ խրախուսվում է պետական մակարդակով: Է. Սարիբեկյանը պատասխանեց, որ գայլերի հարցը երկսայրի սուր է, այսինքն՝ որ կողմից էլ մոտենաս, ցավոտ է լինելու. «Նախ՝ գայլը մտել է մարդու տարածք, քանի որ մարդն է մտել գայլի տարածք, մարդը ոչնչացրել է գայլի տարածքները: Մենք տարիներ շարունակ կոտորեցինք անտառները, մենք ապօրինի սպանեցինք այդ անտառներում գայլի ավանդական կերը հանսիսացող կենդանիներին: Այսքանից հետո գայլն էլ ի՞նչ պիտի անի: Գայլն էլ է սերունդ տալիս և այդ սերունդը պահելու, ապրելու խնդիր ունի. բնականաբար նա կմտնի մարդու տարածք: Բայց եթե մենք արդեն իսկ ունենք այդ իրավիճակը, ապա ես ինքս կողմ եմ գայլերի գլխաքանակի կարգավորմանը: Ի դեպ՝ գայլերի գլխաքանակի կարգավորումը պարտադիր չէ, որ արվի միայն որսի միջոցով. շատ երկրներում ընդունված է նրանց ուղղակի բռնելու և տեղափոխելու պրակտիկան: Կարելի է գայլի ձագերին վերցնել և դրանց տալ կա՛մ կենդանաբանական այգիներին, կա՛մ դրանց տեղափոխել այն տարածքները, որտեղ գայլի ընտանիքի կարիք կա. բոլորս էլ գիտենք, որ գայլերը համարվում են բնության սանիտարներ: Բայց եթե այդ միջոցներն էլ չեն բավականացնում, և գայլի գլխաքանակն այնուամենայնիվ շատանում է, պետք է նաև որսի միջոցով կարգավորել այդ հարցը: Ես ուրախ եմ, որ արդեն մի քանի տարի շարունակ Կառավարության թույլտվությամբ նաև խրախուսվում է տարվա որոշակի ամիսներին գայլերի ու շնագայլերի որսը»:

Գաղտնիք չէ, որ այսօր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ որսի համար արգելված տարածքներում զբաղվում են ապօրինի որսով, և 168.am-ի հարցին, թե ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը, Է. Սարիբեկյանն ասաց, որ այդ երևույթի դեմն առնելու համար մի պարզ ճշմարտություն կա. ուղղակի պետք է այդ կենդանիների գլխաքանակը պահպանել և օրինականացնել որոշակի քանակությամբ որսը. «Աշխարհի զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում շատ կենդանատեսակներ երբ ուղղակի ոչնչացման եզրին են եղել, կազմակերպվել է որսորդական տնտեսություն, կազմակերպվել է օրինական որս, և՛ այդ կենդանիների քանակն է շատացել, և՛ պետությանը դրանից հասնող օգուտն է շատացել: Ուղղակի պետք չէ արգելել. եթե կա այնքան բեզոարյան այծ, որ կարելի է ապօրինի ճանապարհով որսալ, եկեք դրա գոնե մի փոքր մասն օրինականացնենք: Թող տվյալ կենդանու որսը կատարելու համար վճարեն որոշակի գումար, և այդ գումարը տրամադրվի հենց այդ կենդանու պահպանման ծախսերին, հսկողության ուժեղացման ծախսերին, այսինքն՝ օրինավոր որսը կշատանա, օապօրինի որսը կպակասի: Բայց խնդիրը միայն պաշտոնյաները չեն, հասարակ գյուղացիներն էլ ամեն օր մտնում են անտառ, որսում ցանկացած կենդանի և ուտում: Պետք է պարզապես հսկողությունը մեծացվի և եթե կա որս, ուրեմն օրինականացվի»:

Անդրադառնալով նաև Սևանա լճում կատարվող որսագողության դեպքերին՝ Էդուարդ Սարիբեկյանն ասաց, որ գնալով վիճակը վատանում է.«Նախ՝ շատ խանգարեց Սևանի մակարդակի իջեցումը, քանի որ առափնյա տարածքները, որոնք ձվադրման համար ամենալավ տարածքներն էին, հիմա նորից ցամաքեցին , և դա անպայման իր բացասական հետևանքները կթողնի: Շատ ցավալի է հատկապես սիգի հարցը. սեզոնին անընդհատ ու ամենուրեք կարելի է տեսնել սիգի վաճառք: Կարելի է չէ՞ մեկ-երկու տարի սեփական ստամոքսին տիրություն անել, չառնել այդ սիգը, քանի որ դա նշանակում է՝ ես կերակրում եմ այդ որսագողին: Եթե մենք առաջարկ չձևավորենք, պահանջարկը կմեռնի: Պարզապես կոչ եմ անում բոլորին չառնել այդ սիգը, եթե անգամ շատ էժան վաճառվի: Գոնե մի քանի տարի պետք է թույլ տալ, որ Սևանը շնչի, և մենք նորից կունենանք նախկին պատկերը.Սևանը տալիս է այդ հնարավորությունը»:

  Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս