Մենք պահանջում ենք, խնդրելու խնդիր չունենք. Արմեն Ռուստամյան
«Մենք պահանջում ենք, խնդրելու խնդիր չունենք: Մենք համագործակցության ուղղությամբ բոլոր հնարավոր քայլերը կատարել էինք: Եվ մինչև հիմա քննարկումների ամբողջ բնույթն այն էր, որ կառավարությանը մղեինք մի դաշտ, որտեղ հատման եզրեր կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով երեկ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «փաստաթուղթը կազմողները շտապողականություն են ցուցաբերել և լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև եթե նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» և նման բառերը»:
Ըստ նրա՝ բառերի հետևից ընկնել պետք չէ, և իրենք ավելի լուրջ պատասխան էին սպասում: Ռուստամյանը նշեց, որ ադեկվատ չէ պատասխանն այն լրջությանը, որով քառյակը մշակել էր փաստաթուղթը: Նրա խոսքով՝ հապճեպ արված բան չկա, հայտնի է, թե քառյակն ինչքան ժամանակ է նվիրել դրան. «Լուրջ չեն վերաբերվում, դրա համար վիճակն այս է»:
Ռուստամյանը նշեց, որ հանրահավաքների ժամկետները որոշված է, հաստատումներից դուրս չեն գալու, հանրահավաքների ժամկետները փոփոխելու քննարկում չի լինելու, և իրենք ժամանակ կտան հասարակությանը՝ հասկանալու, թե ով ինչ է ասում:
«Պահանջում ենք, որովհետև բանը բանից անցել է, ժամկետները բոլորը սպառված են: Այնտեղ չկա այնպիսի պահանջ, որն անիրական է, այդ քննարկումները իրականացվել են ԱԺ-ում և օդից չեն եկել: Դրանք պահանջներ են, որ հասարակությունն է ներկայացնում: Եվ եթե չիրականացնեն, կլինի իրավիճակ, որ բացարձակապես կանտեսվիեն հասարակության պահանջները»,- ասաց Ռուստամյանը:
Թե ինչո՞ւ սկզբում ՀՀԿ-ականները գովեցին քառյակի առաջարկները, հետո վերաբերմունքը փոխեցին, Ռուստամյանի կարծիքով, իրենց մեջ պետք է խնդիրը փնտրել. «Առաջին դեպքը չի, երբ նույն մեծամասնությունը տարբեր մոտեցումներ է արտահայտում, նշանակում է, որոշումները կոլեգիալ չեն կայացվում, նաև արատքին քաղաքականության հետ կապված: Դա երկրի համար լուրջ խնդիր է, երբ մեծամասնությունն ինքն իր մեջ միատեսակ դիրքորոշում չի կարողանում արտահայտի: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են որոշումներ ընդունում մեր ապագայի վերաբերյալ: Դրա համար ասում ենք՝ եկեք հաժարվենք մենիշխանական համակարգից, երբ նախագահը որոշում է, մյուսները՝ համաձայնում»:
Պատգամավորը նշեց, որ կառավարությունը մերժել է կուտակայինի վերաբերյալ իրենց առաջարկները: Ըստ նրա՝ եթե պետք է «ձև տրվի», թե քննարկում է լինում, ու հաշվի չառնեն մյուս կողմի առաջարկները, դա «պատրանք» է ստեղծում քննարկման. «Աժ-ում օրինագծի քննակմանը կմասնակցենք, բայց դեմ ենք օրինագծին: Հասարակությանը պետք է ներկայացնենք իրենց տեսակետները, հասարակությունը պետք է տեսնի, որ չեն վերացրել պարտադիրը, հակառակը՝ հարցի խնդրահարույց մասը խորացվել է: Անունը փոխելով՝ բան չի փոխվում: Բովանդակային մասով պարտադիր բաղադրիչը պահպանված է»: Հարցին, թե ինչո՞ւ չեն հրաժարվում պարտադիրից, Ռուստամյանը նշեց, որ երևի ակնկալիքներ ունեն հերթական վարկերը ստանալու: